Մինչ օրս ընդհանուր առմամբ որքա՞ն գումարի տուգանք է կազմվել, ինչո՞ւ են առանց նախազգուշական ակտերի քաղաքացիները միանգամից տուգանվել, արդյոք դա իրավաչա՞փ է, որքան ակտեր են բողոքարկվել․ այսօր այսպիսի հարցեր ուղղվեցին փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին:
Կառավարության մամուլի սրահում պարոն Մհրյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «Ոստիկանությունն իր գործողությունները կատարել է օրենքի սահմաններում: Առաջին օրը մինչեւ ժամը 16:00-ն մենք խնդրեցինք մեր քաղաքացիներին, ընթացքում բացատրում, ուղղորդում էինք, որպեսզի գիտակցեն, որ այդ ժամից հետո գործելու ենք օրենքի շրջանակներում: 1889 քաղաքացու նկատմամբ կիրառվել է վարչական տույժ, որոնք խախտել են ինքնամեկուսացման կանոնները եւ իրենց հետ անձնագիր եւ լրացրած թերթիկ չեն ունեցել»:
Փոխոստիկանապետն ասաց, որ տուգանքների արդյունքում առաջացած գումարի չափը դեռ հայտնի չէ:
Արդյոք հսկողություն սահմանվե՞լ է նաեւ գյուղական բնակավայրերում հարցին, եւ, մասնավորապես՝ Շիրակի մարզում քանի՞ մարդ է ենթարկվել վարչական պատասխանատվության, Հայկ Մհրյանն ասաց՝ այդ մարզում արձանագրվել է ինքնամեկուսացման 176 խախտում, իսկ 48 վարչական ակտ կազմել են ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ, որոնք ավել ուղեւոր են վերցրել:
Հայկ Մհրյանի տվյալներով, Սյունիքի մարզում էլ 40 իրավախախտի նկատմամբ է արձանագրություն կազմվել:
Փոխոստիկանապետից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ Ոստիկանության ակադեմիայում կա կորոնավիրուսով վարակված անձ: Մհրյանն ի պատասխան ասաց, որ նման բան չկա: Նրա խոսքով՝ ինչպես կրթահամալիրն այնպես էլ ոստիկանության մյուս ստորաբաժանումները, բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են կորոնավիրուսի շրջանակներում, իրականացվում են:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ