Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ղազանչյան. «Վաղ թե ուշ այս մղձավանջը կավարտվի, մի օր կրկին կհանդիպենք մեր հանդիսատեսին»

Մարտ 29,2020 15:26

Այս տարի առաջին անգամ Հայաստանում  հանդիսավորությամբ չնշվեց  Թատրոնի միջազգային օրը, եւ մարտի 27-ին նախատեսված «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը չկայացավ՝ կորոնավիրուսով պայմանավորված  արտակարգ դրությամբ:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը նշեց, որ «Արտավազդն» ամեն դեպքում իրականացնելու են, եւ մրցանակաբաշխությունն էլ որոշ ժամանակ անց տեղի է ունենալու:

«Ըստ էության՝ մենք պատրաստ ենք բոլոր առումներով: Հանձնաժողովը դիտել է բոլոր ներկայացումները: Չորս ներկայացում չհասցրեցինք դիտել, եւ այդ պատճառով է, որ քվեարկության փուլ անցնող աշխատանքների անվանումները չենք հրապարակում, որպեսզի մինչեւ վերջ օբյեկտիվ լինենք: 40-ից ավելի ներկայացում ժյուրին շատ խիտ գրաֆիկով պարտաճանաչ դիտեց: Տեխնիկապես պատրաստ ենք, բեմի ձեւավորումը եւ արձանիկները եւս  պատրաստ են, ռեժիսորը մտածել է, թե երեկոն ինչպես պետք է լինի, անգամ վարողներն են հայտնի, այնպես որ՝ մենք պատրաստ ենք: Մեծ հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում մրցանակաբաշխությունը կիրականացնենք»,-ասաց պարոն  Ղազանչյանը:

Նա հավելեց, որ այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխության 20-ամյակն է, որը նվիրվելու է հիմնադրի՝  Երվանդ Ղազանչյանի հիշատակին. «Ինձ համար ՝ որպես Հակոբ Ղազանչյանի, կրկնակի թանկ է այդ միջոցառումը: Ես կասկած չունեմ, որ այն իրականացնելու ենք: Ցավում եմ, որ այս տարիների ընթացքում խախտվեց ավանդույթը, եւ մարտի 27-ին նախատեսված մրցանակաբաշխությունը չկարողացանք իրականացնել, բայց լավ է ուշ, քան երբեք»:

Անդրադարձանք նաեւ թատրոնների եւ մյուս մշակութային հաստատությունների՝ միջոցառումներն առցանց հեռարձակելուն,  թատրոնների՝ փորձեր չանելուն, նոր ներկայացումներ չբեմադրելուն, հետաքրքրվեցինք աշխատավարձերով եւ այլնով:

«Ենթադրում եմ, որ աշխատավարձերը  կպահպանվեն: Արտակարգ դրության ավարտից հետո կտեսնենք՝ ինչ որոշում կընդունի Կառավարությունը, ըստ այդմ էլ կշարժվենք: Կարելի է  ժամանակավոր ինչ-որ այլ ձեւաչափերի անցնել, մոնոներկայացումների, փոքրաթիվ գործող անձերով պիեսների բեմադրությունների, որտեղ մեծ քանակությամբ մարդկանց շփում չի պահանջվում: Պետք է պատրաստ լինենք: Թատրոնը մնում է թատրոն, այն ոչ միայն ներկայացումն է, այլեւ առաջին հերթին՝ ստեղծագործական պրոցեսը: Եվ քանի կա ստեղծագործական պրոցեսը, թատրոնն ապրում է: Վաղ թե ուշ այս մղձավանջը կավարտվի, չեմ կարծում, թե շատ երկար կտեւի: Մի օր մենք անպայման կհանդիպենք մեր հանդիսատեսին, այդ հավատով ենք ապրում: Գոնե նոր ասելիքով ու նոր ձեռնարկներով հանդիպենք»,-ասաց մեր զրուցակիցը:

Հակոբ Ղազանչյանը, խոսելով Հ. Պարոնյանի անվան թատրոնի մասին,  ափսոսանքով ասաց, որ պատրաստվում էին նաեւ բացել «Երվանդ  Ղազանչյանը» թատերասրահը, ինչը եւս հետաձգվեց. «Այն դահլիճը, որ ժամանակին Երվանդ Ղազանչյանը հիմնադրեց, ավելի շատ փորձասենյակի էր նման, այժմ լրիվ թատերային դահլիճի տեսք է ստացել: Հսկայական աշխատանք է կատարվել, այդ առումով շնորհակալ եմ տնօրեն Կարո Շահբազյանին: Նույնիսկ ներկայացումն է պատրաստ, որով պետք է դահլիճը բացվեր, պրեմիերայի օրն էլ որոշված էր: Վստահ եմ՝ անցնելու է այս ամենը, որովհետեւ հակառակը չի կարող լինել: Մենք կրկին կանցնենք մեր բնականոն աշխատանքին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Հակոբ Ղազանչյանը դստեր՝ դերասանուհի Մարիամ Ղազանչյանի հետ: Լուսանկարը՝ Հակոբ Ղազանչյանի ֆեյսբուքյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031