Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնի նշանավոր բարերարը՝ Նիկոլայ Թորոսյանը, որի ինքնասպանությունը ցնցեց դարասկզբի Մոսկվան

Մարտ 27,2020 23:13

Թատրոնի նշանավոր բարերար երիտասարդ միլիոնատեր Նիկոլայ Տարասովի (Թորոսյան) ինքնասպանությունը տեղի ունեցավ 1910-ը թվականին և ցնցեց մոսկովյան հասարակությունը:

Նիկոլայ Տարասովը հայտնի անուն էր 20-րդ դարասկզբի թատերական բոհեմում: Նա թատրոնի մեծ սիրահար էր և առատաձեռն հովանավորում էր մի շարք թատերական հաստատությունների: Նրա շնորհիվ էր, որ Չեխովի անվան ՄԽԱՏ-ի թատերախումբը 1906 թվին փրկվեց սնանկացումից՝ Գերմանիայում կայացած հյուրախաղերի ժամանակ: Բարերարից ստանալով 30 000 ռուբլի նվիրատվություն՝ ի նշան երախտագիտության ՄԽԱՏ-ը ընդգրկում է նրան  տնօրինության կազմում, սակայն, Տարասովը երբեք չի չարաշահում իր դիրքը և ոչնչով չի խառնվում թատրոնի կառավարման գործերի մեջ:

Երիտասարդ Տարասովի  մասին հարուստ  հուշագրություն է  պահպանվել ժամանակակիցների տողերում: Նրա մասին գրել է հանրահայտ դերասանուհի Ալիսա Կոոնեն: Նա Տարասովի սիրելի կանանցից մեկն էր և նրանց հաճախակի էին միասին տեսնում Մոսկվայի կենտրոնում՝ Տարասովի արագընթաց կաբրիոլետով սլանալիս:

Երիտասարդ թատերասերի մասին ընդգծված հարգալից հիշատակում կա Կ.Ստանիսլավսկու մոտ և թատերագետ Վադիմ Շվերբովիչի «Թատրոնի մարդիկ» աշխատության մեջ: Նրա մասին գրել է նաև ժամանակի կարկառուն թատերական գործիչ Վլադիմիր Նեմիրովիչ Դանչենկոն՝ անվանելով երիտասարդ միլիոնատիրոջը չափազանց անկեղծ, անսովոր համեստ, աննկարագրելի նրբագեղ ճաշակի տեր, հմայիչ, չափավոր հանդուգն  ու  համարձակ:

Ստանիսլավսկին հաճախ էր հանդես գալիս Տարասովի հիմնադրած «Летучая мышь» կաբարեում: «Летучая мышь»-ը Մոսկվայի առաջին կաբարեն էր և համարվում էր  մինյատյուրային ոճի լավագույն թատրոնը՝ մինչհեղափոխական Ռուսաստանում:  Սոյմոնովսկի նրբանցքում գտնվող տան նկուղային հարկը Նիկոլայ Տարասովը անձամբ էր ընտրել, վարձակալել և բարեկարգել, որպես նորահայտ թատրոնի տարածք: Թատրոնի ողջ գործունեությունը ֆինանսավորում էր Նիկոլայը, իսկ նրա բարեկամ Նիկիտա Բալուևը, բեմադրում ու վարում էր ներկայացումները: Նիկիտա Բալուևը նույնպես հայ էր, ռոստովցի վաճառական Աստվածատուր Բալյանի որդին էր` Մկրտիչ անունով: Բալուևը փաստացի դառնում է ռուսական բեմահարթակի առաջին կոնֆերանսյեն: Թատրոնը փակ հաստատություն էր, տոմսեր չէին վաճառվում: Այնտեղ երեկոյան ներկայացումներից հետո հավաքվում էին ՄԽԱՏ-ի արտիստները և սուր հումորային համարներ էին  ցուցադրում յուրայինների համար: Պատմում են, որ Ստանիսլավսկու կանկան զվարճալի պարը այդ ներկայացումների ժամանակ պայթեցնում էր ողջ դահլիճը:

Նիկոլայի մահվանից հետո կաբարեն ստիպված է լինում ինքնուրույն ոտքի կանգնել և սկսում է վաճառել տոմսերը` բացելով դռները ոչ միայն ընտրյալների, այլ նաև բոլոր նրանց առջև, ով ի վիճակի կլիներ վճարել ներկայացումը դիտելու համար: Թատրոնը դառնում է մոսկովյան արիստոկրատիայի սիրելի ժամանցի վայրերից մեկը, սակայն, շուտով սկսվում է հեղափոխությունը և 1922-ին Բալյանը դադարեցնում է թատրոնի  գործունեությունը և հեռանում Մոսկվայից:

Նիկոլայ Տարասովը ինքնասպան է լինում 28 տարեկանում՝ սիրո և պատվի պատճառով: Նա սիրահարված էր քաղաքային վերնախավի գեղեցկուհի Օլգա Գրիբովին: Այդ սիրային պատմությունը, սակայն, եռանկյունու ձև ուներ, քանի որ Գրիբովան սիրում էր Նիկոլայ Ժուռավլյով անունով ինչ-որ մեկին: Ժամանակակիցները գրում են, որ Ժուռավլյովը առանձնապես ոչնչով աչքի չընկնող մեկն էր, որը ժամանցի լավագույն ձևերից մեկը համարում էր թղթախաղը: Եվ մի ճակատագրական օր, տանուլ տալով բավականին խոշոր գումար, նա ի վիճակի չի լինում վճարելու պարտքը՝ 25 000 ռուբլին, և օգնություն է խնդրում Օլգայից: Օլգան էլ իր հերթին դիմում է Տարասովին՝ հույս ունենալով, թե սիրահարված երիտասարդը չի խնայի ոչինչ:

Տարասովը վիրավորված այն փաստից, որ Օլգան գումար է խնդրում սիրեկանին փրկելու համար՝ մերժում է նրան: Ժուռավլյովն անպատվությունից փրկվելու համար վերջ է տալիս կյանքին: Օլգան նրա մահվան մեջ մեղադրում է Տարասովին՝ ասելով, որ այդ գումարը միլիոնատիրոջ համար կոպեկներ էր, ու եթե Տարասովը մեծահոգի գտնվեր՝ Ժուռավլյովը ողջ կմնար: Տարասովը ծանր է տանում պատմությունը և Ժուռավլյովի հուղարկավորության օրը նրան գտնում են իր առանձնասենյակում՝ բազկաթոռի մեջ նստած, ատրճանակը թուլացած ձեռքի մեջ: Հենց այդ դիրքով էլ հայտնի քանդակագործ Նիկոլայ Անդրեեւը կերտել է երիտասարդ Տարասովի գերեզմանաքարը, որն այսօր Մոսկվայի հայկական գերեզմանոցում է: Տարասովի մահվան օրը ՄԽԱՏ-ը սգո օր է հայտարարում և դադարեցնում բոլոր ներկայացումները:

Տարասովի գերեզմանաքանդակի դեմքը կերտված է ետմահու հանված դիմակի ճշգրտությամբ: Մեծ Հայրենականի ժամանակ բրոնզյա այդ հուշաքարը  հանում և ուղարկում են ձուլման: Զինամթերք էր հարկավոր: Այսօրվա տարբերակը հնի կրկնօրինակն է, որը կերտել է տաղանդավոր և աշխարհահռչակ Յուրի Օրեխովը: Այն տեղադրվել է 90-ական թվականներին: Օրիգինալ հուշաքանդակի գլուխը փրկվել է թատերական գործիչների ջանքերով և պահպանվում է Չեխովի անվան Մոսկվայի ակադեմիական թատրոնի թանգարանում:

Տարասովների տոհմածառի  հանրահայտ ներկայացուցիչներից է նաև Անրի Տրուայան`Լևոն Թորոսյանը: Փարիզում բնակվող աշխարհահռչակ գրող և ակադեմիկոս, որն համաշխարհային գրականությանը թողել է 100 հատոր կազմող գրական ստեղծագործությունների անգնահատելի ժառանգություն: 2007 թվականին, նրա մահվանից հետո, աշխատանքային արխիվի մի մասը, որը կազմում է 600 կտոր հազվագյուտ բուկինիստական հավաքածո` հանձնվել ու պահվում է Ռուսաստանի պետական գրականության ինստիտուտի արխիվում:

Վերադառնալով ակունքներին, նշենք, որ Թորոսյան եղբայրները Մոսկվա էին տեղափոխվել Արմավիրից, որտեղ կտորեղենի վաճառքով զբաղվող  հաջողակ վաճառականներ էին: Առաջին գիլդիայի վաճառական Գաբրիել Տարասովը՝ ցանկանալով ընդգծել իր դիրքը հասարակության վերնախավում, տեղափոխվելուն պես Սպիրիդոնովկա փողոցում 1907-թվին պատվիրում է իր առանձնատան կառուցումը: Թորոսյանը առանձնատան նախագծումը վստահում է ժամանակի նշանավոր ճարտարապետներից մեկին` Իվան Ժոլտովսկուն: Ժոլտովսկին, որն իտալական ճարտարապետության սիրահար էր, որոշում է տունը կառուցել իտալական ռենեսանսի ոճով: Չափսերով Տարասովի առանձնատունը կրկնօրինակում է Վենետիկի Դոժերի պալատը, իսկ ոճային դետալները հիշեցնում են  իտալացի ճարտարապետ Անդրեա Պալադիոյի նախագծած պալատները Վիչենցե քաղաքում` կառուցված  16-րդ դարում:

Տան լուսամփոփներն ու ջահերը հատուկ պատրաստվել են ռուս նկարիչների դիզայնով կամ գնվել են Վենետիկում: Տանը այսօր համարյա ոչինչ չի պահպանվել նախնական գույքից, բացի Վենետիկից բերված երկու հսկայական հայելիներից և բուխարիներից: Կառուցողները հատուկ ուշադրություն են դարձրել տան տեխնիկական հագեցվածությանը՝ ստեղծելով կենտրոնական ջեռուցման համակարգ, սանհանգույց և բեռնատար վերելակներ:

1912 թվականին լույս ընծայվող մոսկովյան պարբերականներից մեկը շինությունն անվանել է իտալական հեքիաթ: Այն ընդգրկվել է ժամանակի  ճարտարապետական լուծումների լավագույն տասնյակում: Ներքին հարդարման աշխատանքները Տարասովը լիովին վստահել է ճարտարապետի ճաշակին` առաջադրելով ընդամենը մեկ պահանջ` ճոխություն: Տունը հայտնի է առաստաղների նկարազարդումներով, որոնք արել են ժամանակի տաղանդավոր նկարիչներ Իգնատ Նևինսկին և Եվգենի Լանսերեն: Նրանք առաստաղներին կրկնօրինակել են  Տիցիանի և Տոնտորետոյի կտավները` զարմանալի նմանությամբ ու նրբագեղությամբ: Շենքի կողային հատվածի պատին մինչ օրս լատիներենով փորագրված է սեփականատիրոջ ազգանունը:

Հեղափոխությունից հետո շենքում տրվում է Սովետական Ռուսաստանի գերագույն դատարանին, այնուհետ այն դառնում է Գերմանիայի, հետո էլ Լեհաստանի դեսպանատուն, իսկ 1979 թվից առանձնատունը Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիային կից Աֆրիկայի ինստիտուտի տնօրինության ներքո է:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031