Չնայած Արցախում ձեռնարկվող հակահամաճարակային եւ առողջապահական միջոցառումներին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծում է՝ որեւէ մեկը չի կարող պնդել, որ ընտրությունները չեն ավելացնում կորոնավիրուսի տարածման ռիսկը: «Բնականաբար, ռիսկն ավելանում է, բայց դժվար է գնահատել, թե որքան»,-«Մեդիա կենտրոն»-ի առցանց մամուլի ասուլիսում այսօր հայտարարեց նա:
Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ՝ նման միջավայրում ընտրություններ անցկացնելը նորմալ չէ. «Սա նորմալ նախընտրական միջավայր չէ, եւ քվեարկության նորմալ միջավայր չէ: Ընտրությունները ենթադրում են ամբողջական մրցապայքար՝ մինչեւ լռության օրը, մինչդեռ հիմա թեկնածուները զրկված են հավաքներ անելու իրավունքից»:
Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ շատ կարեւոր է նաեւ հասկանալ, որ շատ ընտրողներ կորոնավիրուսի պատճառով իրենց վստահ չեն զգա եւ կխուսափեն տեղամասեր գնալ. «Դա թույլ է տալիս ասելու, որ դա նորմալ միջավայր չէ քվեարկության առումով»:
Կարդացեք նաև
Բանախոսը նշեց, որ ընտրությունների չեղարկման ճանապարհն արտակարգ դրություն հաստատելն է, սակայն դժվար է գնահատել, թե ինչու Արցախի իշխանությունը չի գնում այդ քայլին:
Հիշեցնենք, որ Արցախում կորոնավիրուսի դեպք չի հաստատվել: Մարտի 31-ին Արցախում սպասվում են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:
«Կարծում եմ՝ կորոնավիրուսի հանդեպ հանրության վախի մթնոլորտում հնարավոր չի լինի անցկացնել լեգիտիմ ընտրություններ»,-համոզմունք հայտնեց Դանիել Իոաննիսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Տեսանյութը՝ «Մեդիա կենտրոնի»