Լրահոս
Օրվա լրահոսը

Անսպասելի հանդիպում չարիքի հետ (պատմվածք)

Մարտ 29,2020 20:40

Փայլակը սովորականի պես, առավոտյան նախաճաշելուց հետո, տանից դուրս եկավ և քայլերն ուղղեց դեպի մոտակա այգին, որտեղ օրը երկու անգամ գնում էր քայլելու և մարզվելու նպատակով:

Դեռ նոր էր այգի մտել, երբ քթի ներսում ինչ-որ բան շարժվեց:

-Այս ի՞նչ է պատահել,-ինքն իրեն խոսեց նա,-երևի գիշերվա անքնությունից է, որ վալերիանկայի կաթիլներ խմեցի:

-Ոչ մի կաթիլից էլ չէ, ես նոր կորոնավիրուսն եմ,-արձագանքեց ինչ-որ օտարոտի ձայն:

-Ինչպե՞ս թե նոր կորոնավիրուսն ես, դու որտեղի՞ց հայտնվեցիր, ես ամեն օր դրսից ներս մտնելուց հետո ձեռքերս տաք ջրով և օճառով լվանում եմ 20 վայրկյան տևողությամբ,  նույնը կատարում եմ զուգարան գնալուց հետո, սնունդ ընդունելուց առաջ և հետո, քնելուց առաջ, իսկ դու որտե՞ղ էիր թաքնվել, որ չեմ կարողացել քեզ հեռացնել ինձանից:

-Դե, ես այնքան փոքր եմ ու ճարպիկ, որ մանրադիտակի տակ հազիվ եմ երևում, ինձնից դժվար է խույս տալը:

-Բայց դու ճիշտն ասա, որ՞տեղից հայտնվեցիր:

-Իտալիայից եմ եկել, ինքնաթիռով, այդ չինացիները շատ անհյուրընկալ գտնվեցին, մեզ ամենուրեք հետևում էին և ոչնչացնում, մենք էլ փախանք Պարսկաստան ու Իտալիա:

-Բայց ինչպե՞ս հայտնվեցիր ինձ մոտ, ես օդանավակայան չեմ գնացել, քաղաքում չեմ զբոսնել:

-Դա էլ իմ գաղտնիքն է, մենք արդեն ամբողջ Եվրոպայով մեկ ենք տարածվել, հասել ենք նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

-Իսկ հիմա ի՞նչ ենք անելու:

-Դե՛, ես առայժմ շարժվում եմ քո շնչառական ուղիներով, եթե դժվարությունների չհանդիպեմ, գնալու եմ թոքերդ ուսումնասիրելու, որը ամենասիրածս տեղն է:

-Հետո՞,-վախվորած արձագանքեց Փայլակը:

-Ա՛յ, մարդ, դու հեռուստացույց չե՞ս նայում, ռադիո չե՞ս լսում, գնում եմ այնտեղ ուսումնասիրելու, եթե թույլ թոքեր ունես թոքաբորբ կառաջացնեմ, եթե շուտ չհաղորդես այդ մասի բժիշկներին և չբուժվես,  չես դիմանա ու կլինի այն, ինչ նպատակով ես գնում եմ այնտեղ:

-Ուզում ե՞ս այն աշխարհ ուղարկել ինձ, հա՞-դողդողաց Փայլակի ձայնը,-ախր ես որոշել եմ մինչև 90 տարի ապրել, դեռ 75 էլ չկամ:

-Մի ստիր, ես գիտեմ, թե քանի տարեկան ես, բայց միևնույն է, դու գտնվում ես 60 տարեկանից բարձր թիրախային խմբում, ովքեր ավելի շուտ են վարակվում ինձանով, քանի որ նրանց դիադրողականությունը (իմունիտետը) համեմատաբար ցածր է:

-Իսկ չե՞ս կարող հուշել, եթե գաղտնիք չէ, ինչպե՞ս բարձրացնեմ դիմադրողականությունս:

-Այդ ձեռ ե՞ս առնում դու ինձ, այդ քո խնդիրն է,-հոխորտաց կորոնան,-իմ խնդիրն ուրիշ է, քոնը՝ ուրիշ:

-Բա, որտեղի՞ց ես հայերեն սովորել ու այդպես վարժ էլ բլբլացնում ես,-հարցրեց Փայլակը կորոնայի ուշադրությունը շեղելու և քթանցքից նրան մի կերպ հեռացնելու նպատակով:

-Ես միայն հայերեն չեմ խոսում, ամեն լեզվով էլ կարող եմ շփվել մարդկանց հետ, մինչ մարդկանց մոտ հայտնվելը, ինձ ստեղծողները երկամսյա արագացված ծրագրով դասընթացներ են անցկացրել և սովորեցրել երկրի վրա ապրող բոլոր մարդկանց հետ կարողանալ շփվել իրենց համար հասկանալի լեզվով:

Այստեղ Փայլակը փորձեց խորամանկություն հանդես բերել և կորոնային  նեղը գցելու ակնկալիքով  հիշեց իր թոռնիկին, որը Հայ-Չինական բարեկամության դպրոց է հաճախում և իրեն սովորեցրել էր, չինարեն բարևելու նախադասությունը:

-Օրինակ, կարո՞ղ ես չինարեն ասել՝ “բարև ձեզ, ինչպե՞ս եք”,-հարցրեց Փայլակը:

-Նիհաո Նի հաոմա,-խուլ ձայնով պատասխանեց կորոնան,-սա էլ նրա հիերոգլիֆն է (你好 你好嗎),կտանես, թոռնիկիդ ցույց կտաս և կհամոզվես,-շարունակեց կորոնան և թղթի կտորի վրա արագորեն նկարեց հիերոգլիֆները և պարզեց Փայլակին:

-Լավ, կտանեմ թոռնիկիս ցույց կտամ, կստուգի,-կմկմաց Փայլակը,-իսկ, օրինակ, անգլերեն ինչպե՞ս կասես նույնը:

-Հելլո՛, հաու ար յու? (Hello how.are you.),-արտասանեց կորոնան և թղթի մի այլ կտորի վրա գրեց նախադասությունը ու պարզեց Փայլակին:

Իսկ քանի որ Փայլակը երիտասարդ ժամանակ թեկնածուական թեզը պաշտպանելիս երկամսյա դասընթացներ էր անցել անգլերենից ու գերազանց քննություն հանձնել, զարմացավ կորոնայի գրագետ արտասանելու և գրելու ունակության վրա:

Բայց քանի որ Փայլակն ամեն կերպ ցանկանում էր շեղել վիրուսի ուշադրությունը, որը դանդաղորեն ներս էր սողոսկում ու նրա ձայնը գնալով ավելի ու ավելի էր արձագանքում շնչափողի ոլորաններում, տվեց հաջորդ հարցը:

-Լավ,  քո ընկերները շատ են տարածված Իտալիայում, կարո՞ղ ես իտալերեն ևս ասել նույնը:

-Խնդիր չկա, այդ նախադասությունը այսպես է հնչում՝ «Չաո ըթե, քոմե սթայ»  (ciao a te! come stai),-խլրտաց կորոնան ու նորից Փայլակին պարզեց գրավոր նախադասությունը:

Իհարկե, Փայլակը իտալերեն չէր հասկանում և չառարկեց կորոնայի ասածին:

Ու հուսահատության մեջ, նա փորձեց վերջին հարցն էլ տալ կորոնային, համոզվելու համար, որ նա ամեն լեզու էլ գիտի, ինչպես ինքն էր ասել  սկզբում:

Քանի որ մեզ մոտ  կորոնաները հայտնվեցին նաև Իրանից եկած մեր հայրենակիցների մոտ, ապա վերջին հարցն էլ տվեց նրան, որը գուցե արդեն հասել էր թոքերի խորքը և ձայնը խլացել էր:

-Իսկ պարսկերեն կարող ե՞ս ասել նույն նախադասությունը:

-Իհարկե՜ե՜ե՜ե՜,-թոքերի խորքից լսվեց կորոնայի կերկերուն ձայնը,-խոսքերի արտասանությունը արդեն մոռացել եմ, բայց կարող եմ այն գրել թղթի վրա և ուղարկել ընկերոջս հետ, որն արդեն մահամերձ վիճակում է և պիտանի չէ վարակ տարածելու համար:

Քիչ անց մահամերձ կորոնա ընկերը հազիվ դուրս եկավ թոքերի խորքից և Փայլակին հանձնեց ահա այս գրությունը՝ (سلام بر شما! چطوری؟) ու հենց Փայլակի քթի խոռոչում էլ  հոգին ավանդեց, իսկ Փայլակը չէր կարող պարզել գրության իսկությունը, քանի որ պարսկերեն գրել-կարդալ չգիտեր:

Երկար մտածելուց հետո Փայլակը գտավ ելքը ու միացրեց համակարգչի թարգմանիչը, որտեղ տեղադրեց նույն գրությունը, որը կորոնան էր ուղարկել վախճանված ընկերոջ միջոցով, սակայն չկարողացավ  պարզել ասվածի հնչյունային արտասանությունը, քանի որ երևի ամերկացիները արգելափակել էին ձայնային արտասանությունը համացանցի ծրագրում:

Հենց այդ միջոցին էլ լսվեց կորոնայի բեկբեկուն ձայնը.

-Հա՜ա, հիշեցի, արտասանությունը այսպես էր հնչում ՝ «սաալա՜մ խուբի», (سلام بر شما! چطوری؟) բայց էլ ոչինչ չհարցնես ինձ, ես աշխատում եմ:

Իսկ քանի որ Փայլակը զգույշ և պարկեշտ մարդ էր և չէր ցանկանում ուրիշներին էլ վարակել նոր կորոնա վիրուսով, ուստի շտապ զանգահարեց իրենց սպասարկող  պոլիկլինիկա և պատմեց իրեն հետ պատահածի մասին:

Երկու ժամ հետո հնչեց բնակարանի դռան զանգը:

Փայլակը արագորեն բացեց դուռը և իր առջև տեսավ դիմակով ու ձեռնոցներով զինված տարեց բժշկուհուն, որին սիրալիր ներս հրավիրեց և պատրաստվեց բժշկական զննմանը:

Առաջին հերթին բժշկուհին չափեց Փայլակի զարկերակային ճնշումը, ապա ջերմաստիճանը, որից հետո լսեց թոքերի աշխատանքը:

-Զարկերակային ճնշումդ նորմալ է, ջերմություն էլ չունես, թոքերիդ աշխատանքը վատ չէ, բայց ինչ-որ խուլ ձայներ եմ լսում, լավ կլինի, որ այցելես պոլիկլինիկա, ռենտգեն նկարահանում անենք,-եզրափակեց բժշկուհին և հրաժեշտ տվեց Փայլակին:

Փայլակը թեթևացած շունչ քաշեց, որ բժշկուհին չկարողացավ հաստատել կորոնայի առկայությունը իր թոքերում, որը կբերեր նրան, որ ինքը կինքնամեկուսացվեր:

Հենց այդ միջոցին էլ  հնչեց բջջային հեռախոսի ձայնը:

Փայլակը կայծակնահար  քնից վեր թռավ և զգաց, որ ամբողջովին թաթախված է սառը քրտինքի մեջ:

-Այս ինչ գարշելի երազ էր,-քթի տակ քրթմնջաց Փայլակը և արագորեն սկսեց փոխել ներքնահագուստը, ապա շտապեց լոգարան՝ լոգանք ընդունելու, որից հետո պետք է այգի գնար առավոտյան քայլքի չափաբաժինը իրականացնելու համար:

 Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել