«Առավոտը» ամերիկյան IMDb կայքից օրերս տեղեկացավ հայ-ամերիկյան համատեղ նախաձեռնության մասին:
Հեռուստաընկերությունների միջազգային ասոցիացիան (ATI), «Պոպսթարի» հետ նկարահանում են ամերիկյան-հայկական համատեղ նախաձեռնությամբ «Քավարան» հեռուստաֆիլմը՝ դետեկտիվ, սարսափ, հոգեբանական թրիլլեր ժանրում՝ անգլերենով:
Associated Television International- ը (ATI) Emmy-ի մրցանակակիր միջազգային հեռուստաընկերություն է, որն արդեն 30 տարվա պատմություն ունի։ Այն ԱՄՆ-ում բնօրինակ ծրագրեր արտադրող անկախ սինդիկատերի լավագույն տասնյակում է, ինչպես նաեւ առաջատար դիստրիբյուտոր է հանդիսանում միջազգային շուկաներում: ATI- ի հաղորդումները ցուցադրվել են ամերիկյան հեռարձակող եւ կաբելային խոշոր ցանցերով` CBS, ABC, FOX, NBC, CW, A & E, Syfy, Hallmark, ABC Family եւ այլն:
Ըստ Academy films-ի՝ սա 3-րդ հայ-ամերիկյան պրոյեկտն է անգլերենով, եւ ֆիլմում նկարահանվել են անգլերենին տիրապետող հայ դերասաններ, որոնց մի մասի հետ հատուկ աշխատանք է տարվել: Կինոռեժիսորները երկուսն են՝ Մայքլ Քեյսին եւ Հայկ Կբեյանը: Կնոռեժիսոր, սցենարիստ Մայքլ Քեյսին, որը «Որսորդի լուսինը», «Մոխիրներում», «Մահվան ջոկատ», «Դահիճը» ֆիլմերում հանդես է եկել որպես սցենարիստ կամ որպես ռեժիսոր («Դահիճը» ֆիլմի գլխավոր դերակատարն է Ալ Պաչինոն): Բրիտանացի դերասան, սցենարիստ Դեյվիդ Չենդլերը եւս ընդգրկված է ֆիլմում, պրոդյուսերներն են Քլայթոն Թըրնիջը, Դեյվիդ Մըքքենզին եւ Արամ Թորոսյանը:
Կարդացեք նաև
Գլխավոր դերերում հանդես են գալիս Դենի Մահոնին, որը խաղացել է Մերիլ Սթրիփի գլխավոր դերակատարությամբ ֆիլմում եւս, Ջոնի Նիլը, Էրիկ Ֆելոուզը, սերբուհի Տատյանա Մարջանովիչը, հայերից Դալիթա Ավանեսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը՝ որպես ռուս, Արման Խաչատրյանը, Լ. Զաքարյանը, կենտրոնական կերպարներում հանդես են գալիս նաեւ Վիկտորյա Ալեքսանյանը, Էլֆիք Զոհրաբյանը, Դ. Չենդլերը եւ այլք: Ըստ պայմանավորվածության «Քավարան» (16 մաս) բազմասերիանոց հեռուստաֆիլմի պրեմիերան պետք է լինի 2020թ. հոկտեմբերի 5-ին: Նշենք, որ նույնանուն վերնագրով կա հայկական տարբերակը (20 մասանոց), որի հետ համեմատած, ըստ ֆիլմ արտադրողների, շատ բան փոխված է լինելու եւ որակապես տարբեր: «Քավարանի» անգլերեն տարբերակը կցուցադրվի ամերիկյան հեռուստաալիքներով CW ալիքով, հասանելի կլինի նաեւ «Apple TV»-ի միջոցով։
Սակայն համաշխարհային պանդեմիայի՝ կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են նկարահանումները: Եվ օրեր առաջ տեղեկացանք, որ ֆիլմի գլխավոր դերակատարներից երկուսը՝ ծագումով բրիտանացիներ, առանց զգուշացնելու, մեկնել են Մեծ Բրիտանիա՝ կապված Հայաստանում վիրուսակիրների աճի հետ: Ըստ մեր տեղեկությունների, ֆիլմի պրոդյուսերները նման անպատասխանատու քայլի համար դերասաններին կենթարկեն «պատասխանատվության»:
«Առավոտն» այս առիթով կապվեց ֆիլմի պրոդյուսեր Արամ Թորոսյանի հետ: Մեր զրուցակիցն ընդամենն ասաց. «Ստեղծված իրավիճակից, անվտանգության նկատառումներից ելնելով՝ ֆիլմի նկարահանումները դադարեցվել են»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ ֆիլմի ստեղծագործական խումբը:
«Առավոտ» օրաթերթ
27.03.2020