COVID-19-ի համավարակն աննախադեպ մարտահրավեր է Եվրոպայի և ողջ աշխարհի համար, այն պահանջում է հրատապ, որոշիչ և համապարփակ գործողություններ ինչպես Եվրամիության, այնպես էլ տարածաշրջանային և տեղական մակարդակով: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի անդամ երկրների համատեղ հայտարարության մեջ:
«Մենք կանենք ամեն բան, ինչ անհրաժեշտ է մեր քաղաքացիներին պաշտպանելու և ճգնաժամը հաղթահարելու համար ՝ միաժամանակ պահպանելով մեր եվրոպական արժեքներն ու կենսակերպը: Գիտակցում ենք, որ ձեռնարկված միջոցառումները բեռ են մեր քաղաքացիների համար և բարձր ենք գնահատում նրանց պատասխանատվության զգացումը: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում համավարակի զոհերի ընտանիքներին: Բարձր ենք գնահատում բժշկական ոլորտի աշխատակիցների անձնազոհությունը և ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ խորհրդի անդամ երկրները շեշտել են, որ կշարունակեն համագործակցել միջազգային հանրության և գործընկերների հետ գլոբալ համավարակի դեմ պայքարում: «Մենք ուժեղացրել ենք սահմանների վերահսկողությունը՝ կիրառելով ժամանակավոր սահմանափակումներ դեպի ԵՄ ոչ էական ճամփորդությունների համար: Մենք կգնահատենք իրավիճակը և կորոշենք ՝ արդյոք անհրաժեշտ է երկարաձգել սահմանափակումները, թե ոչ»,-ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ խորհրդի անդամ երկրները շեշտել են ԵՄ տարածքում բժշկական անհրաժեշտ սարքավորումների ապահովման անհրաժեշտությունը, ինչն այս պահին առաջնային խնդիրներից է: Նշվում է նաև, որ Եվրամիությունը մոբիլիզացրել է 140 միլիոն եվրո՝ 17 ծրագրի, այդ թվում՝ պատվաստանյութերի համար: «Լիովին գիտակցում ենք COVID-19 ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքների ծանրությունը և կանենք ամեն ինչ այս մարտահրավերը համերաշխության ոգով հաղթահարելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ