«Քրեակատարողական օրենսգրքի նոր նախագիծ է մշակվել, որն անցել է միջազգային փորձաքննություն, եւ շուտով այն կներկայացվի վարչապետի աշխատակազմին»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի 2019թ.-ի կատարման ընթացքը՝ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Անդրադառնալով նաեւ մինչեւ այս պահը քրեակատարողական ծառայության ոլորտում իրականացրած եւ նախատեսվելիք որոշ գործողությունների՝ Բադասյանը նշեց, որ 2019թ.-ից «Արմավիր» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներն անցել են դատապարտյալների սննդի ապահովման նոր համակարգին:
«Այս պահին 4 ՔԿՀ(+«Ավոբյան» ՔԿՀ եւ «Գորիս») օգտվում է սննդի մատակարարման նոր համակարգից: Ամռանը բոլոր 12 ՔԿՀ-ներում կապահովվի սննդի մատակարարման նոր համակարգը, ինչը, որքան էլ տարօրինակ է հնչում, քրեական ենթամշակույթի դեմ պայքարում վերասոցիալականացման համար մեծ դերակատարում ունի: Սննդի այս նոր համակարգից կալանավորներն ու դատապարտյալներն օգտվում են 100%-ով, իսկ նախկինում դա մոտ 60-70% էր»,-փաստեց Ռուստամ Բադասյանը:
Նախարարը նաեւ նշեց, որ կալանավորների եւ դատապարտյալների պահման պատշաճ պայմաններ ստեղծելու նպատակով 2019թ.-ից 9 ՔԿՀ-ներում վերանորոգման եւ հարդարման աշխատանքներ են արվել. «Հաշվի ենք առել նաեւ հենաշարժողական խնդիրներով անձանց կարիքները»:
Բադասյանը տեղեկացրեց, որ հայաստանյան ՔԿՀ-ներն այս ընթացքում համալրվել են ֆիզիկական անձանց եւ հանձնուքների ստուգման համար անհրաժեշտ ռենտգեն սարքերով:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ