Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան խճանկար. ԱՄՆ կառավարության ֆինանսավորման դադարեցումից մինչեւ ամսի 31-ին կայանալիք ընտրությունների չեղարկում

Մարտ 28,2020 11:05

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից «The HALO Trust» կազմակերպությանը Արցախում ականազերծման աշխատանքների համար տրամադրվող ֆինանսական աջակցությունը երկար տարիներ իրականացվում էր ամերիկյան մարդասիրական օգնության ծրագրի շրջանակներում։ Չնայած նախապես ծրագրված էր ականազերծման աշխատանքներն ավարտին հասցնել 2020 թվականին, այս ուղղությամբ դեռ անելիքներ կան և հույս ունենք, որ մեր բարեկամ կոնգրեսականները համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով կփորձեն Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության դրույթը ներառել հաջորդ տարվա բյուջեում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի ժողովրդական կուսակցության նախագահ, Արցախի նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը`անդրադառնալով ԱՄՆ կառավարության կողմից օրերս կայացրած որոշմանը` դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը:

Ի դեպ, ԱՄՆ-ը միակ երկիրն էր, Հայաստանից զատ, որը ուղիղ օգնություն էր տրամադրում Արցախին: Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ ծրագիրը կարող է փոխվել «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագրով: «…Մեր գործակալությունները տեսնում են հնարավորություն ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության ֆինանսավորման համար, որը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, օրինակ՝ որպես բնակչությանը խաղաղության նախապատրաստում», – գրել են օրենսդրական հարցերով պետքարտուղարի օգնական Մերի Էլիզաբեթ Թեյլորը և ԱՄՆ ՄԶԳ օրենսդիր և հանրային հարցերով կառավարչի օգնական Ռիչարդ Ք.Պարկերը:

«Առաջ նայող ծրագրերը, որոնք աջակցում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և հիմք են դնում ավելի բարեկեցիկ ապագայի համար, հույս են ներշնչում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար երկարաժամկետ հեռանկարում»: Աշոտ Ղուլյանից հետաքրքրվեցինք` սա ի՞նչ է նշանակում, մտնում ենք Արցախի հարցի լուման վերջնական փո՞ւլ: «Ինչ վերաբերում է պետքարտուղարության աշխատակիցների մեկնաբանություններին, ապա տեղին եմ համարում նշել, որ տարածաշրջանային իրադրությունը նրանց վաղուց պետք է հայտնի լիներ, մասնավորապես, որ Արցախի բնակչությանը խաղաղության նախապատրաստելու, առավել ևս այս ուղղությամբ ֆինանսական օժանդակության անհրաժեշտություն չկա։ Փոխարենը, Արցախում ունենք վերականգնողական և մարդասիրական ծրագրերի կարիք, որի համատեքստում էլ ակնկալում ենք ամերիկյան (և ոչ միայն ամերիկյան) աջակցությունը»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

«Նման զզվելի երեւույթներ չեն եղել Արցախում երբեւիցե». Դավիթ Բաբայան

Նույն հարցի շուրջ «Առավոտի» հետ զրույցում, Արցաի խորհրդարանական ընտրություններին մասնակցող պահպանողական կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանն էլ ասաց, նախ պետք է երախտագիտություն հայտնենք ԱՄՆ-ին, որ տարիներ շարունակ օգնել է Արցախի Հանրապետությանը: Այդ օգնության շնորհիվ էլ է նաեւ, որ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր կյանքեր են փրկվել` ականազերծման գործընթացի արդյունքում: «Իհարկե, լավ կլիներ, որ ծրագիրը շարունակվեր: Բայց պետք է երախտապարտ լինենք, նեղանալու, նեղսրտելու դրսեւորումներ չպետք է լինեն: Միգուցե պետք է մտածենք` այնպես անել, որ վերականգնվի այդ ծրագիրը կամ այլ աղբյուրներ գտնենք»,- ասաց Դավիթ Բաբայանը: Ինչ վերաբերում է ծրագրի` «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու» հնարավոր վերափոխմանը, մեր զրուցակիցը կարծում է, որ դա հիմնականում Ադրբեջանին պետք է ուղղված լինի: «Մենք միշտ ասել ենք, որ ընդհանրապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին միակ խոչընդոտը դա Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն է:

Մի երկրում, որտեղ կա հայատյացություն, այդ երկրից չենք կարող ակնկալել, որ փոփոխություններ են լինելու: Նրանք ատում են հայերին, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ամեն դեպքում, իր համար ողջունելի գաղափար է` ադրբեջանական ժողովդին խաղաղության նախապատրաստելը, բայց ինքը նաեւ այս առումով իրատես է ու կարծում է, որ Ադրբեջանում օգնության այդպիսի տարբերակով, այդ ծավալով, հնարավոր չէ երկրում իրավիճակ փոխել: Որպեսզի Ադրբեջանում մոտեցումներ փոխվեն եւ նացիստական գաղափարախոսությունը նվազի, Դավիթ Բաբայանի կարծիքով՝ ողջ միջազգային հանրությունը բազմակողմանի եւ լայնածավալ աշխատանք պետք է տանի:

Ի դեպ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ԵԱՀԿ-ն ղարաբաղա-ադրբեջանական սահմանում մշտադիտարկումն է դադարեցրել: Դավիթ Բաբայանից նաեւ հետաքրքրվեցինք` սա վտանգ ներկայացնո՞ւմ է, Ադրբեջանին ավելի ազատ գործելու հնարավորություն տալի՞ս է ռազմական գործողությունների վերսկսման առումով: «Ոչ, քանի որ առանց այդ էլ մենք արձանագրում եւ ներկայացնում ենք խախտումները: Չեմ կարծում, թե մշտադիտարկման դադարեցումը մշտական բնույթ է կրելու: Դա ժամանակավոր է եւ չեմ կարծում, որ այդ ընթացքում իրավիճակ կփոխվի»,- պատասխանեց նա:

Ինչ վերաբերում է վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում եւ Արցախում ամենաբուռն քննարկումների առարկա դարձած հարցին` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ընտրությունները հետաձգելուն, ինչի մասին չի դադարում հորդորներ եւ կոչեր հնչեցնել Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը, իսկ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հայտարարել էր, որ ըմբռնումով կմոտենա, եթե որոշվի հետաձգել ընտրությունները, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ իրենց համար ժողովրդի առողջությունը առաջնային հարց է, բայց իրենք անթույլատրելի են համարում շահարկումները. «Հիմա էլ են շահարկում: Ժողովրդի մասին մտածելը պետք է քայլերով երեւա: Որոշ ուժեր կան, չեմ ուզում անուններ տալ, բոլորն էլ Արցախում գիտեն, թե ով` ով է…»:

Եվ քանի որ Արցախում վարակի գեթ մեկ դեպք արձանագրված չէ, իսկ հանրապետության ողջ տարածքում կանխարգելիչ-պրոֆիլակտիկ աշխատանքներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով, ընտրությունները հետաձգելու որոշում կայացնելը, Դավիթ Բաբայանի կարծիքով՝ պետք է լինի ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական եւ առողջապահական տեսանկյունից. «Նման որոշում կարող է տալ միմիայն համապատասխան կառույցը` տվյալ դեպքում, ԱՀ առողջապահության նախարարությունը կամ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որը զբաղում է կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներով: Կորոնավիրուսի համաճարակից զատ, նաեւ քաղաքակա՞ն ճգնաժամ ստեղծենք երկրում»: Նրա համոզմամբ, եթե ընտրությունները հետաձգելու որոշում կայացվի, հակառակ մանիպուլյացիան է լինելու`«հայտարարելու են, թե իշխանություն են ուզում պահել»: Դավիթ Բաբայանը գտնում է, որ հանրային առողջության պահպանմանը եւ ամրապնդմանը զուգահեռ պետք է երկիրը զերծ պահել «քաղաքական կորոնավիրուսից»:

Հարցին` Վիտալի Բալասանյանի ներկայացրած հիմքերը` Արցախում արտակարգ դրություն հայտարարելու մասին, Ձեզ համար անընդունելի՞ են, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ես չեմ ասում` ընդունելի են, անընդունելի են: Ես ասում եմ` բացառապես առողջապահության նախարարության եւ միջգերատեսչական հանձնաժողովի հորդորներին պետք է ականջալուր լինենք եւ չքաղաքականացնենք: Ամոթ է արդեն, ամեն ինչ քաղաքականացվում է: Դուք չեք պատկերացնում, թե Արցախում ի՞նչ է կատարվում: Նման զզվելի երեւույթներ չեն եղել Արցախում երբեւիցե: Մարդիկ կան, կուսակցություններ կան, որ ընդհանրապես չեն ունեցել արժանապատվություն եւ հիմա ամեն ինչ շահարկում են: Բոլորս էլ մտահոգ ենք, որ կորոնավիրուսը չտարածվի, բայց արդեն պետք է զերծ մնանք այդ քաղաքական շահարկումներից»:

Անուններ հնչեցնել Դավիթ Բաբայանը չցանկացավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031