«Ակունք» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ ավելի շատ մտահոգում են Արցախում հետընտրական հնարավոր զարգացումները: Քարոզարշավի ընթացքում ձևավորված մթնոլորտը, նախագահի առանձին թեկնածուների՝ միմյանց նկատմամբ բացահայտ ագրեսիվ, ռևանշիստական վերաբերմունքն ու հավակնոտ ակնկալիքները, Հայաստանի իշխանությունների կողմից երկու տարի շարունակ Արցախի իշխանության ներսում դավադիրների-թշնամիների՝ «բաժանիր, որ տիրես»-ի բաժնետիրական փնտրտուքը, նաև՝ դրա արդյունքում պատերազմի մեջ գտնվող պետության գործող ռազմաքաղաքական էլիտայի ոչ համարժեք, վախվորած և անհասկանալի պահվածքը․․․
Իմ գնահատմամբ, այսպիսին է նախընտրական Արցախում իրականությունը (մի քանի օր առաջ եմ վերադարձել Արցախից)։
Ընտրությունները տեղի ունենալու դեպքում, առավել ևս, եթե դրանք ավարտվեն մեկ փուլով, լուրջ մտավախություն կա, որ հետընտրական զարգացումները կարող են թիկունքից հարվածել Արցախի անվտանգությանը։ Եվ եթե նույնիսկ ՀՀ իշխանությունները (Նիկոլ Փաշինյան) շահագրգռված են, որ ընտրություններն անպայման տեղի ունենան մարտի 31-ին, ԱՀ նախագահը պետք է նկատի ունենա, որ հետագա զարգացումների միակ պատասխանատուն ինքն է լինելու, որովհետև ԱՀ-ն Սահմանադրությամբ միայն ինքն է օժտված արտակարգ դրություն հայտարարելու և ընտրությունները հետաձգելու լիազորություններով (համոզված եմ, որ ԱԺ-ն կտա իր համաձայնությունը)։
Կարծում եմ, որ նախագահ Բակո Սահակյանը պետք է հստակ գիտակցի իր պատասխանատվության չափը և ստեղծված իրավիճակին համարժեք որոշում կայացնի»։
Կարդացեք նաև