Իմքայլականն առաջարկում է ամեն պատահածի պետական մրցանակ չտալ ու պարտադիր չէ, որ ամեն տարի մեկին տան, չկա արժանավոր՝ մի տվեք:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն առաջարկում է ՀՀ պետական մրցանակների համակարգը վերանայել: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց. «Այն մարմինը, որը պիտի ընտրի՝ մարդն արժանի է պետական կոչման, թե ոչ, այդ մարմնի անաչառության տոկոսը պետք է չափազանց բարձր լինի: Մեխանիզմը օրենքի մեջ պետք է լինի այնպես, որ ես ու դու նայենք, հասկանաք, որ սա պետական մրցանակ է, ոչ թե կառավարական, իշխանական կամ կուսակցական մրցանակ: Պետական մրցանակը պետք է լինի շատ օբյեկտիվ եւ կասկածներ չհարուցի, թե ծառայություններ են մատուցել, որպեսզի այդ մրցանակն ունենա վարկ, ունենա արժեք, ունենա ուղենիշ, որպեսզի երիտասարդը ձգտի, տարեցը ձգտի: Հարգանք պիտի առաջանա պետական մրցանակ կրող մարդու նկատմամբ»:
ԱԺ-ում, երբ գլխադասային հանձնաժողովում քննարկվեց կառավարության ներկայացրած «ՀՀ պետական մրցանակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, Արթուր Մանուկյանը ձեռնպահ քվեարկեց՝ անհամաձայնություններ հայտնելով:
Նա գտնում է, որ այս տարիներին շատերը պետական մրցանակներ են ստացել, մի մասը՝ ըստ արժանվույն է գնահատվել, մի մասի հետ կապված կասկածներ կան. «Այդ մի մասի մասին ժողովուրդն ասել է՝ գիտի, թե ինչի համար են ստանում այդ մրցանակը»:
Կարդացեք նաև
Նախագծի քննարկման ժամանակ Արթուր Մանուկյանն Արմենչիկի օրինակն էր բերել. «Մենք ունենք վաստակավոր գործիչ Արմենչիկ: Արդեն իր բեմական կեղծանունը չի համապատասխանում որեւիցե պետական կոչմանը, ասենք, Արմենչիկը չի կարող լինել, նա չի կարող լինել բարձրադիր»: Հիշեցնենք, որ Արմենչիկը 2015-ին ստացել է ՀՀ նախագահի վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը: Նույն թվականին այդ կոչմանն արժանացավ նաեւ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը: 2014-ին մեծ աղմուկ բարձրացավ, երբ լուր տարածվեց, որ մշակույթի նախարարությունը պատվավոր կոչումների մրցանակակիրների առաջարկի ցանկում ներառել է Սպիտակցի Հայկոյին, Թաթուլին, չնայած հետո նրանք մրցանակներ չստացան:
Մեզ հետ զրույցում Արթուր Մանուկյանն ասաց. «Ես Արմենչիկի նկատմամբ վատ տրամադրված չեմ, իր դեմ բան չունեմ, բայց ժողովուրդն ուզում է, որ ավելի ուրիշ մակարդակի մարդիկ ու ուրիշ գործունեություն ունեցած, ուրիշ հետազոտություններ արած մարդիկ, ուրիշ խորություններ բացած մարդիկ ստանան այդ մրցանակները: Հանրությունն է տալիս մրցանակը, պետության մի մասնիկն են ու իրենք պիտի զգան, որ այն մարդիկ, որոնց տրվել է այդ մրցանակը, արժանի են: Նույնիսկ այստեղ մենք պետք է հանրության հետ համաձայնության գանք: Դրանով ե՛ւ կվերականգնենք մտավորականի կերպարը, որը խաթարված է, արժանավորի կերպարը, այն մարդու կերպարը, ում խոսքն արժեք ունի հասարակության մեջ: Մենք այսպես կաջակցենք, որ վերականգնվի այդ տեսակ մարդկանց հարգը»:
Մեր դիտարկմանը՝ հանրության մի հատված կա, որ երկրպագում է Սպիտակցի Հայկոյին, Թաթուլին, նրանց պես երգիչների, որոնք անհամաձայնություն կունենան այլ որոշման դեպքում, բա ինչպե՞ս վարվել նրանց ճաշակի ու նրանց ընտրության հետ՝ Արթուր Մանուկյանը պատասխանեց. «Հանրությունը հարսանիքներին, ուրախություններին, տխրության պահերին սիրում է ռաբիս երաժշտությունը, հանրությունը բավականին շատ օգտագործում է այն իր առօրյայում, բայց Արամ Խաչատրյանի մասին իր կարծիքը չի փոխվում, այն միշտ մնալու է բարձր: Նույնիսկ այն մարդը, ով չի էլ լսել Արամ Խաչատրյան, իր մոտ կա այդ բարձր վերաբերմունքը Արամ Խաչատրյանի նկատմամբ, որովհետեւ Արամ Խաչատրյան անունն է, որ մեր ազգը ճանաչելի է դարձնում, հարգելի է դարձնում միջազգային ասպարեզում: Պատկերացնո՞ւմ եք, ես ձեր անունը, հենց ձեզ բարձրացնեմ օտարների մոտ՝ իմ գործունեությամբ, ինձ կտաք, չէ,՞ մրցանակ: Ձեր ներսում, ձեր սրտում կտա՞ք մրցանակ: Ես կարծում եմ, մրցանակն այդպիսին պետք է լինի: Հարցն այն չէ, որ անպայման ամեն տարի մրցանակներ տան, կամ երկու տարին մեկ, կամ երեք: Ո՛չ, հենց արժանավորը հայտնվեց՝ պետք է այդ ժամանակ տան պետական մրցանակ: Չպետք է նստեն մտածեն՝ վա՜յ, ո՞նց անենք, այս տարի ում տանք: Ոչ մեկին: Չկա՝ չենք տալիս»:
Ըստ Արթուր Մանուկյանի, օրենքը շատ հում է, պետք է աշխատել: Ըստ նրա, երբ մրցանակները սահմանում ես, անգամ պիտի որոշես, թե այդ օրը ինչ ճաշատեսակներ պետք է հրամցվեն հյուրերին, ինչ գույնի գորգ պետք է լինի սենյակում, ինչ գույնի հագուստով պետք է դիմավորեն մրցանակակիրներին, այդ երեկոյի ընթացքում ինչ երաժշտություն պետք է լինի, մրցանակը որտե՞ղ պետք է կախվի՝ ա՞ջ կողմում, թե՞ ձախ եւ այլն: Ամեն ինչ պետք է մանրակրկիտ մտածել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.03.2020
Լիովին համաձայն եմ … Երաժշտարվեստի գծով պետական մրցանակների արժանացած գործերից ոչ մեկը, մինչ օրս, ոչ կյանք է ստացել, ոչ էլ երաժշտական կոլեկտիվների երկացանկում տեղ է զբաղեցրել: Ուրեմն՝ բոլորն էլ կեղծ են … Երաժշտարվեստում մենք հանճարներ չունենք, ունենք՝ Մեծություններ: Մեծություն է Ա. Խաչատչյանը իր ,,Սպարտակ,, բալետով, որը մարդկության կողմից, երբևէ, ստեղծված ամենակատարյալ, ամենաբարձրակարգ բալետն է: Մեծություն է Ա. Հարությունյանը իր Շեփորի կոնցերտով, որը համարյա ամեն օր կատարվում է ամբողջ աշխարհում: Մեծություն է Է. Միրզոյանը իր ինքնատիպ սիմֆոնիայով: Մեծություն է Ա. Տերտերյանը իր օրիգինալ սիմֆոնիաներով … Այլ իրական արժեքներ չկան (թեպետ՝ այսքանն էլ քիչ չէ), բայց ում ասես Պետական մրցանակ են տվել՝ արժեքազրկելով մրցանակը … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան