Կյանքը
Լեոնարդո դա Վինչին անցյալ տարիների ամենաառեղծվածային և ամենաչբացահայտված անհատներից է։ Ոմանք նրան վերագրում են աստվածային կարողություններ և դասում սրբերի շարքին, սակայն կան այնպիսիք, ովքեր կարծում են, որ նա հոգին ծախել է սատանային։ Մի բան հաստատ է. այդ մարդը հանճար է։
Լեոնարդո դի սըր Պիեռո դա Վինչին իտալացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական, գյուտարար, գրող, բժիշկ և երաժիշտ է։ Նա Վերածննդի ամենավառ ներկայացուցիչներից է։ Ապագա հանճարը ծնվել է ազնվական Պիեռո դա Վինչիի և Կատերինայի սիրո արդյունքում։ Այդ ժամանակաշրջանի հասարակական նորմերին համապատասխան՝ ամուսնական այս միությունը անհնար էր՝ Լեոնարդոյի մոր հասարակ ծագման պատճառով։
Լեոնարդոն աշակերտել է տոսկանացի վարպետ Անդրեա Վեռռոկիոյին։ Իր ուսուցման տարիներին Պիեռոյի որդին ոչ միայն ուսումնասիրել է նկարչական և քանդակագործական արվեստը, այլ նաև խորացել է հումանիտար գիտությունների, տեխնիկայի, կաշվի մշակման, երկաթագործության և քիմիական ռեակտիվների ուսումնասիրության մեջ։
Կարդացեք նաև
Լեոնարդոն վարպետի որակավորում է ստացել ընդամենը քսան տարեկանում, որից հետո շարունակել է աշխատել Վեռռոկիոյի ղեկավարության ներքո։ Երիտասարդ արվեստագետը սովորել է իր վարպետի փոքր կտավների վրա, օրինակ՝ ետնապլանի բնապատկերները կամ ոչ կարևոր կերպարների զգեստները։ Իր անձնական արվեստանոցը բացել է 1476 թվականին։
Արվեստագետը հենց ինքը անձնական կյանքը խիստ գաղտնի է պահել։ Իր օրագրում կատարած գրառումների համար Դա Վինչին օգտագործել է ծածկագրեր, սակայն նույնիսկ դրանք վերծանելուց հետո հետազոտողները շատ քիչ տեղեկություն են ստացել։ Կա կարծիք, որ այդ գաղտնիության պատճառը եղել է Դա Վինչիի ոչ ավանդական կողմնորոշումն է եղել։
Ըստ ժամանակակից հետազոտողների՝ արվեստագետի մահվան պատճառ հանդիսացել է ուղեղի կաթվածը։ Դա Վինչին մահացել է 67 տարեկան հասակում 1519 թվականին։ Ժամանակակիցների նշումների շնորհիվ հայտնի է, որ այդ ժամանակ նկարիչը արդեն իսկ տառապում էր մասնակի անդամալուծությունից։ Լեոնարդոն չէր կարողանում շարժել աջ ձեռքը՝ 1517 թվականին ստացած կաթվածից։ Չնայած անդամալուծությանը՝ վարպետը շարունակել է ակտիվ ստեղծագործական կյանքը՝ օգնություն ստանալով իր աշակերտ Ֆրանչեսկո Մելցիից։
Մահվան ժամանակ Դա Վինչին գտնվել է Կլո-Լյուսե դղյակում՝ Ամբուազ քաղաքի մոտակայքում (Փարիզ), որտեղ անցկացրել է կյանքի վերջին 3 տարիները։ Ըստ հայտնի իտալացու կտակի՝ վերջինիս հուղարկավորել են Սան-Ֆլորենտին եկեղեցու պատկերասրահում։ Ցավոք սրտի, վարպետի գերեզմանը ավերվել է հուգոնոտների պատերազմների ժամանակ։ Եկեղեցին, որտեղ հանգչում էր իտալացին, թալանվել և գրավվել է 1807 թվականին Ամբուազի դղյակի նոր տիրոջ՝ Ռոժե Դյուկոյի կողմից։ Տարիներ անց հնագետների հետազոտությունների միջոցով գտնվել են նկարչի ոսկրերը և վերաթաղվել Ամբուազի դղյակի տարածքում գտնվող Սան Ուբեռտոյի վերակառուցված մատուռում։
Դա Վինչիի կտավի առեղծվածը
«Վերջին ընթրիքը» հայտնի որմնանկարը գտնվում է Սանտա-Մարիա-դելլե-Գրացիե եկեղեցում՝ Միլանի համանում հրապարակում։ Ավելի ճիշտ, եկեղեցու սեղանատան պատերից մեկի վրա։ Ինչպես փաստում են պատմաբանները, նկարիչը հատուկ նկարել է այդ պահին սեղանատանը գտնվող սեղանն ու սպասքը՝ ցույց տալու համար, որ Հիսուսն ու Հուդան (բարին և չարը) շատ ավելի մոտ են մարդկանց, քան թվում է։ Նկարի պատվերը ստացել է իր հովանավոր դուքս Լյուդովիկո Սֆորցայից 1495 թվականին։ Միլանացի դուքսը կտավը պատվիրել է՝ ի հիշատակ իր կնոջ՝ Բեատրիչե դ’Էստեի։ Ամուսնու վիշտը այնքան խորն է եղել, որ 15 օր չի լքել իր առանձնասենյակը։
«Վերջին ընթրիքը» պատկերում է Հիսուս Քրիստոսի և առաքյալների վերջին ընթրիքը, որ տեղի է ունեցել Երուսաղեմում իր բանտարկման նախօրեին։ Սուրբ գրքի համաձայն՝ ընթրիքի ժամանակ Հիսուսն ասել է , որ առաքյալներից մեկը իրեն կմատնի։ Լեոնարդո դա Վինչին փորձել է պատկերել յուրաքանչյուր աշակերտի ռեակցիան՝ Ուսուցչի մարգարեական հայտարարության պահին։
Ինչպես ասում են պատմաբանները, Լեոնարդո դա Վինչիի համար ամենադժվարը եղել է 2 կերպարի պատկերը ստեղծելը՝ Հիսուսի և Հուդայի։ Նկարիչը փորձել է մարմնավորել բարին և չարը և այդ պատճառով երկար ժամանակ չի կարողացել համապատասխան նախատիպեր գտնել։ Մի անգամ նկարիչը եկեղեցու երգչախմբում տեսնում է երիտասարդ երգչի՝ այնքան մաքուր ու ոգեշնչող, որ կասկած չի մնում։ Վերջինս դառնում է Հիսուսի նախատիպը։ Վերջին չավարտված կերպարը կտավի վրա մնում է Հուդան։ Իտալացի նկարիչը ժամերով թափառում էր քաղաքի վատագույն անկյուններում՝ կործանված մարդկանց մեջ փնտրելով չարը մարմնավորողին։
Եվ ահա, գրեթե 3 տարի անց նա հաջողության է հասնում։ Դա Վինչիի օգնականները քաղաքի վատ թաղամասերից մեկում գտնում են մի թափառականի՝ այնքան հարբած վիճակում, որ վերջինս չի գիտակցում, թե ինչպես են իրեն տանում նկարչի արվեստանոց։ Սակայն, երբ կտավը արդեն ամբողջովին պատրաստ էր, տղամարդը ուշքի գալով մոտենում է որմնանկարին և խոստովանում, որ արդեն մեկ անգամ տեսել է այն։ Հենց այդ ժամանակ նա խոստովանում է, որ 3 տարի առաջ բոլորովին ուրիշ կյանք է վարել։ Կյանքի ճիշտ ուղով էր քայլում և երգում էր եկեղեցու երգչախմբում։
Այդ ժամանակ նրան է մոտենում մի նկարիչ և առաջարկում իրենից կերտել Հիսուսի կերպարը։ Այսպիսով, պատմաբանների պնդմամբ, Հիսուսի և Հուդայի կերպարները կերտվել են միևնույն մարդուց կյանքի տարբեր փուլերում։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ չարն ու բարին քայլում են կողք կողքի, այնպես, որ նրանց միջև սահմանը երբեմն չի զգացվում։
Ամալյա ՂԱԶԱՆՉՅԱՆ
Արուս ՍՏԵՓԱՆՅԱՆ