Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մի քանի օր է` կորոնավիրուսի դեմ պայքար է մղում նաև Հայաստանի պարծանքներից մեկը՝ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնը, որին, ըստ մեր տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխել հավաքականի՝ Լոնդոնից վերադառնալուն պես։
Նրա անուն-ազգանունը, բնականաբար, չենք հրապարակում, թեև Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ գաղտնիքներ պահել հնարավոր չէ․ որքան էլ արտակարգ դրություն հայտարարվի ու սահմանափակվի տեղեկատվություն հրապարակելու ազատությունը, այս քաղաքի բնակիչներն անմիջապես ճշտում են ու միմյանց են փոխանցում ցանկացած տեղեկատվություն, ընդհուպ՝ ովքեր են բուժվում, ինչ նոր հիվանդ տեղափոխեցին ինֆեկցիոն հիվանդանոց։
Գյումրեցիները չեմպիոնի դեպքում էլ մտահոգ են, անչափ անհանգստացած նրա առողջական վիճակով։
Ինչպես Aravot․am-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը, հեռախոսազանգերը մի վայրկյան անգամ չեն դադարում․ Գյումրին այնքան զգայուն ու ջերմ քաղաք է, որ ծանոթ-անծանոթ, լուրը լսելուն պես, զանգահարում ու հետաքրքրվում են։
Կարդացեք նաև
«Ով ասես զանգ է տալիս՝ ծանոթ-անծանոթ, թաղի մարդիկ, հարազատներ, ընկերներ, բարեկամներ․․․ Գյումրիում սպորտասեր հասարակությունը յուրահատուկ է, մեր բախտը շատ է բերել, մեր քաղաքի ժողովուրդը հետաքրքրվում է սպորտսմենների ճակատագրով։ Մեկ էլ զանգում են՝ վայ, գիտեք իմացել ենք․․․ Շտապում եմ բոլորին հանգստացնել՝ ամեն ինչ լավ է ու լավ է լինելու, կարծես չեմպիոնի մամուլի քարտուղարը լինեմ»,- կատակում է Մեխակ Ղազարյանը։
Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ անմիջական կապի մեջ է թե՛ չեմպիոնի, և թե՛ մեկուսացած մյուս մարզիկների ու մարզիչի հետ։ Ըստ նրա, բռնցքամարտի ֆեդերացիան պատրաստ է օգնել նրանցից բոլորին, սակայն առայժմ ոչ մեկը օգնության կարիք չունի։
«Անընդմեջ կապի մեջ ենք․ օրական 2-3 անգամ հեռախոսազրույց եմ ունենում բոլորի հետ, ճշտում ՝ ինչի՞ կարիք ունեն, ասում են՝ ոչ մի բանի կարիք չունենք, շուտ ավարտվի, տուն գնանք։ Ասեմ, որ չեմպիոնի տրամադրությունն էլ բարձր է, ուղղակի նա էլ անհամբեր է, երբ պիտի ապաքինվի ու դուրս գրվի»,-ասում է Մեխակ Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Լոնդոնում մասնակցում էր օլիմպիական վարկանիշային մրցաշարին։
Բռնցքամարտի ֆեդերացիան ևս հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող եւ ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված անձ կա նաեւ հավաքական թիմում:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության տակ»:
Այս հայտարարությունը պարետատան պահանջով հեռացվել էր։
Aravot.am-ը մարզիկի վարակված լինելու լուրը ճշտել էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Այս գերատեսչությունից Aravot.am-ին տեղեկացրել էին, որ Լոնդոնի վարկանիշային մրցաշարի դադարեցումից հետո Հայաստան վերադարձած բռնցքամարտի հավաքականը հենց օդանավակայանում ստուգում է անցել եւ դրա հետեւանքով է բացահայտվել տվյալ մարզիկի վարակված լինելու հավանականությունը (անուն-ազգանուն չեն հրապարակել): Իսկ հավաքականի մյուս մարզիկները եւ մարզիչները ներկայումս պատշաճ մակարդակով ինքնամեկուսացված են եւ գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ