Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղն առավոտյան ժամը 6:00-ից հանրապետության ամբողջ տարածքում ԱԻՆ-ը կիրականացնի իմպերատիվ ախտահանման աշխատանքներ

Մարտ 27,2020 21:35

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում ԱԻՆ փոխնախարար Արմեն Հարությունյանը եւ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը խոսեցին կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ ԱԻՆ ձեռնարկած քայլերի մասին:

«ԱԻՆ-ը հենց սկզբից կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի համատեքստում, իսկ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմի սահմանումից հետո՝ արդեն պարետատան համատեքստում ակտիվ եւ սերտորեն համագործակցում է պետական ողջ համակարգի, այլ գերատեսչությունների հետ, իսկ առողջապահության նախարարության հետ գտնվում ենք 24 ժամյա կապի մեջ: Այս ընթացքում ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մեր քաղաքացիներից ստացվել է շուրջ 500 ահազանգ, որոնցից 286-ը պայմանավորված է եղել զուտ կորոնավիրուսով, իսկ մնացածը՝ կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներով՝ ջերմություն, Իտալիայից, ԻԻՀ-ից եկած այլ քաղաքացիների տեսնելու հարցերով: Հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ ավտոբուսներով, ինչպես նաեւ ԱԻՆ բուժվարչությանը պատկանող շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել կամ մեկուսացվել է շուրջ 400 կոնտակտավոր: Փրկարար ծառայության հոգեբանական ծառայության կողմից այս ընթացքում բոլոր կոնտակտավորներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին եւ պարզապես ահազանգողներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, ինչը այս պահին էլ շարունակվում է: Պայմանավորված մեկուսացմամբ, ԱԻ նախարարության եւ փրկարար ծառայության մի շարք աշխատանքներ, որոնք հնարավոր է կազմակերպել հեռավար, կազմակերպում ենք այդ մեթոդով, այդ թվում՝ նաեւ հոգեբանական աջակցությունը:

Պետք է ավելացնեմ, որ մինչ այս պահը ԱԻՆ ստորաբաժանումների կողմից համայնքների հետ համատեղ մի շարք տարածքներում իրականացվել են ախտահանման գործողություններ: Բայց եթե մինչեւ այսօր դրանք իրականացվել են ըստ անհրաժեշտության, վաղն առավոտյան ժամը 6:00-ից այդ գործողությունները ԱԻՆ եւ փրկարար ծառայության ստորաբաժանումները հանրապետության ամբողջ տարածքով հանրային տարածքներում, հատկապես՝ կանգառներում, պետք է իրականացվեն ախտահանման իմպերատիվ աշխատանքներ»,-ասաց փոխնախարարը:

Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը հավելեց, որ հենց սկզբից ԱԻՆ առաջնային խնդիրը եղել է անել ամեն ինչ, որպեսզի փրկարար ծառայությունը լինի առավել մարտունակ եւ կարողանա արձագանքել արտակարգ իրավիճակի դեպքերով բոլոր կանչերին: «Որովհետեւ համաճարակի պայմաններում կարող են լինել նաեւ այլ՝ տարերային, տեխնածին այլ աղետներ: Մենք բոլոր պայմաններում պետք է կարողանանք արձագանքել բոլոր աղետներին»-ասաց գեներալը եւ կարեւորեց նաեւ հենց իրենց աշխատակիցների անվտանգության ապահովման ուղղությամբ կատարվող կանխարգելիչ միջոցառումները, որովհետեւ ազգաբնակչության հետ շփվելով նրանք կարող են վարակակիր դառնալ: Երեւան քաղաքի ջոկատներից մեկում այդպիսի դեպք արդեն կա: Այդ աշխատակիցը եւ նրա հետ ակտիվ կոնտակտ ունեցած եւս 11 հոգի մեկուսացվել են: «Բոլոր ստորաբաժանումներում ամեն օր երեք անգամ ջերմաչափում է արվում, երկու անգամ իրականացվում են այդ տարածքների վարակազերծման աշխատանքներ: Նույնիսկ գնացինք նրան, որ հերթափոխերը, որ պիտի փոխարինեն իրար, միմյանց չհանդիպեն ու չշփվեն»,- ասաց Վրեժ Գաբրիելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031