Այն փառքին, որ ուներ Յուրի Նիկուլինը, կարող էին նախանձել նրա բոլոր գործընկերները:
Նրան ճանաչում էր ողջ Խորհրդային երկիրը, կանայք սիրահարվում էին ֆիլմերում մարմնավորած նրա կերպարներին, որոնց արտահայտությունները դառնում էին թեւավոր խոսքեր:
Կրկեսին էլ արվեստագետը ծառայեց շուրջ կես դար, հյուրախաղերով շրջեց աշխարհով մեկ:
Kulturologia.ru-ն որոշ դրվագներ է ներկայացրել հարուստ ժառանգություն թողած արվեստագետի կյանքից:
Նա դերասան էր առանց կրթության: Երբ պատերազմից հետո նա գալիս է ՎԳԻԿ, ընդունող հանձնաժողովը հայտարարում է, որ Նիկուլինը դերասանական շնորհք չունի եւ էկրանին չի նայվի, նմանօրինակ պատասխան են տալիս նաեւ ԳԻՏԻՍ-ում: Համառությունը Նիկուլինին տանում է կրկես: Դեռ դպրոցական տարիներից նա շուրջ հազար անեկդոտ էր գրի առել, եւ ոչ միայն անեկդոտներ, այլեւ դրանց առանցքային արտահայտություններն ու բանալի բառերը:
Ասում են՝ անգամ բանակում նրա մասնակցությամբ մի զավեշտալի միջադեպ է եղել: Նիկուլինը տասը տուփ սիգարետի վրա գրազ է եկել, թե ով ավելի շատ անեկդոտ կպատմի եւ երկուժամյա «պայքարից» հետո, որի ընթացքում զինվորները հոգնել են ծիծաղելուց, ինքը հաղթող է ճանաչվել:
Իր ինքնակենսագրական «Համարյա լուրջ» գրքում արտիստն անդրադարձել է պատերազմի տարիներին, որին մասնակցել է որպես զինվոր: Նիկուլինը խոստովանել է, որ իր համար էլ են սարսափելի եղել այդ տարիները, պատմել է, թե ինչպես էին ոմանք վախից հիստերիայի մեջ ընկնում կամ լաց լինում: Նա մի քանի շքանշան է ստացել, այդ թվում՝ «Արիության համար», «Լենինգրադի պաշտպանության համար»:
Յուրի Նիկուլինը կինոյում հայտնվեց 35 տարեկանում, դա «Աղջիկը՝ կիթառով» կատակերգությունն էր, որտեղ նրան էպիզոդիկ դեր բաժին ընկավ: Հենց այս ֆիլմից հետո էլ նա հայտնի դարձավ՝ պիրոտեխնիկի դերով:
Ըստ Kulturologia.ru-ի, երբ արդեն համարյա պատրաստ էր Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին» ֆիլմի սցենարը, Նիկուլինը այն խոտան է անվանում: Նա հայտարարում է, որ ֆիլմի շատ տեսարաններ արժանահավատ չեն, անհետաքրքիր են եւ հրաժարվում է նկարահանվել: Ռեժիսոր Գայդային մի կերպ է հաջողվում համոզել նրան: Նա Մորգունովին եւ Նիկուլինին խնդրում է խմբագրել սցենարը, գնում է մի արկղ շամպայն, բաժանում ստեղծագործական խմբի անդամներին ու մտածում Շուրիկի հետաքրքիր պատմությունը: Դրանից հետո Նիկուլինը որոշում է կայացնում նկարահանվել «Կովկասի գերուհին» ֆիլմում:
Յուրի Նիկուլինի անունը աշխարհի մեծագույն կատակերգակ դերասանների ցանկում է:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝ Kulturologia.ru-ի
«Առավոտ» օրաթերթ
27.03.2020