Ֆրանսիական «Լե Ֆիգարո» թերթն այսօր գուժեց Ֆրանսիայում հայտնի քաղաքական գործիչ, 75-ամյա Պատրիկ Դեւեջյանի մահը, որը կորոնավիրուսի հիվանդությամբ հոսպիտալ էր տեղափոխվել չորեքշաբթի օրը՝ մարտի 26-ին:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Այսօվա առավոտը դիմավորեցինք շատ վատ լուրով՝ բոթով․ Պատրիկ Դեւեջյանը, երկար տարիներ լինելով Ֆրանսիայի քաղաքական օլիմպում, իր մեծ լուման է ներդրել Ֆրանսիայում հայկական հարցին վերաբերող բոլոր որոշումների մեջ։ Պատրիկ Դեւեջյանը ոչ միայն ֆրանսահայության, այլ համայն հայության համար մեծ գործ կատարած անձ է, իսկ մենք չպետք է մոռանանք, որ Ֆրանսիան աշխարհի գերտերություններից մեկն է, որի ձայնը միջազգային ասպարեզում շատ լսելի է։
Այն, որ 1998 թվականի մայիսի 29-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը․ 2000 թվականի նոյեմբերի 7-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, 2001 թվականին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց օրենք, որի համաձայն Ֆրանսիան արդեն պետական մակարդակով էր ճանաչում Հայոց ցեղասպանությունը, իսկ 2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման դեմ օրինագիծը, այս բոլոր օրինագծերի ընդունման մեջ Պատրիկ Դեւեջյանի լուման շատ մեծ է։
Նա ոչ միայն ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ էր, այլ համարվում էր Ֆրանսիայի ամենահայտնի քաղաքական ուժերից մեկի՝ «Ժողովրդական շարժում» միության առաջնորդներից։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ամենամոտ, ամենահավատարիմ գործընկերներից մեկն էր, Ֆրանսիայի ամենահարուստ Օ-դե-Սեն դեպարտամենտի նախագահն էր, զբաղեցրել է նաև նախարարի պաշտոն։
Կարդացեք նաև
Պատրիկ Դեւեջյանի կորուստը շատ մեծ հարված էր հայ համայնքին, հատկապես որ մեկ տարի առաջ հայ համայնքը կորցրեց ականավոր մշակութային, ինչու ոչ՝ նաև հայամետ լոբբիստական ակտիվ գործունեություն ծավալող Շառլ Ազնավուրին։ Ե՛վ Շառլ Ազնավուրի, և՛ Պատրիկ Դեւեջյանի մահը կարելի է ասել, որ որբացրեց հայ համայնքին և մեծ հարված հասցրեց մեր դիրքերին Ֆրանսիայում և ընդհանրապես Եվրոպայում։
Պատրիկ Դեւեջյանը շատ մեծ ներդրում ունի Արցախին օգնություն տրամադրելու մեջ, ըստ որոշ տեղեկությունների, նա ակտիվորեն մասնակցել է Արցախի ու Ֆրանսիայի տարբեր քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատմանը, մեծ լումա ունի բազմաթիվ ֆրանսիական քաղաքական գործիչների Արցախ այցելելու գործում։
Հուսանք, Ֆրանսիայի հայ համայնքը որոշ ժամանակ անց կծնի և՛ Պատրիկ Դեւեջյանի, և՛ Շառլ Ազնավուրի նման հայերի, որոնք ոչ միայն կկանգնեն իրենց հայրենիքի՝ Ֆրանասիայի կողքին, այլ մեծ աջակցություն կցուցաբերեն իրենց պատմական հայրենիք Հայաստանին ու Արցախին»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ