Այս օրերին, երբ աշխարհում ու նաեւ մեր երկրում նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքով ճգնաժամ է առաջացել, հատկապես՝ տարեցների նկատմամբ հոգատարությունն առաջնային է դարձել:
Նրանք առավել խոցելի են հիվանդության տեսակետից եւ տանը մնալն առավել քան այլոց համար կարեւոր է. նվազեցնում է հիվանդանալու ռիսկը:
Եվ, որպեսզի մեծահասակ մեր քաղաքացիներն անվտանգ ու ավելի հեշտությամբ հաղթահարեն արտակարգ իրավիճակի ժամանակահատվածը, արեւելյան հացի արտադրությամբ զբաղվող «Գոլդեն Բեյքրի» ընկերությունը, միջին արեւելյան սպիտակ պանրի արտադրությամբ զբաղվող «Միլքո» ընկերությունը եւ վերջինիս կաթի մատակարար ձեռներեցը սոցիալական պատասխանատվության իրենց ծրագրերի շրջանակում սննդային փաթեթներ (1000 լոշիկ եւ 75 կգ պանրի տեսականի) են պատրաստել: Ընկերությունները հոգ են տարել ամենահիմնականի մասին` տատիկ-պապիկների սննդի մատակարարման համար:
Մատակարարումը կազմակերպվում է կորոնավիրուսի հետեւանքների հաղթահարման միասնական շտաբի կողմից, եւ սննդի առաքումը իրականացնում է Հայկական Կարմիր Խաչը։
«Մեծապես կարեւորում ենք համայնքի մաս կազմելը, հանրության կարեւորագույն խնդիրների ժամանակ ամենախոցելի խավի կողքին կանգնելը։ Մեր երկիրն այսօր կորոնավիրուսի հաղթահարման խնդրի առաջ է կանգնած, ուստի պետք է օգտակար լինենք տարեցներին, հեշտ ու անվտանգ չէ իրենց դուրս գալը տանից»,- նշել է «Միլքո» ընկերության գործադիր տնօրեն Սանան Տէր Պետրոսեանը:
«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել համագործակցել կորոնավիրուսի հետեւանքների հաղթահարման միասնական շտաբի հետ` միասնական ու համատեղ հաղթահարելու նպատակով»,- հայտնել է «Գոլդեն Բեյքրի» ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Ծատուրեանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ