Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ի՝ Արցախին օգնության տրամադրման ծրագիրը պահպանելը բարդ է լինելու»

Մարտ 28,2020 14:30

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն օրերս որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը: ԱՄՆ-ից Արցախին տրվող  ֆինանսական օգնության դադարեցման մասին «Առավոտ»-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:

-Պարոն Սարգսյան, պաշտոնապես ի՞նչ պատճառներ են վկայակոչվում՝ Արցախին տրվող աջակցությունը դադարեցնելու վերաբերյալ:

-Նշվում է, որ ծրագիրն արդեն ավարտվել է, եւ Արցախի տարածքներն 95%-ով ականազերծվել են: Բայց եթե անգամ այդպես է, ապա կարելի էր այս ծրագիրը ոչ թե փակել, այլ մեկ այլ ծրագիր ֆինանսավորել, ինչպես ժամանակին ֆինանսավորվեց Ստեփանակերտի խմելու ջրի համակարգի ծրագիրը: Նույն կերպ հիմա կարող էին Արցախի այլ քաղաքի նմանօրինակ ծրագիր ֆինանսավորել:

-ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության դադարեցման այս որոշումը վերջնակա՞ն իրավական ակտ կարելի է դիտարկել:

-Բյուջետային քննարկումները նոր են տեղի ունենում, բյուջեի նախագիծը ներկայացված է ըստ առաջնահերթությունների, որոնք գերատեսչություններն արդեն իսկ ունեն 2021թ.-ի համար: Կարեւոր է հասկանալ, որ ԱՄՆ-ում բյուջետային հատկացումները տեղի են ունենում ոչ միայն դրանց հաստատումներով, այլեւ լրացուցիչ խողովակներով եւ մեթոդներով: Լրացուցիչ ֆինանսական միջոցներ կարող են տրամադրվել նաեւ այսպես կոչված պահուստային ֆոնդից: Բայց Արցախի առնչությամբ խոսքը մի ծրագրի մասին է, որը ֆինանսավորման պահպանման տեսանկյունից բարդ է լինելու, քանի որ այդ ծրագրի ֆինանսավորման  դեմ հանդես եկող բավականին ազդեցիկ շատ ուժեր կան: Կարեւոր է ընդգծել, որ Թրամփի ադմինիստրացիայի կողմից այս ծրագրին առաջնահերթություն չի տրվում՝ ոչ միայն այն պատճառով, որ Թրամփի վարչակազմի համար ՀՀ-ն եւ Արցախն առաջնահերթություն չեն, այլեւ այն պատճառով, որ արտաքին օգնությունն առհասարակ առաջնահերթություն չէ: Այս բարդ իրավիճակում, հաշվի առնելով նաեւ կորոնավիրուսի տարածումը եւ դրանով պայմանավորված՝ ԱՄՆ պետական համակարգի չաշխատելը, չափազանց բարդ է մեր լոբբիստների՝ կոնգրեսականների հետ ակնկալվող աշխատանքը տանելը, որպեսզի ֆինանսավորումը շարունակելու համար այլ միջոցներ գտնվեն:

-ԱՄՆ իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ  հայտարարեցին՝ չի բացառվում, որ Արցախում այլ նախագծեր իրականացվեն: Ինչպիսի՞ նախագծերի մասին կան խոսակցություններ:

-Եթե նկատի ունեք այն ծրագիրը, որը վերաբերում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն, ապա այո, նման ծրագրերի վերաբերյալ քննարկումներ եղել են, որպեսզի ֆինանսավորվի նույն խողովակով, բայց այլ հոդված: Չի բացառվում, որ այս պարագայում ֆինանսավորման ծավալն էլ ավելանա: Համենայն դեպս, կարծում եմ՝  այս տեղեկությունը լրատվադաշտ նետելն ավելի շատ փորձնական քայլ էր՝ հայ համայնքի եւ լոբբիստների տրամադրությունները ստուգելու նպատակով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ա. Հավելենք, որ ծրագրի դադարեցման առնչությամբ Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է. «Մարդասիրական ականազերծման աշխատանքներն Արցախում դեռեւս ավարտված չեն, եւ պահպանվում են Արցախի բնակչության համար ականներով պայմանավորված վտանգները: Մարդասիրական ականազերծումն էական նշանակություն ունի Արցախի ժողովրդի համար, քանի որ ապահովում է քաղաքացիական բնակչության անվտանգությունը, տեղաշարժը եւ պայմաններ է ստեղծում տնտեսական եւ սոցիալական գործունեության համար: Այս համատեքստում ափսոսանք է առաջացնում ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը… Լիահույս ենք, որ ամերիկյան կառավարությունը կշարունակի աջակցել Արցախում զարգացման եւ մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված այլ ծրագրերի իրագործմանը»:

«Առավոտ» օրաթերթ
27.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031