Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դասախոսը՝ հեռավար կրթության մինուսների եւ պլյուսների մասին

Մարտ 28,2020 13:30

Արտակարգ դրության պայմաններում բոլոր կրթական հաստատություններում հեռավար ուսուցում է իրականացվում: «Առավոտը» փորձեց պարզել, թե ինչ վիճակ է տիրում արվեստի բուհերից՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում:

«Մինչեւ այս ամենի ի հայտ գալը՝ փորձում էի պրպտել հնարավոր տարբերականեր հեռավար ուսուցում կազմակերպելու  համար, բայց իմ մտորումները եւ ժամանակահատվածի պահանջն այժմ կարծես միաձուլվեցին իրար: Այս պահին դիտարկել եմ մի շարք հարթակներ, որոնք հնարավորություն են տալիս առցանց ուսուցում կազմակերպելու, բայց  ըստ իս՝ լավագույն տարբերակը Zoom  hարթակում դասընթացը կազմակերպելն է: Դասընթացի ժամանակ շատ կարեւոր է, որպեսզի տեսնենք ուսանողի պահվածքը, լսենք խոսքը, մեկը մյուսին հարց տալու մոտեցումը, իր ներկայացրած պրեզենտացիան, այլ նյութեր, որոնք հարակից նյութեր են դասի ընթացքում փոխանցվելիք, իսկ Zoom-ն այդ հնարավորությունը տալիս է: Մենք շաբաթը երկու անգամ իրականացնում ենք դասընթացներ, յուրաքանչյուրն էլ իր առաջադրանքը ստանալով հանդերձ՝ ներկայացնում է»,-«Առավոտի» հետ զրույցում հայտնեց Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի արվեստի կառավարման ամբիոնի դասախոս, Լրացուցիչ շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Վարուժան Ավանեսյանը:

Հարցրինք՝ արվեստի բուհի պարագայում որքանո՞վ է արդյունավետ եւ հարմար հեռավար կրթությունը: Մեր զրուցակիցն ի պատասխան ասաց. «Աշխարհը վաղուց անցել է խառը ուսումնառության, որտեղ ներառված են ուսուցման  հնարավոր բոլոր ձեւերը՝ ակտիվ ուսուցումը, ինտերակտիվ ուսուցումը, հեռավար ուսուցումը, նաեւ իրականացվում է խառը ուսումնառության սկզբունքը»: Նրա ձեւակերպմամբ, այդ սկզբունքը ամենահարմարն է արվեստի բուհերի համար եւ հնարավորություն է տալիս ուսանողին թեմաները ստանալ հեռավար, ինչ-որ ժամանակահատվածում՝ ըստ մշակված ուսումնական ծրագրի, ունենալ դասախոսի հետ խորհրդատվություններ եւ առանձին հանդիպումներ, եթե, իհարկե, դասախոսը չի պահանջում իր առարկան ավելի թրենինգային կամ ուսուցման այնպիսի պայմաններում իրականացնել, որտեղ պետք է բոլորի մասնակցությունն ապահոված լինի: Եթե այդ խնդիրը չկա, ապա հեռավար ուսուցման այս տարբերակը լավագույնս աշխատում է:

Մեր դիտարկմանը, որ հեռավար ուսուցման պարագայում դասախոսից ավելի մեծ ճիգ ու պատրաստվածություն է պահանջվում, Վարուժան Ավանեսյանը պատասխանեց. «Լսարանում կենդանի շփումը՝ ձայնը, աչքի կոնտակտը, հայացքը, խոսքը, մոտեցումը անասելի ձեւով տրամադրում են, կենդանի շփումը մեծ արժեք է, բայց եթե կան նման հանգամանքներ, ապա  ինֆորմացիան փոխանցելու, ստուգելու, իրականացնելու համար այս տարբերակներից մեկը հեռավար ուսուցումն է:

Իհարկե, կատարողական արվեստի բուհերն այդ տեսակետից ունեն խնդիր, որը կապված է ոչ միայն տեսական նյութի համադրման, այլ նաեւ խմբային աշխատանքների կատարման, կատարողական փորձերի հետ, որոնք չես կարող հեռավար իրականացնել:

Մենք ունենք դասախոսներ, ինչպես Աննա Հեքեքյանը, որը շատ հետաքրքիր իրականացնում է բեմական խոսքի վարժանքներ, առանձին աշխատում է յուրաքանչյուր ուսանողի հետ՝ լսելով, տեսնելով,  բայց սա ճգնաժամային ուսուցման մի տարբերակ է, որը գործընթացից հետ չմնալու  համար է: Ինչ-որ տեղ  այս ամենը պետք է գործնականում դրվի ներկայացումների եւ կատարողական արվեստի այլ նմուշների մեջ»:

Վարուժան  Ավանեսյանի խոսքերով, կարեւոր հանգամանք է այն, որ թվային տեխնոլոգիաների կիրառմանը, ցավոք, ոչ բոլոր դասախոսներն են տիրապետում. «Մենք ունենք հիանալի դասախոսներ, որոնք, ցավոք, համակարգչային գիտելիքներ չունեն, եւ կարծես թե ամեն մեկի համար դժվար է, որ ներկայացնես համապատասխան հարթակները: Միգուցե կարելի էր մեկ այլ մոտեցում ցուցաբերել արվեստի բուհերի հանդեպ: Կարծում եմ՝ կոնսերվատորիայում, գեղարվեստի ակադեմիայում էլ նույն խնդիրները կլինեն: Խոսքը ոչ թե թերություններ փնտրելուն է վերաբերում այս պարագայում, այլ ուսանողներին հնարավորինս ներգրավելուն կրթական  գործընթացին»,-ասաց դասախոսը:

Նա կարեւորեց նաեւ  հեռավար կրթության համար ծրագիր համապատասխանեցնելու հարցը. «Ոչ թե պետք է դաս անենք զուտ դաս անելու համար, այլ  հետեւենք մասնագիտական զարգացման ծրագրային որակի ապահովմանը: Այս հարցերը կարեւոր են ցանկացած դասախոսի համար՝ ինչ չափման գործիքներ են կիրառվելու, ինչ ստուգման ձեւեր եւ այլն»: Միեւնույն ժամանակ էլ ասաց, որ դասախոսները եւ մանկավարժներն այս ժամանակահատվածում փորձում են առավելագույնս գիտելիք փոխանցել ուսանողներին եւ աշակերտներին: Նշեց, որ հեռավար ուսուցումը, ցավոք, ունի սահմանափակումներ՝ կապված համացանցի հասանելիության, արագագործության հետ եւ արդյո՞ք մի քանի երեխա ունեցող ընտանիքներն ապահովված են մի քանի համակարգչով կամ համապատասխան տեխնիկական միջոցներով:

Վարուժան Ավանեսյանը նաեւ ցանկություն հայտնեց եւ առաջարկ արեց, որ բուհերի համար մեկ ընդհանուր հարթակ մշակվի, որտեղ բոլոր դասախոսներն ու ուսանողները կունենային իրենց հաշիվները եւ առանց դժվարությունների կկարողանային դասեր անցկացնել: «Դպրոցի չափանիշն ուրիշ է, դպրոցում կան հստակ մոտեցումներ, իսկ բուհի չափանիշները լրիվ այլ են»,-շեշտեց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031