Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ադրբեջանը կրկին ակտիվացել Տավուշի սահմաններում

Մարտ 27,2020 22:10

«Ամբողջ աշխարհն անհնարինն է անում՝ պայքարելու համաշխարհային համաճարակի դեմ և միայն Ադրբեջանն է, որ իր երկրում նոր կորոնավիրուսի վարակի դեմ պայքարելու փոխարեն՝ սահմանին տարբեր բնույթի սադրանքների է դիմում»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած հերթական միջադեպին, ինչի արդյունքում պայմանագրայի զինծառայող է վիրավորվել, ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Հիշեցնենք, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր տեղեկացրել էր, որ հակառակորդի գնդակից, սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նա նաեւ հավելել էր, որ վերջին մեկ ամսվա ընթացքում, հակառակորդն արդեն երկրորդ անգամ է սադրում իրավիճակը՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին. «Այս անգամ նույնպես հակառակորդը կրակ է բաց թողել մեր մարտական դիրքերի վրա, պատասխան կրակից հետո՝ լռեցվել։ Վիրավորվել է պայմանագրային զինծառայող: Իրականությանը չի համապատասխանում հակառակորդի տարածած այն ինֆորմացիան, թե մենք ենք իրենց քաղաքացիական ճանապարհների ուղղությամբ կրակ բացել»:

Վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, վիրավորումը թեթև-շոշափող է, զինծառայողը հոսպիտալացվել է:

Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ հավանականություն կա՞, որ մարտի 31-ին նախատեսված Արցախի խորհրդարանի եւ նախագահի ընտրություններով պայմանավորված` Ադրբեջանը սահմաններում նոր սադրանքների գնա: «Համապետական նշանակության միջոցառումների օրերին, որպես կանոն Ադրբեջանը որոշակի ակտիվություն սահմանագծին դրսևորում է, այդ է պատճառը, որ այս պահին դժվար է գնահատել, թե ինչպիսի՞ն կլինի իրավիճակը առաջիկա օրերին»,-պատասխանեց մեր զրուցակիցը` հավելելով, որ զինված ուժերն իրենց խնդրին լավ են տիրապետում և առաջիկա օրերին ևս պատշաճ ձևով իրենց ծառայությունը կկրեն՝ ապահովելու մեր երկրում սպասվող քաղաքական կարևոր նշանակության իրադարձության անցկացումը:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն էլ նույն թեմայի շուրջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ սա խոշոր կամ թեկուզ միջին մասշտաբի էսկալացիա անվանել չենք կարող, մանավանդ եթե համեմատենք Ադրբեջանի կողմից վերջերս իրականացրած դիվերսիայի փորձի հետ: Միաժամանակ, նաեւ պետք է հաշվի առնել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա հայաստանյան սահմանների ուղղությամբ արդեն երրորդ միջադեպն է ադրբեջանական կողմից. «Նախ Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանը փորձեց սադրանքի գնալ, համացանցում այդ մասին տեսանյութեր հայտնվեցին, դրանից հետո եղավ դիվերսիայի փորձը, որին հաջորդող երկու շաբաթներում ոչ մի դեպք չգրանցվեց, և ահա հիմա պատահեց սա։ Անկեղծ ասած, բարդ է ասել սա ավելի խոշոր խախտումների կտանի՞, թե՞ չէ, քանզի գուշակել այս գործում հնարավոր չէ: Համենայնդեպս, հստակ երեւում է ադրբեջանական կողմի վերջին 3-4 տարիների մտադրությունը, այն է ՝ լարվածության օջախները տեղափոխել Հայաստանի հանրապետության հետ սահման՝ թե Նախիջևանի ուղղությամբ, թե Տավուշի ուղղությամբ: Որոշակիորեն սա ակտիվացավ, երբ բանակին փոխարինեց պետական սահմանապահ ծառայությունը»։

Տարոն Հովհաննիսյանը չի կարծում, որ ՀՀ-ի հետ սահմանագծով Ադրբեջանը կարող է հարձակողական գործողությունների գնալ. «Կարծում եմ իրենց նպատակը ոչ թե կոնկրետ հարձակողական գործողություն կատարելն է, այլ անընդհատ լարվածություն ստեղծելը, որը հիմնականում ազդում է հենց սահմանամերձ ավանների բնակիչների վրա»։

Հարցին` նպատակն ընդամենը վախի մթնոլորտ ապահովե՞լն է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նրանց նպատակներից մեկը միշտ էլ եղել է վախի մթնոլորտ ապահովելը, սակայն դա իրենց ծրագրածի պես հեշտ չի իրագործվում։ Օրինակ, ինչո՞ւ են ընտրում Տավուշի հատվածը, որովհետև այդ հատվածում իրենք գերադաս դիրքեր ունեն։ Բայց քանի որ Տավուշում ռելիեֆը փոփոխական է, կան դիրքեր, որտեղ տրամագծորեն հակառակ իրավիճակն է․ գերադաս դիրքեր ունեն հայկական կողմի զինված ուժերը։ Սրա հաշվին նրանք մի քանի անգամ համոզվել են, որ երբ դիմում են սադրանքի, հայկական կողմն անցնում է պատասխան գործողությունների, և ստացվում է, որ իրենց իսկ գործողություններով իրենք վտանգում են իրենց իսկ սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Սակայն սա չի նշանակում, որ իրենք դադարելու են մտածել, որ միգուցե անընդհատ լարվածություն պահելով կարող են հայ բնակչության մոտ վախի մթնոլորտ ստեղծել և դադարեցնելու են սադրանքները։ Բայց ես մտածում եմ, որ տարիների ընթացքում սահմանամերձ գյուղերի բնակիչների մոտ իմունիտետ է ձևավորվել, և էմոցիոնալ տեսանկյունից հեշտ չէ նրանց վախեցնել պարբերական կրակոցներով․ մարդիկ շարունակում են այնտեղ ապրել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031