Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախկին նախագահներից ովքե՞ր են Արցախի նախագահի թեկնածուների «թիկունքին»

Մարտ 29,2020 11:00

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի ժողովրդական կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը

– Համաճարակային այս աժիոտաժի հետ կապված ամսի 31-ին նախատեսված ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, մանավանդ, որ նախընտրական պայքարին մասնակցող քաղաքական ուժերը եւ նախագահի թեկնածուները վերաֆորմատավորեցին քարոզարշավը` անմիջական հանդիպումներից օն-լայն հարթակներ: Թեկնածուներից Վիտալի Բալասանյանն էլ առաջարկեց Արցախում եւս արտակարգ դրություն հայտարարել եւ ընտրությունները հետաձգել: Ի՞նչ հետեւանք կարող է դա առաջացնել:

– Ընտրությունները հետաձգելու հիմքեր այս պահին չեմ տեսնում: Վստահ եմ, որ եթե իրավիճակը զարգանա ոչ ցանկալի սցենարով, այսինքն Արցախում էլ ունենանք վարակի կրողներ, իհարկե, պետական մակարդակով պարտավոր կլինենք արձագանքել դրան: Բայց քանի դեռ Արցախում որոշակի սպասողական վիճակ է տիրում եւ կարծես ամեն ինչ արվում է, որ մեր սահմաններին հատուկ անցումային ռեժիմ գործի, նկատի ունեմ եւ ախտահանումները, եւ ջերմաչափումը՝ հավանաբար, ճիշտ կլինի գործել իրավիճակին համապատասխան:

– Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու առիթով խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, ասաց, որ Արցախում ընտրությունները հետաձգելու հիմքեր չի տեսնում: Սա որակվեց ուղիղ միջամտություն Արցախի ներքին գործերին, ինչի մասին այս ընթացքում շատ խոսվեց եւ ինչը վարչապետը խոստացել էր չանել:

– Գիտեք, մենք հիմա ոչ ստանդարտ իրավիճակում ենք ու երբ այսպիսի պայմաններում ՀՀ խորհրդարանում քննարկվում է սպասվող հանրաքվեն հետաձգելու հարցերը, բնական է, որ հարց է ծագում` ինչ անել նմանատիպ իրավիճակում երկրորդ հայկական հանրապետությունում. կարծում եմ, այստեղ միջամտության հարցին պետք է վերապահումով նայել, որովհետեւ խոսքը գնում է երկրորդ հայկական հանրապետության հայ բնակչության կյանքում ընթացող քաղաքական գործընթացների մասին: Եթե այդ մասին հարցը չլիներ, իհարկե, այդպիսի պատասխան չէր լինի, բայց քանի հարցը հնչել է, երեւի իրավիճակին համարժեք արձագանք պետք է լիներ: Ամեն դեպքում, որոշում ընդունողը Արցախի իշխանություններն են եւ այս օրերին հայկական հանրապետությունների բարձր ղեկավարությունները գտնվում են մշտական կապի եւ քննարկումների մեջ: Համոզված եմ նաեւ, որ որոշակի միջոցառումներ իրականացնում ենք եւ պետք է իրականացնենք համատեղ` հաշվի առնելով Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ սահմանային պայմանական ռեժիմը եւ այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետության համար մուտքն արտաքին աշխարհ միմիայն ՀՀ-ի միջոցով է:

– Նախընտրական քարոզարշավի ավարտին մի քանի օր է մնացել. ի՞նչ ամփոփումներ կանեք, իրավիճակն ինչպիսի՞ն է, ծրագրերի եւ գաղափարների բախո՞ւմ եղավ, թե ինքնացուցադրման, ինքնահաստատման քարոզարշավ էր: Արդյոք իրավիճակի լարումը սկսում է առավել ակնհայտ դառնալ, ինչի մասին վկայում են Մարտունի եւ Ստեփանակերտ քաղաքներում փողոց փակելու միջադեպերը:

– Ես ավելի ընդգծված գաղափարական պայքար էի ակնկալում: Նախագահի թեկնածուների մեծ թիվը` 14 եւ խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցությունների թիվը` 12, նաեւ հնարավորություն էր, որ մենք բազմազան ծրագրերով հանդես գանք, թեկուզեւ հասկանալի է, որ Արցախի զարգացման տեսլականը չի կարող լինել 14 տարբերակով: Այսքանով հանդերձ, սա կարող էր լինել բացառիկ հնարավորություն, որպեսզի քաղաքական մտքի, քաղաքական կարծիքների այս բազմազանության մեջ մենք ընտրեինք այն, ինչը որ այս պահին անհրաժեշտ է Արցախի Հանրապետության զարգացման համար:

Ցավում եմ, որ, ինչպես դուք նշեցիք, Արցախում համապետական ընտրությունները մի մասի մոտ ինքնահաստատման, իրենց մասին հայտարարելու առիթ են դարձել: Նախագահի ոչ բոլոր թեկնածուների եւ քաղաքական ոչ բոլոր ուժերի ծրագրերը կարելի է գտնել թղթի վրա կարդալու համար: Իսկ դա նշանակում է, որ նախապատրաստական աշխատանքներ չեն արվել կամ արվել են ոչ պատշաճ ձեւով: Այս պահին, կարծես որոշ բաներ արվում են ոտի վրա՝ հընթացս հնարելով եւ հորինելով: Սա երեւի մեզ չի սազում, բայց նաեւ բացահայտ պատկեր է մեր ընտրողների համար, թե ով ինչքանով է լուրջ վերաբերվում գալիք ընտրություններին:

– Հանրային տրամադրություններին ծանո՞թ եք: Ի՞նչ են մտածում մարդիկ, ինչպե՞ս են տրամադրված:

– Այնպես չէ, որ այդ տրամադրություններին մենք ծանոթ չէինք եւ նոր ենք դրանց մասին տեղեկանում: Բայց, այն, ինչը մենք լսում, տեսնում ու հավաքագրում ենք նախընտրական քարոզչության ժամանակ` շատ ավելին է, քան սպասում էինք: Իրականում մարդկանց մոտ տարիներով կուտակված հարցերի եւ դրանց լուծումների սպասելիքներ կան: Մարդկանց մոտ դժգոհություն եւ բողոք են առաջացնում բազմաթիվ հանգամանքներ` կապված պետական կառավարման հետ քաղաքացիների հարաբերությունների, ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների, սոցիալական արդարության հանդեպ զգայուն վերաբերմունքի եւ այն բոլոր տնտեսական ու սոցիալական խնդիրների հետ, որոնք նախորդ տարիներին ավելի են սրացել, քանի որ դրանց լուծումները մինչ այժմ չենք կարողացել առաջարկել։

Մասնավորապես, հողային հարաբերությունների հետ կապված խնդիրներ կան. 25 տարի առաջ մենք հողի սեփականաշնորհում ենք իրականացրել մի շարք համայնքներում, բայց դրանից հետո այդ նույն համայնքներում նոր սերունդ է ծնվել եւ մեծացել, որոնք այն ժամանակ չեն մասնակցել սեփականաշնորհմանը եւ այսօր իրենց կարծես օտարված են զգում, չեն կարողանում օգտվել առաջարկներից եւ ակտիվ տնտեսական գործունեություն ծավալել: Հողի սեփականաշնորհման հետ կապված խնդիրներ ունենք նաեւ վերաբնակեցված շրջաններում: Հարցերը բազմաթիվ են` խմելու ջուր, կանոնավոր էլեկտրամատակարարում, գազաֆիկացում, գյուղերը մայրուղուն կապող բարեկարգ ճանապարհներ, հեռահաղորդակցության խնդիրներ եւ այլն: Փորձում ենք դրանք խմբավորել` ներկայացնելով մեր ամփոփ ծրագիրը, որով  առաջիկա 5-10 տարիների համար կոնկրետ լուծումներ ենք առաջարկում Արցախի Հանրապետությունում տարիներ շարունակ հետաձգված սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրներին:

-Մարդիկ հավատո՞ւմ են այդ խոստումներին, դրանք անցյալում շատ են հնչել:

-Իմ դիտարկումներով հավատում են, սակայն որոշակի վերապահումներով: Մեր բնակչությունը շատ համբերատար է եւ շատ լավ հասկանում է, որ  մի շարք հարցերի լուծումներ հետաձգվել են երկրի համար առանցքային նշանակության` պաշտպանության, անվտանգության ուղղություններին ավելի շատ միջոցներ տրամադրելու պատճառով: Մարդիկ համբերատար են, բայց պետք է նրանց ցույց տալ այդ խնդիրների լուծման հեռանկարը:

– Ձեր դիտարկումներով, ընտրություններն առաջին փուլով կավարտվե՞ն, թե երկրորդ փուլի հավանականություն կա:

– Դժվարանում եմ այս պահին այդպիսի կանխատեսումներ անել: Ես միշտ ձեռնպահ եմ մնում կանխատեսումներ անելուց: Կարծում եմ, իրական քաղաքական գործընթացները մի բան են, եւ բոլորովին այլ բան է, երբ այդ մասին տարբեր մասնագետներ, հատկապես սիրողական մակարդակով, փորձում են վիճակագրություն ներկայացնել: Տեսականորեն, այսօր երկու տարբերակն էլ կարող է լինել: Չեմ բացառում, որ մի քանի օր հետո իրավիճակը շատ ավելի տեսանելի լինի եւ հնարավորություն տա ավելի կոնկրետ խոսելու:

– Խոսակցություններ կան, որ ադմինիստրատիվ ռեսուրսը կիրառվում է երկու թեկնածուների համար` Արայիկ Հարությունյան եւ Մասիս Մայիլյան: Դուք այս առումով ունե՞ք մտահոգություններ: Դուք աշխատել եք Արցախի նախկին իշխանությունների հետ, ԱԺ նախագահն եք վերջին 15 տարիներին եւ առհասարակ Արցախի քաղաքական կյանքում նոր մարդ չեք, ինչո՞ւ նաեւ Ձեզ չեն «օգնում» ադմինիստրատիվ ռեսուրսով:

– Ովքեր ինձ ճանաչում են, շատ լավ գիտեն, որ ինձ համար անընդունելի է ոչ թե այն, որ վարչական ռեսուրսն օգտագործվում է տարբեր թեկնածուների օգտին, այլ այն, որ այդ ռեսուրսն ընդհանրապես օգտագործվում է: Ես խիստ կասկածում եմ, որ այսօր հնարավոր է վարչական ռեսուրսը կենտրոնացված ձեւով օգտագործել որեւէ մեկ կամ երկու թեկնածուի օգտին, որովհետեւ այսօրվա մեր պետական կառավարման համակարգում մարդիկ տարբեր կողմնորոշումներ ունեն: Ես նաեւ խիստ կասկածում եմ, որ պետական ամենաբարձր մակարդակով այդպիսի ուղղորդումներ են արվում: Վարչական ռեսուրսի կիրառումը պետք է բացառել բոլոր պարագաներում: Կարծում եմ, շատ ավելի հավանական է, որ միջին մակարդակի ոչ կուսակցական գործիչները ջանքեր գործադրեն աչքի ընկնելու համար` իրենց ենթականերին ուղղորդելով այս կամ այն թեկնածուի օգտին: Ամեն դեպքում, մեր քաղաքական մշակույթը դեռ ձեւավորման փուլում է եւ այս ընտրությունները հերթական փորձությունը կլինեն` հաջորդ տարիների մեր քաղաքական կյանքը ճիշտ կազմակերպելու համար:

Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքական կուսակցությունները չեն դիմանում ժամանակի փորձությանը, մարդիկ ձեւականորեն են անդամակցում կուսակցություններին. այս հանգամանքն էլ նոր ժամանակների մարտահրավերներից է եւ ընտրություններից հետո, վստահ եմ, քաղաքական դաշտում կլինեն նոր վերադասավորումներ:

– Սկզբնական շրջանում շատ էր խոսվում այն մասին, թե նախագահի թեկնածուներից ում ետեւում ՀՀ որ նախկին նախագահն է կանգնած: Այս քարոզարշավն ավելի ցցուն դարձրե՞ց, թե թեկնածուների ետեւում, այսպես ասած, ում ականջներն են երեւում:

– Քանի դեռ ժողովրդի շրջանում այդպիսի խոսակցություններ կան, կարծում եմ, դրանք մասամբ կարող են համապատասխանել իրականությանը: Չեմ կարծում, որ այդ խոսակցությունները էականորեն կարող են ազդել Արցախում ընտրական գործընթացների վրա: Արցախցի ընտրողի համար, համոզված եմ, էականը ոչ թե այն է` ով ում է պաշտպանում, այլ՝ որքանո՞վ են նրանց ծրագրերն ու գաղափարները համահունչ այսօրվա իրավիճակին եւ ընտրողների ակնկալիքներին:

Զրույցը`

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031