48-ամյա Տիգրան Կարապետյանին ենթադրյալ խոշտանգման մասին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեկ ստացել է թեժ գծի ահազանգ, որով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ։ Մասնավորապես, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ոստիկանությունում ծեծի ենթարկելու, անձի նկատմամբ նվաստացնող գործողություններ կատարելու մասին տեղեկությունները։
Այս հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ հանձնարարել է ստուգել մանրամասները և հավաստիացրել, որ բոլոր հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Ոստիկանապետը տեղեկացրել է նաև, որ հարուցված է քրեական վարույթ։
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հարցերը պետք է անմիջական ստուգման ենթարկվեն քրեական վարույթի շրջանակում։ Պաշտպանի հանձնարարականով հարցը կգտնվի աշխատակազմի ուշադրության ներքո։
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ