«Շուշի» հիմնադրամի հայտարարությունը
Նախագահական եւ պատգամավորական նախընտրական գործընթացը, ինչպես 1988 թվականին, արցախցիներին կանգնեցրել է լինել-չլինելու հարցին պատասխան տալու առջեւ: Մի կողմում նոր՝ Արցախում իրական հեղափոխություն իրականացնելուն պատրաստ ուժերն են, որոնք համախմբվելով նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի եւ նրան աջակցություն հայտնած Սամվել Բաբայանի ու յոթ կուսակցությունների շուրջը, իրենց վճռական խոսքն են արտահայտում կոռումպացված նախկին իշխանության վերարտադրության հնարավորությանը: Եթե այս կողմում կամավորական սկզբունքով ազնիվ ու արդար պայքարն է, ապա մյուս կողմում ծայրահեղ աղքատության մեջ հայտնված մարդկանց բացահայտ կաշառքի միջոցով հավաքագրելը, սուտ խոստումները: Հսկայական միջոցներ ներդնելով, պաշտոնական դիրքի չարաշահումով հարստացած օլիգարխը նպատակ ունի կրկին գալ իշխանության, արդարադատությունից պաշտպանել անօրինությամբ կուտակած միջոցները, բազմապատկել այն, որի երաշխավորը կլինի ԱՀ նախագահի աթոռը: Հատկանշական է, որ Արցախում ամենակոռումպացված անձը իր քարոզչության հենարան է հայտարարում ՀՀ-ում թավշյա հեղափոխություն իրականացրած իշխանություններին, նրա առաջնորդին: Հարց է առաջանում. արդյո՞ք ՀՀ-ում համամարդկային չարիքի՝ կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար սկսած իշխանությունները պաշտպանում են Արցախի Հանրապետությունում բացահայտ կոռումպացված, պաշտոնեական դիրքի չարաշահումով տնտեսությունների ոռոգովի հողերը զավթած անձնավորությանը, որի արդյունքն է ընդհանուր աղքատությունը, մասսայական արտագաղթը: ՀՀ իշխանությունները պարտավոր են պարզություն մտցնել այս հարցում:
Վերջերս Արցախում ակտիվացել է մեկ այլ ուժ եւս, որը աջակցում է պաշտոնաթող գեներալ Վիտալի Բալասանյանի թեկնածությանը նախագահական աթոռի համար պայքարում: Վ. Բալասանյանը բացահայտորեն հանդես է գալիս ՀՀ նախկին իշխանությունների պաշտպանի դիրքերից, որը հղի է ՀՀ եւ ԱՀ միջեւ արհեստականորեն հակասություններ ստեղծելու, հայկական երկու պետությունները տարաբաժանող սեպ խրելու վտանգով, ինչն, անշուշտ, ձեռնտու է մեր ոխերիմ հարեւաններին: Այս խմբի քարոզիչներն ամեն քայլի դիմում են, որպեսզի հեղինակազրկեն ԱՀ արտգործնախարար, ընտրապայքարում բացարձակ ֆավորիտ համարվող Մասիս Մայիլյանին եւ պատերազմում փառավոր ուղի անցած գեներալ Սամվել Բաբայանին: Նրանց հայտնի վերլուծաբաններից մեկը իր տեսաելույթում ստահոդ լուր տարածեց, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը արգելել է Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի մուտքը իրենց երկիր: Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչը օրերս հայտնեց, որ դրանք կեղծ լուրեր են: ՌԴ իշխանությունները ոչ միայն տեղյակ չեն այդ կեղծիքից, այլեւ անիմաստ են համարում քննարկել այն, սակայն պատրաստ են պատժել նման կեղծիք տարածողներին: Սակայն այս թեկնածուն զգալով, որ հաղթանակի ոչ մի հնարավորություն չունի, պատճառ բռնելով համաճարակի վտանգը, վերջերս սկսել է առաջարկել, որ ընտրությունները հետաձգվեն:
Ադրբեջանական քարոզչությունը, որն ակտիվ պատերազմ է վարում հայկական երկու հանրապետությունների դեմ, սոցցանցերում կեղծ օգտատերերի անուններից նյութեր է հրապարակում, փորձելով իր կամքը թելադրել Արցախի ընտրողներին: Նրա թիրախում հիմնականում արտգործնախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն է, հիմնական նյութը՝ Արցախի ազատագրած տարածքներում հայ-ադրբեջանական համատեղ բնակավայրեր կառուցելը, որին իբր կողմ է եղել Մասիս Մայիլյանը: Այս հրապարակումը երկու նպատակ ունի: Նախ՝ արցախցիների մոտ հնարավորինս հեղինակազրկել Մասիս Մայիլյանին, խանգարել նրան նախագահ ընտրվելու, քանի որ բազմիցս համոզվել են նրա սկզբունքայնության, դիվանագիտական ունակությունների եւ հայրենասիրության մեջ, դրանով իսկ նպաստել իրենց համար գերադասելի թեկնածուի ընտրությանը: Մյուս նպատակը «համատեղ բնակավայրերի» գաղափարը ժողովրդին ընտելացնելն է, որը Հայոց Արցախը վերանվաճելու ծրագիր է: Ինչպես մեջլիսի պատգամավորներից մեկն է ասում. «Պատերազմում չհաղթեցինք, մեր փողերով կհաղթենք»: Հետեւելով ադրբեջանական տարբեր կայքերում ու լրատվամիջոցներում Արցախի ընտրությունների հետ կապված վերլուծական հրապարակումներին, համոզվում ենք, որ Բաքվի քաղաքական վերնախավը ուշի-ուշով հետեւում է արցախյան գործընթացներին եւ որոշակի հույսեր է փայփայում ընտրության արդյունքների հետ: Նրանք որոշակի հույսեր են կապում մեկ այլ թեկնածուի հետ, որը տարբեր տիպի ընտրակաշառքներ է բաժանում ընտրողներին: Նույնիսկ մեջլիսի նույն պատգամավորը սկսել է ենթադրել, որ եթե արցախցի ընտրողը հեշտությամբ կաշառք է ընդունում, ինչո՞ւ իրենք չօգտվեն այդ հնարավորությունից: Բաքվի վերլուծաբանները խիստ դժգոհ են Մասիս Մայիլյանի եւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի համագործակցությունից եւ հաճախ են այս խնդրում օգտագործում այս խնդրին առնչվող մյուս թեկնածուների թիմերի հրապարակումները: Արցախի եւ ՀՀ լրատվամիջոցները, ինչպես եւ Ֆեյսբուքի օգտատերերը պետք է այս խնդրում եւս զգույշ լինեն:
Կարդացեք նաև
Նախագահի 14 թեկնածուների թիմերի միջեւ պայքարը օր օրի այնքան է սրվում, որ որոշ ակտիվիստների նյարդերը չեն դիմանում եւ տեղի են ունենում միջադեպեր, փոքրիկ ընդհարումներ: Լրատվամիջոցները, որոնք ոչ միայն չեզոք չեն, այլեւ այս կամ այն թիմի պատվեր են կատարում, չպետք է դրանք ծայրահեղացնեն, ավելի սուր ձեւով ներկայացնեն հանրությանը: Ի վերջո, հնի ու նորի, կոռուպցիայի եւ արդարության, օլիգարխների եւ հարստահարվածների միջեւ կենաց պայքար է: Արցախի հանրությունը պետք է որոշի՝ ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՝ ՉԼԻՆԵԼ:
«Շուշի» հիմնադրամը հուսով է, որ արցախահայությունը ճիշտ կկողմնորոշվի նախընտրական թեժ պայքարում:
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«ՇՈՒՇԻ» հիմնադրամի նախագահ, արձակագիր, հրապարակախոս
«Առավոտ» օրաթերթ
27.03.2020