Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զանազանել կարեւորն անկարեւորից

Մարտ 28,2020 10:00

Համավարակն աշխարհում այնպիսի հսկայական մասշտաբների է հասել, որ միջազգային կազմակերպությունները եւ համաշխարհային լիդերները (նրանց խելամիտ մասը) կոչ են անում վերջ տալ պատերազմներին, այդ թվում նաեւ՝ տնտեսական, եւ գիտակցել, որ ամբողջ մարդկությունն այսօր «մի նավակում է», եւ խոսքը միլիոնավոր մարդկանց կյանքի եւ մահվան մասին է:

Իսկապես նման իրավիճակում կարեւոր է զանազել կարեւորը երկրորդականից, մոռանալ հակասությունների մասին եւ կենտրոնանալ փոխօգնության, համերաշխության եւ համագործակցության խնդիրների վրա: Մեզ՝ ազգային մակարդակով նույնպես անհրաժեշտ է որոշ ժամանակով մոռանալ այն մասին, ինչը Հայաստանում կոչվում է «քաղաքականություն», որն այսօր նույնքան անպատեհ է, որքան դատարկ փողոցներում փակցված հանրաքվեի քարոզչական նյութերը:

Անցած շաբաթ մի այդպիսի փոքրիկ եւ անպատեհ քաղաքական միջադեպ տեղի ունեցավ մեր խորհրդարանում: Պատգամավորներից մեկը ցանկացավ պոպուլիզմի առումով մրցել վարչապետի հետ (ինչն ինքնին, իհարկե, շատ դժվար է): «Պոպուլիզմ» բառի մեջ ոչ մի բացասական իմաստ չեմ ներդնում՝ դա քաղաքական պայքարի անբաժանելի մասն է: Եթե կառավարությունն ասում է՝ «մենք ժողովրդին կտանք x-ը, y-ը, z-ը», ապա պատգամավորը պետք է ասի՝ «չէ, դուք ժողովրդի մասին իմ չափ չեք մտածում, նրան պետք է տալ 10x, 10y եւ 10z»: Նման երկխոսության մեջ որեւէ արտառոց բան չկա, այն կրկնվում է առնվազն Հին Աթենքի կամ Հին Հռոմի ժամանակներից: Բայց այդ առօրյա քաղաքական բանավեճն արտառոց է հնչում գլոբալ ճգնաժամի՝ համավարակի ժամանակ, որից ամեն օր աշխարհում հազարավոր մարդիկ են մահանում: Չկա աշխարհում որեւէ նորմալ մարդ, որը նման իրավիճակը փոխելը մարդկության ամենակարեւոր խնդիրը չհամարի:

Ճիշտ նույն տրամաբանությամբ այսօր «չի նայվում» նախընտրական պայքարն Արցախում: Չեմ կարծում, որ որեւէ արտառոց բան պատահի, եթե ընտրությունը երկրորդ հայկական պետությունում կայանա, ասենք, աշնանը: Եթե անգամ մեր եղբայրներին եւ քույրերին ոչ մի վտանգ չի սպառնում, մարդկանց ուշքն ու միտքը հիմա ընտրությունները չեն: Կարծում եմ, Արցախի Հանրապետության իշխանությունները եւ քաղաքական գործիչները պետք է, ինչպես ասում են, «ժողովրդի սրտով գնան»:

Ակնհայտ է, չէ՞, որ կորոնավիրուսի մասին ավելի երկար են հիշելու, քան այն, թե որ քաղաքական գործիչն ում մասին ինչ էր խոսում: Կամ անգամ այն մասին, թե ով որ գահին էր նստած: «Ի՞նչ է հավերժ փառքը: Կատարյալ ունայնություն: Ամեն ինչ հպանցիկ է՝ ե՛ւ նրանք, ովքեր հիշում են, ե՛ւ այն, թե ինչ են հիշում», – ասում էր Մարկոս Ավրելիոսը: Կայսր մարդ էր՝ երեւի գիտեր թե ինչ էր խոսում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հմմմ… եալլա (= դավայ), բանտը նստո՞ղն ալ մոռնանք… իր տարիքին, եթէ վարակուի, մեռնելու հաւանականութիւնը բաւականին բարձր է… չե՞ն կրնար տուն ուղարկել, մինչեւ որ այս վիճակը վերջանայ, յետոյ ետ թող բանտարկեն, եւ շարունակեն նայինք, այդ անվերջանալի «դատավարութիւնը»… եւ հաստատ կարող էին այդպէս անել, ճի՛շդ ատենին… հրեշային բան մը կայ, ձեր երկրում… երեւութապէս՝ լիքը քաղցրութիւն, ջերմութիւն, սակայն խորքին մէջ՝ խորապէս անմարդկային մի բան… մոռնանք, հա՜ լաւ… մոռանանք…

  2. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան եթե վստահ եք, որ վարչապետը պոպուլիստ է, ինչու ձեր այս հարցազրույցում նրան դա չասացիք՞՞՞՞

    վախենում եք նրանից՞՞՞
    https://www.shantnews.am/news/view/629306.html

    • Հ.Շ. says:

      Եթէ լրագրող մը «կարծր» հարցազրոյց կատարէ, Փաշինյանն ալ, իր վարչակարգի կարկառուն դէմքերն ալ, բոյկոտի կ’ենթարկեն այդ լրագրողի տեղեկատւական հաստատութիւնը: Ի մեծ հրճուանք եւ ուրախութիւն՝ իրենց ժողջանին:

      Աշխարհի բոլոր ամբոխահաճոյ, ամբոխավար իշխանաւորները այդպէս են անում: Եւ այդ կերպով, հանրային տեղեկատուական գործակալութիւնները իրենց գրպանը դնելէ ետք, կը պարտադրեն որ նոյնիսկ չէզոք մնալ ուզող, լուրջ թերթերը, ստիպուին իրենք զիրենք զսպել… Գոյատեւման խնդիր է:

      Յիմարները նախկիններն էին, որ այսպիսի հնարքներ չգործածեցին:
      High road-ը առնելը լաւ է. մինչեւ որ գայ պահը… վար իյնալու:

      Մ. Հայդուկ Շամլեան

      https://www.facebook.com/Blog-H-368796210632940

      https://haytougchamlian.blog/

  3. Հ.Շ. says:

    Կորոնավիրուսի համաճարակի գոյացումէն առաջ՝ իշխանութիւնների բացթողումները չեն վերաբերիր միայն Հայաստանին: Այդ ուղղութեամբ ՀՀ իշխանաւորները քննադատելը ուղղամիտ մօտեցում չէ:

    Սակայն ի սկզբանէ Հայաստանի այժմու վարչակարգին դէմ եղող անձի մը համար, վեհագոյն Արդարութեան տեսանկիւնից, յարաբերական «սփոփանքը» հետեւեալն է՝
    https://www.facebook.com/permalink.php?story_fbid=623803485132210&id=368796210632940

  4. Լավատես says:

    Փողը վերպետական միջոց է, պետություններին տրված է միայն այդ փողերի մարտավարությունն իրականացնելու իրավունք, բայց ռազմավարական քաղաքականությունը օտարի ձեռքում է, կամ այդ օտարին պետք է բարեկամ դարձնել կամ էլ անհապաղ պետք է հրաժարվենք օտարի փողից: Առաջինը հնարավոր կլիներ, եթե մենք օտարի հետ վերպետական մրցակցության մեջ մտնեինք ու հաղթեինք, բայց վերպետական կառույցի ստեղծմանը նախորդում է վերպետական հատուկ ծառայությունների ստեղծումն ու միջազգային հաջող գործողությունները՝ ներգրավելով յուրաքանչյուր հայի եւ հայի բարեկամի աշխարհի բոլոր երկրներում: Այսօր այդ ամենը դեռ չկա, կա միջկուսակցական պարզունակ գզվռտոց, որը մեզ հեռացնում է վերպետական կառույց ստեղծելուց ու անկախ ազգ դառնալուց: Իսկ առայժմ՝ մենք պետք է ստեղծենք բազմադասակարգային համակարգ, դասակարգի ներսում փողն ընդհանրապես վերացնել՝ ամեն ինչ անվճար պետք է լինի: Ասենք, ունենք տասը դասակարգ, ամենաբարձր դասակարգը թող Արքան լինի, ունենք մասնագիտական կառույցներ, որտեղ մասնագետներն իրենք իրենց մեջ ինքնադասակարգվում են տասը չափանի համակարգով, այսպիսով ամեն չափի մասնագետը մտնում է իր չափին համապատասխան դասակարգի մեջ: Սա որպես օրինակ, ռազմավարության մասնագետներ են պետք:

  5. Ruben says:

    Οχλος բաշիբոզուկներ, Փաշա այո! և

    Համավարակն աշխարհում այնպիսի հսկայական մասշտաբների է հասել, որ միջազգային կազմակերպությունները եւ համաշխարհային լիդերները (նրանց խելամիտ մասը) կոչ են անում վերջ տալ պատերազմներին, այդ թվում նաեւ՝ տնտեսական, եւ գիտակցել, որ ամբողջ մարդկությունն այսօր «մի նավակում է», եւ խոսքը միլիոնավոր մարդկանց կյանքի եւ մահվան մասին է:

    https://pikabu.ru/story/demos_okhlos_plebos_ili_pochemu_putayutsya_lyudi_govoryashchie_o_demokratii_5664474

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031