Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկություն էր տարածել, թե իր մրցակից Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի հովանու ներքո Լոնդոն՝ եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշար, մեկնած հավաքականի 10 բռնցքամարտիկներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, սակայն հետագայում պարետատան պահանջով հեռացրել էր հրապարակումը:
Aravot.am-ը իրողությունը փորձեց պարզել հենց ԿԳՄՍ նախարարությունից: Այնտեղից հաստատեցին լուրի իսկությունը, սակայն մարզիկի անունը, որը գտնվում է բուժհաստատությունում, չհրապարակեցին, հավանաբար, խուճապ չառաջացնելու նպատակով:
Նախարարությունից նաեւ ասացին, որ Լոնդոնի վարկանիշային մրցաշարի դադարեցումից հետո Հայաստան վերադարձած բռնցքամարտի հավաքականը հենց օդանավակայանում ստուգում է անցել եւ դրա հետեւանքով է բացահայտվել տվյալ մարզիկի վարակված լինելու հավանականությունը: Իսկ հավաքականի մյուս մարզիկները եւ մարզիչները ներկայումս պատշաճ մակարդակով ինքնամեկուսացված են եւ գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ