Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ սահմանափակել են և շարունակում են սահմանափակել իրենց օդային տարածքի մուտքը և օդային հաղորդակցությունը, ինչի արդյունքում էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը: Այդ առնչությամբ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ նախապես ստուգել տարանցիկ թռիչքների առկայությունը:
Հավելենք, որ ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ այսուհետ ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության շրջանակում չեն իրականացվելու օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները (այսպես կոչված՝ տարանցիկ թռիչքներ)։
ԱԳ նախարարությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հավաքագրում են արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները և խնդիրները՝ գնահատելու և գործի դնելու աջակցության հնարավոր ուղիները։ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են արտերկրում գտնվող և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ կապ հաստատած մեր քաղաքացիների հետ, քայլեր են ձեռնարկվում վերջիններիս կողմից բարձրաձայնվող հարցերը հնարավորության սահմաններում լուծելու ուղղությամբ:
Հորդորում ենք արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել կապը տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որպեսզի վերջիններս հնարավորությունների սահմաններում կարողանան ցուցաբերել համապատասխան աջակցություն։
Կարդացեք նաև
Արտերկրի մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում ստեղծված պայմաններում և այս ժամանակահատվածում հայրենիք վերադառնալու անհնարինության պայմաններում հետևել իրենց գտնվելու երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրվող հրահանգներին, իրականացվող միջոցառումներին, պահպանել հանգստություն՝ միևնույն ժամանակ սթափ գնահատելով իրադրությունը։
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ