Գրավոր ընթացակարգից սահուն անցում առցանց դատավարություն
Բարձրագույն դատական խորհուրդը՝ ԲԴԽ-ն օրեր առաջ տեղեկացրեց, որ Հայաստանի բոլոր դատարաններին հատկացվել են տեսախցիկներ եւ պրոյեկտորներ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով:
Այն, ըստ էության, առաջինը փորձարկվեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որի ՖԲ ակտիվ էջն առաջինը դարձյալ տեղեկացրեց հեռավար դատական նիստի մասին, ինչպես նաեւ. «Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրադրությամբ պայմանավորված՝ մի շարք գործերով Վերաքննիչ դատարանը որոշումներ է կայացրել վերաքննիչ բողոքների քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ։ Որոշ գործերով Վերաքննիչ դատարանը որոշել է վերաքննիչ բողոքների քննությունն իրականացնել դատական նիստով»:
Մինչ այդ, մինչ կորոնավիրուսի վարակով թելադրված իրավիճակը, այս տարվա դատական գործընթացները հիմնականում ընթանում էին գրավոր ընթացակարգով՝ ընդհանուր իրավասության, վերաքննիչ, սահմանադրական դատարաններում, եւ դատական գործեր լուսաբանող լրագրողներս (սակավ մնացածներս) հաճախ, երբ հասնում էինք դատարաններ, մեզ զգուշացնում էին, թե՝ «կներեք, նիստը գրավոր ընթացակարգով է, չեք կարող մասնակցել»: Բնականաբար, կողմերից ինչ-որ մեկն էր միջնորդում, իսկ հակառակ կողմն էլ դիմում էր լրատվամիջոցին՝ իր գործը լուսաբանելու եւ նիստի հրապարակայնությունն ապահովելու խնդրանքով:
Կարդացեք նաև
Ես շատ փաստաբանների հետ եմ զրուցել, ովքեր այդ ժամանակ արդեն իսկ պնդում էին, թե իրենց համաձայնությունը չի եղել գրավոր ընթացակարգի մասին, հետեւաբար, խոսել մարդու, կողմերի իրավունքներից եւ արդարադատության շահերից, անիմաստ է:
Գրավոր ընթացակարգից սահուն անցում կատարվեց առցանց դատավարություն եւ ըստ էության, նոր քաղաքացիական դատավարության օրենսգրքով «հաստատված» վերաքննիչ քաղաքացիական դատարանն ու Վճռաբեկ դատարանը անցան Ֆեմիդայի պարզած վարագույրի հետնամաս, որի հետեւանքով, լրատվամիջոցները, դռնբաց նիստի մասնակիցները զրկվեցին ներկա գտնվել նիստերի դահլիճում եւ տեսնել, թե ինչպիսի դատավարություն է տեղի ունենում:
Բողոքաբերի գործի քննությունը թողնել համակարգչային ծրագրերի «ներքին համոզմունքի» վրա, առցանց հրապարակային դատընթացների լուսաբանման, մեղմ ասած, ձեռքբերում չէ:
Իսկ մամուլի ազատությունը մեկ անգամ եւս տուժեց:
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր անհանգստությունն օրեր առաջ՝ մարտի 23-ին հայտնեց Հայաստանում Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ, որի նպատակն է պայքարել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ (հաղորդել է ԵԱՀԿ-ի կայքը):
«Լիովին հասկանում ենք նոր օրենքի նպատակը, որն է խուսափել համաճարակից, ագրեսիայից եւ պայքարել կեղծ տեղեկատվության դեմ COVID-19 համաճարակի ժամանակ: Միեւնույն ժամանակ մեդիան առանցքային դեր է խաղում հանրությանը կարեւոր տեղեկատվություն տրամադրելու եւ համաճարակի վերաբերյալ «կեղծ լուրերին» հակազդելու հարցում»: Նրա խոսքով՝ օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին եւ համաճարակի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելուն: Նշվել էր, որ արտակարգ դրության ժամանակ սահմանափակումները խախտած հրապարակումների համար առավելագույն տուգանքը սահմանվել է 300 000 դրամ (մոտ 600 դոլար), իսկ 24 ժամվա ընթացքում արգելված տեղեկատվությունը ջնջելու պահանջին չենթարկվելը կհանգեցնի տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով (1000-2000 դոլար):
Միայն մեկ օրվա տվյալով, հարյուրից ավելի վարչական վարույթներ հարուցվեցին արտակարգ դրության ռեժիմի խախտման համար: Եթե «խախտողը» համաձայն չէ, եւ վարչական դատարան դիմի, ինչպես են լուսաբանվելու այդ նիստերը, էլի համակարգչի վրա դիմակ քաշա՞ծ:
ԲԴԽ խորհուրդը մի նոր որոշում էլ է ընդունել. «Մինչեւ 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերն իրականացնել հեռավար/առցանց՝ բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով»: Հանձնարարվել է Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ ապահովել ՀՀ դատարանների վարչական շենքեր մուտք գործելու դատարանների նախագահների, դատավորների, դատարանների աշխատակազմերի ղեկավարների համապատասխան ցուցումների հիման վրա այն աշխատակիցներին, որոնց աշխատանքի արդյունքում պետք է ապահովվի դատարանների բնականոն գործունեությունը՝ նվազագույնի հասցնելով նրանց թվաքանակը:
Լրագրողը դատարանում գտնվելով, կողմերի միջոցով հնարավորություն ուներ գործերի նյութերին ծանոթանալու, տեսնել, թե ինչպես են իրականացնում այդ իրավունքը կողմերը:
Այդքանով հանդերձ, կողմերը հաճախ բացակայում էին, անհարգալից վերաբերմունք ցույց տալիս դատարանների նկատմամբ, եւ լրագրողի խոսքն ինչ-որ առումով զսպաշապիկի դեր էր խաղում:
Երկու օր առաջ Գլխավոր դատախազը հրահանգեց դատախազներին չգնալ դատական նիստերին, իսկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Ենոքյանը հրաժարվել էր նիստին մասնակցել տեսազանգի միջոցով:
Ու կապ չուներ, որ քննարկվելու էր խրոնիկ հիվանդություններ ունեցող կալանավորի խափանման միջոցը փոխելու հարցը։ Հարցն առավել կարեւորվում էր՝ կորոնավիրուսի պանդեմիայի առումով, քանի որ ինչպես գիտենք, խրոնիկ հիվանդություններով մարդիկ առավել խոցելի են: Դատարան բերված կալանավորի վիճակը վատացել էր, կանչել էին շտապօգնություն: Հիմա պատկերացրեք, հեռավար, առցանց դատավարությունների ժամանակ, որը կողմի՝ տվյալ դեպքում կալանավորի տեխնիկական հնարավորություններից զրկված լինելու պատճառով չլուսաբանվի, ինչ է շահելու պետությունը:
Հայաստանի դատարաններից շատերը հնչեղ դատական գործընթացների ժամանակ չեն կարողանում տեխնիկապես ապահովել լսելիությունը, մնացյալ խնդիրները, առցանց երազանքն իրականացնելու դեպքում, համակարգչային անջատումները շատ բնորոշ կլինեն, եւ դռնբաց առցանց դատավարությունների ականատեսը կլինենք առաջիկայում: Իսկ ինչ են անելու դատարաններում մասնագիտացված լրագրողները, ընդամենը սղագրելո՞ւ են նիստը, բայց ինչպես, չէ՞ որ շատ «նիստերի առցանց դահլիճները» փակ կլինեն նրանց առաջ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.03.2020