Չեք պատրաստվո՞ւմ առաջարկել, որպեսզի Արցախի նախագահի ընտրությունները հետաձգվեն: Այսօր ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ժամանակ այսպիսի հարց ուղղեցին Արցախի նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանին: Նախագահի թեկնածուն ասաց, որ այդ հարցն իրենց էլ է մտորելու առիթ տվել, տարբեր ձեւաչափերով քննարկել են եւ գտնում են, որ պետք է առաջնորդվել առողջ դատողությամբ. «Գոնե այս օրվա դրությամբ մենք չունենք այնպիսի դեպքեր, որոնք կապված են Արցախում համավարակի տարածման արդեն հաստատված դեպքերի հետ: Բայց դա չի կարող մեզ համար լինել երաշխիք, որ առաջիկայում չի լինելու: Իշխանությունների պատասխանատվությունն է ուշի ուշով հետեւել իրավիճակին եւ ուզում եմ վստահ լինեք, որ, եթե որեւէ սպառնալիք լրացուցիչ ավելանա այն եղածին, ինչ որ այսօր ունենք, անպայման, իշխանություններն արձագանքելու են՝ նաեւ պատասխան ունենալով ընտրությունների հետ կապված»:
Պարոն Ղուլյանն ասաց, որ քվեարկելու օրը պետք է պահպանեն անձնական հիգիենայի կանոնները, առավելագույնս ախտահանման միջոցառումներ տեղի ունենան եւ ընտրատեղամասերում ընտրողների քանակին համապատասխան լինեն ձեռնոցներ, դիմակներ, անհատական գրիչներ, որպեսզի համավարակի տարածման համար առիթ չստեղծվի:
Նախագահի թեկնածուի խոսքով, այս թեմային առնչվող իրավական կարգավորումների դժվարություն կա, մասնավորապես՝ Սահմանադրությամբ. «Ընտրությունների հետաձգման պարագայում մենք ունենալու ենք 30 օրվա հետաձգում եւ 30 օր հետո, եթե անհրաժեշտություն լինի եւս 30 օր եւ դրանից հետո 50 օր հետո կարող են տեղի ունենալ ընտրությունները: Իսկ դա նշանակում է, որ լավագույն դեպքում մենք ունենալու ենք 80 եւ ավելի օրերից հետո նոր ընտրությունների հնարավորություն: Իսկ դա ժամանակային առումով արդեն անցնում է այն սահմանը, որը նախատեսված է մայիսի 21-ին, երբ ավարտվում են գործող Ազգային ժողովի լիազորությունները եւ սկսվում են նոր ԱԺ-ի լիազորությունները, եւ դրա հետ մեկտեղ պետք է սկսեն Արցախի հանրապետության նոր նախագահի լիազորությունները»:
Աշոտ Ղուլյանը նաեւ պատասխանեց սոցիալական խնդիրներին առնչվող հարցերին, թե նախագահ դառնալու դեպքում ինչպես է պատկերացնում զինվորականների սոցիալական խնդիրների լուծումը: Նրա խոսքով, պետք է հրամանատարների, սպաների ընտանիքների սոցիալական պաշտպանությանն ուղղված գործուն քայլեր, կարգավորումներ կատարել, որպեսզի սպաների ընտանիքներն ավելի պաշտպանված զգան:
Կարդացեք նաև
Նախագահի թեկնածուից նաեւ հարցրին՝ տնտեսության ո՞ր ճյուղերն են հեռանկարային եւ ինչպիսի՞ ռեսուրսներ կան, որոնք դեռեւս չեն օգտագործվել: Ի պատասխան, Աշոտ Ղուլյանն ասաց, որ իրենց նախընտրական ծրագրում էլ ամրագրել են, որ հեռանկարային են համարում գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, էներգետիկ համակարգը, հանքարդյունաբերությունը՝ բայց ուշադրություն դարձնելով բնապահպանական խնդիրներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ