Ինչպես հայտնի է, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով զանգահարում էր պատահական քաղաքացիների ու հարցնում, թե ինչպե՞ս եք դիմանում արտակարգ դրության այս պայմաններին: Վարչապետի ուղիղ եթերի տակ մեկնաբանությունները հեռախոսագիրք են հիշեցնում: Շատերն իրենց հեռախոսահամարներն են թողնում, թե՝ վարչապետ ջան, ինձ զանգիր: Սա տեսնելով, մեկնաբանություններում թողել են «մասաժիստ Մառայի» ու նմանատիպ այլ համարներ:
Ուշագրավ է, որ բավականին շատ են ռուսերեն կամ ռուսատառ հայերեն մեկնաբանությունները: Մի օգտատեր գրել է՝ «ете карелия кап настатек парон Пашинян» ու թողել համարը, Մամիկոն Խաչատրյան անունով մի օգտատեր էլ ռուսատառ հավելել, թե՝ սա էլ իմ համարն է, խնդրում եմ զանգեք: Օգտատերերը հումորներ են անում, թե՝ «Մամիկոն ջան, քեզ երեւի Պուտինը զանգի»:
Երբ Փաշինյանը զանգել էր մի քաղաքացու տուն, տան տղամարդը խոսակցության ընթացքում զոքանչին «մամա» ասաց: Սա մեկնաբանություններում դարձրել են քննարկման ու զավեշտի թեմա: Օգտատերերը գրում են. «Զոքանչիդ որ մամա ես ասում, էդ արդեն տխուր ա»: Մեկն էլ նկատում է. «Բա զոքանչի թոշակով ա ապրում»: Այստեղ իգական սեռի օգտատերերն են ակտիվացել, թե. «էդ ինչի սկեսուրին կասեն մամա, զոքանչին չե՞ն ասի»:
Քաղաքացիները մեկնաբանություններում բազմաթիվ սոցիալական խնդիրներ են նաեւ ներկայացրել. «Միայնակ մայր եմ, ընտանիքիս կարիքները չեմ կարողանում հոգալ կարանտինի պատճառով, միակ եկամուտս աշխատանքս էր»: Դժգոհությունների մեծ մասը կապված է վարկերի հետ, վարչապետին հարցնում են՝ «Դուխով փակելո՞ւ ենք varks.am-ի պարտքերը»: Մի կին գրել է. «3 անչափահաս երեխա ունեմ, ամուսինս չի աշխատում, մեր երեխաները ձեզ հետաքրքիր չե՞ն, թե՞ հետաքրքիր կլինի բանակ տանելուց՝ պոստերում: Ես պահում եմ, որ դուք օգտագործեք»:
Կարդացեք նաև
Մի կին էլ գրել է. «Ասենք 2000 դրամով խանութում աշխատում ենք մարդ ու կնիկ, մի հատ էլ ձեռնոց ու դիմակ եք պարտադրում առնենք, ի՞նչ կարող ենք ուտել մնացած 800 դրամով»:
Կան ավելի բարկացածները, որ Փաշինյանին գրում են. «2 տարի պաշտոնդ ստացար, մոռացա՞ր: Քո կյանքում որ սեւ իկրա է ի հայտ եկել, մարդիկ ցամաք հացին կակա են ասում»: Այս քննադատությունները կապված են Փաշինյանի արձագանքի հետ. հեռախոսազրույցի ընթացքում, երբ ասացին, որ 40 հազար դրամով 3 հոգով ապրում են, վարչապետը զարմացավ, թե ո՞նց եք ապրում 40 հազարով:
Փաշինյանին հիշեցնում են, որ ինքը վարչապետ է դարձել «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չի» կարգախոսով, իսկ հիմա մարդկանց ինքն է տուգանում. «Ինձ 2 մլն-ով տուգանել են, իրենք էլ գիտեն, որ սխալ են տուգանել, ասում են՝ կամ մուծիր, կամ տուր դատարան: Թքած ունեմ իրանց վրա էլ, իրանց դատարանների վրա էլ: Մարդուն էլ սահմանամերձ գոտիներին աջակցելու համար տուգանե՞ն, աբսուրդ ա»:
Օգտատերերից մեկը՝ Դավիթ Հայրապետյանը գրում է. «Բանակի սնունդը միշտ էլ լավ է եղել, բանակը սանատորիա չի: Երրորդ՝ սնունդով պատերազմ չեն հաղթում…թոշակն էնքան են բարձրացնում, որ թոշակառուն, մեկ է, թշվառ կյանքով է ապրում: Սահմանամերձ գյուղերում ջրամատակարարում կա՞: Կրթության աստիճանի մակարդակը գիտե՞ս: Փողոցների ասֆալտից, լուսավորվածությունից տեղյա՞կ ես: Գիտե՞ս, որ ձմռանը դասի չեն գնում, որովհետեւ դպրոցը հասարակ ապակի չունի, ցուրտ է: Բացի սահմանամերձից, գիտե՞ս ինչքան ռայոններ կան, որ ջրի խնդիր ունեն, գիտե՞ս քանի հատ վթարային շենքեր,վերելակներ կան, Գյումրիում ինչքան երկրաշարժից տուժած կա ու 2 տարում ով տուն ստացավ պետության կողմից»: Այս խնդիրներին զուգահեռ նա հրապարակել է, թե ինչքան փող է ծախսում, Փաշինյանի աշխատակազմը, ԱԺ-ն, նախագահի աշխատակազմը, ՊԵԿ-ը, Երեւանի քաղաքապետարանը, նախարարություններն ու պետական այլ մարմինները»:
Այլ մեկնաբանությունները՝ սքրինշոթերով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ