Այսօր լրատվամիջոցներով տեղեկություններ շրջանառվեցին, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում 59-ամյա կին է մահացել միակողմանի թոքաբորբով: Ըստ լրատվամիջոցների՝ մահացածը Կոտայքի մարզի Ալափարս գյուղից էր:
Ալափարսի գյուղապետ Սարիբեկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ պաշտոնական վերջնական տեղեկատվություն չկա մահվան մասով, ճշտումներ են արվում:
«Հարազատները տանը չեն, տղան ու ամուսինը երեկվանից մեկուսացված են, մինչեւ պատասխանները ստացվեն: Մահացած կինը առողջական խնդիրներ միշտ է ունեցել, տարիներ շարունակ»:
Մեր հարցին, թե երբ է թոքաբորբի խնդիրը առաջացել մահացածի մոտ, գուղապետն ասաց, որ մահացածի հարազատներն են զանգել շտապ օգնություն՝ կնոջ մահից մի քանի ժամ առաջ. «Կարծեմ հիվանդանոց չի էլ հասել, ճանապարհին է մահացել»:
Կարդացեք նաև
Գյուղապետի խոսքով՝ իրենց համայնքում կորոնովիրուսով վարակված մարդ չկա, բացի մահացածի ընտանիքի երկու անդամից՝ չկա նաեւ մեկուսացված բնակիչ. «Նմանատիպ դեպքեր չունենք»:
ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պաշտոնական տեղեկություն անձերի շուրջ ընդհանրապես չի տրվում. «Եթե հարազատները մեկուսացված են, թեստերի արդյունքներ կլինեն, ընդհանուր թվի մեջ կերեւա: Որեւէ մարդու, գյուղի տվյալներ չեմ տրամադրում: Առաջիկայում կունենանք քարտեզագրում, online կերեւա տարածաշրջաններով ու թվերով»:
Անդրադառնալով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կնոջ մահվան մասին լուրերին՝ ԱՆ խոսնակն ասաց. « Չեմ կարող նման տեղեկություն հայտնել… հղումը տալիս եմ իրավապահ մարմիններին, իրենցից պարզեք՝ տվյալ անձի մահը որտեղ է եղել: Բացի այդ ՝ դա անձնական տվյալ է, եւ մարդիկ, այո՛, կարող են մահանալ թոքաբորբից, մինչեւ կորոնավիրուսի՝ Հայաստան գալն էլ, մարդիկ մահացել են թոքաբորբից, սա նորություն չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ