Արտակարգ դրության պայմաններում վնասներ կրող ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ ներկայացված խնդիրները հիմնականում տեղ են գտել կառավարության աջակցության ծրագրերում, եւ դրանք ծածկում են հնարավոր կարիքները:
Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսին ասաց էկոնոմիայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը: Նա ասաց, որ այս աջակցության ծրագրերից դուրս է մնացել բիզնեսի՝ հարկային արձակուրդի պահանջը, այն այս պահին էլ կառավարության օրակարգում չկա: Փոխնախարարը նաեւ չբացառեց, որ հետագայում այս գործիքների կիրառման ժամանակ ծագած հնարավոր խնդիրները կլուծեն:
Մարգարյանի ներկայացմամբ՝ մոտ չորս հազար կազմակերպություն կա, որը արտակարգ դրությամբ պայմանավորված նման սահմանափակումների տակ է ընկել եւ այս աջակցությունը ուղղված չէ միայն այն բիզնեսին, որոնք պարետի որոշմամբ արգելվել են. «Այս աջակցությունից կարող են օգտվել բոլորը, ովքեր այս ընթացքում տնտեսական վնասներ են կրել՝ անկախ դրանց պատճառներից»: Մարգարյանը նաեւ ասաց՝ չի բացառում, որ հնարավոր է լինեն գործարարներ, որոնք օգտվելով ստեղծված իրավիճակից, կփորձեն չարաշահումների դիմել աջակցություն ստանալու գործընթացում:
Կարդացեք նաև
Ասուլիսի մեկ այլ մասնակից, փոխնախարար Վարոս Սիմոնյանն էլ տեղեկացրեց, որ կենդանիների կերերի ու բույսերի մասնագիտացված վաճառքի կետերի աշխատանքի սահմանափակումն այսօրվա որոշմամբ վերացրել են, դրանք կարող են գործել: Նա ներկայացրեց, թե պարետի այսօրվա որոշմամբ տնտեսական գործունեության որ տեսակների նախկինում սահմանված արգելքը վերացրել. Օրինակ՝ ավտոտեխսպասարկման եւ նորոգման կետերը, ավտոպահեստամասերի վաճառք:
Որոշմամբ հաստատված թույլատրելի կամ արգելված տնտեսական գործունեության տեսակների ցանկը՝ այստեղ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ