Քիչ առաջ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ տեղեկացնելով, որ երկու օր առաջ Շիրակի պետական համալսարանի ղեկավարությունը կարևոր աջակցություն է ցուցաբերել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին, վերջինիս անմիջական հարևանությամբ գտնվող ՇՊՀ հյուրատունը ժամանակավորապես տրամադրել է հերթապահող բժիշկներին՝ նրանց համար հատուկ կեցության միջավայրի վերածելով:
Մարզպետը հատուկ շնորհակալություն է հայտնել նաև DeltaTelecom-ին, որը տեղանքը ապահովել է համացանցով։
«DeltaTelecom-ի կողմից մոտ մեկ կմ մալուխային մոնտաժման աշխատանքներից հետո բժիշկներն արդեն ունեն արագ ինտերնետի հասանելիություն և կաբելային հեռուստատեսություն դիտելու հնարավորություն բոլոր սենյակներում»,-գրել է Տիգրան Պետրոսյանը։
Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն ասաց, որ հյուրատունը ծառայել է դրսից հրավիրված դասախոսներին, միջազգային կոնֆերանսների ժամանակ հյուրընկալված հյուրերին ու շարժունության ծրագրով Գյումրի եկած ուսանողներին։
Կարդացեք նաև
«Ես երկու օր առաջ մարզպետից առաջարկ ստացա, նրան դիմել էին ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատողները՝ խնդրելով ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը, մարդիկ չեն ուզում տուն գնալ։ Մարզպետից առաջարկ եղավ, ես շատ օպերատիվ արձագանքեցի, համաձայնվեցի դրան։ Բուժաշխատողների՝ մարզպետին դիմելուց մեկ ժամ հետո հարցը լուծված էր, ես ու մարզպետը եղանք տեղում, մեր համապատասխան աշխատակիցները ևս եկան, եկավ նաև ինֆեկցիոնի տնօրենը և շատ արագ պայմանավորվեցինք, թե ինչպես ենք կազմակերպելու։
Մեր հյուրատան կորպուսը ռազմական ամբիոնի ներսում էր, բայց այնտեղ ընդհանուր միջանցքով դուռ կա, այդ դուռը երկու կողմից հերմետիկ փակ է։ Ավելին, այդ տարածքը մեր աշխատակիցներն ամբողջությամբ մեկուսացրեցին, այսինքն՝ այն ամբողջությամբ անջատված է և միայն ինֆեկցիոնի կողմից կարող են մտնել, դուրս գալ։ Այդ տեսակետից բոլոր պաշտպանիչ միջոցները գործադրված են, բուժաշխատողների համար բոլոր պայմանները կան՝ առանձին սենյակներ՝ իրենց լոգարաններով, ճաշասենյակ կա, եթե կարիք լինի։
Մենք մեր ունեցած գույքն ամբողջությամբ հանել ենք, հետագայում ախտահանելուց հետո կմնա միայն կահույքի ախտահանման պրոցեսը։ Ինձ թվում է՝ մենք պարտավոր էինք անելու,համալսարանը միայն կրթական միջավայր չէ, համալսարանը նաև հասարակական ու սոցիալական պատասխանատվություն պիտի կրի, շատ կարևոր է նման որոշումներ կայացնելը նաև դաստիարակչական տեսանկյունից, որպեսզի մեր ուսանողներն էլ հասկանան՝ միասնությունը, միասնական ճակատով նման իրավիճակներում պայքարելը շատ կարևոր է։
Բժիշկները, որոնք պիտի հանգստանան ու անցնեն հերթափոխի, գործնականում անցնելու են ընդամենը 25-30 մետր, դա շատ կարևոր է, որ քաղաքում նրանք չեն տեղաշարժվելու մեծ հեռավորությունների վրա։ Ավելին, Աստված մի արասցե, եթե նրանց կարիքը լինի, գիշերվա որ ժամին էլ լինի, նրանք 2-3 րոպե հետո կլինեն հիվանդի կողքին»,-ասաց Երվանդ Սերոբյանը։
Նա նաև ասաց, որ շնորհակալական խոսքեր են ստացել ինչպես հիվանդներից, այնպես էլ բուժաշխատողներից, նույնիսկ նրանց հարազատներից են հեռախոսազանգեր ստացել։
«Ես կարծում եմ, որ Շիրակի պետական համալսարանը պարզապես իր պարտքն է կատարել, այլ մոտեցում չէր էլ կարող լինել։ Ավելին ասեմ, եթե ուրիշ իրավիճակ լիներ, միգուցե այդ հարցի լուծման համար ես ռեկտորատի նիստ հրավիրեի, բայց ես իմ գործընկերների հետ էլ չեմ խորհրդակցել, շատ օպերատիվ եմ արձագանքել, որովհետև ավելի քան համոզված էի, որ ռեկտորատի ցանկացած անդամ իմ փոխարեն լինելու դեպքում նույն որոշումը կկայացներ։
Արել ենք այն փոքր հնարավորը, ինչ կարող էինք, և եթե սրանից հետո էլ ինչ-որ բաներ պահանջվեն Շիրակի պետական համալսարանից , հանրույթից՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմից, ուսանողներից, ես ավելի քան համոզված եմ, որ բոլորը պատրաստակամ են այս չարիքի դեմ պայքարելու»,-ասաց Երվանդ Սերոբյանը։
Ռեկտորի ժ/պ-ն տեղեկացրեց, որ հյուրատունն ունի 12 մահճակալ, անհրաժեշտության դեպքում 2-3 մահճակալ էլ կարելի է ավելացնել, պայմանները շատ հարմարավետ են, սանիտարահիգիենիկ առումով էլ իդեալական է։
«Մեր բժիշկներն արժանի են լավ պայմաններում գոնե իրենց մի քանի ժամվա հանգիստն անցկացնել, որովհետև նրանք այսօր առաջամարտիկներ են, կանգնած են մեր երկրի պետականության պահպանության շատ կարևոր խնդիր լուծման գործում։
Մեր աշխատակիցների անունները չեմ ուզում տալ, իրենք են խնդրել, բայց երեկ, երբ այնտեղից դուրս էինք գալիս, զգում էի, որ յուրաքանչյուրի մոտ կար պարտքի զգացողություն, լավ բան արած մարդու տրամադրություն։ Ես ավելի քան համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք այս չարիքը»,-ասաց Երվանդ Սերոբյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Շիրակի պետական համալսարանի և Տիգրան Պետրոսյանի ՖԲ էջից