Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Անսովոր տոն՝ փակ դռներով ու քար լռությամբ․ գյումրեցիներն իրենց առողջությունից շատ մտահոգված են թատրոնի գործերով

Մարտ 27,2020 16:01

Թատրոնի միջազգային օրը տարիներ ի վեր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նշվել է մեծ շուքով՝ հանդիսատեսի համար ստեղծագործական անակնկալներով։ Գյումրեցիներն էլ, լինելով անչափ թատերասեր, երկրպագելով շատ ու շատ դերասանների, այն վերածել են մեծ տոնի։

Այսօր թատրոնի երբեմնի մարդաշատ բակում գեթ մեկ անցորդի տեսնել հնարավոր չէ․ քար լռություն է։ Նույնիսկ այս պայմաններում թատերասեր գյումրեցիները թատրոնի տոնը չեն մոռանում, բազմաթիվ շնորհավորանքներ ու գոտեպնդող, լավատեսական խոսքեր են հնչեցնում թատրոնի ֆեսբուքյան էջում։

Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն Aravat.am-ի հետ զրույցում ասաց․ «Շնորհավորում եմ բոլորիս մեր մասնագիտական տոնի առիթով, մեր աշխատակիցներին ու թատրոնով ապրող բոլոր մարդկանց ու նաև հանդիսատեսին․ մեր հանդիսատեսը թատրոնն իրենն է համարում, վստահ կարող եմ ասել, առավել ևս գյումրեցի հանդիսատեսը։

Սա բացառիկ երևույթ է, որ թատրոնի միջազգային օրը նշում ենք այսպես՝ լռությամբ ու տանը նստած, մեզ համար էլ է անսովոր է, որովհետև գիտեք, մենք ավանդույթ ունենք ամեն տարի նշելու մեր տոնը։ Մենք նշում էինք մարտի 26-ին, 27-ին էլ մեկնում էինք Երևան մեր կոլեգաների հետ նշելու ու մրցանակաբաշխությանը մասնակցելու։

Այս տարի ևս միջոցառում ունեինք, ձևաչափը փոխել էինք, բոլորդ գիտեք Գյումրիում սիրված խումբ կա՝ «Հայաթ բենդ», որի հետ սիրուն, թատերականացված մեծ համերգ-ներկայացում էինք պատրաստել։

«Հայաթ բենդի» տղաները նվագում էին, իսկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի դերասանները երգում էին, հիմնականում ֆոլկլորային, ավելի շատ գյումրվա երգեր, այդ ամենի մեջ կար նաև թատերականացված սյուժե։ Շատ գեղեցիկ համերգ-ներկայացում էր, որի հիմքը հենց թատրոնի միջազգային օրն էր, տեսահոլովակը նկարահանված էր, միջոցառումը պետք է լիներ ամիս 26-ին, արդեն պաստառներն էլ պատրաստ էին, բայց կորոնավիրուսի պատճառով դադարեցրեցինք։ Կարծում եմ՝ այդ ներկայացումը, որի վրա մեծ աշխատանք է կատարվել, պարտադիր ցուցադրելու ենք։ Վստահ եմ, որ այս ժամանակահատվածը կանցնի, ու թատրոնը կբացի իր դռները»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Նա նշեց, որ այսօր առաջինը թատրոնի տոնը շնորհավորել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որը, մեր զրուցակցի բնութագրմամբ, զանգահարել է ու թատրոնի ողջ անձնակազմին շնորհավորել է։

Նշենք, որ թատրոնի միջազգային տոնը քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջով շնորհավորել է նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Լյուդվիգ Հարությունյանն ասաց ՝ անսովոր է, որ կոլեկտիվն այսօր թատրոնում չէ, նրանք, պայքարելով կորոնավիրուսի դեմ, տանն են մնացել, թեև գրառումներով, երբեմն տեսաուղերձով կապ են պահպանում հանդիսատեսի հետ։

«Ինչքան պարտաճանաչ լինենք արտակարգ դրության ժամանակ սահմանված պահանջները պահպանելու, այնքան շուտ դուրս կգան այս դժվարին իրավիճակից։ Ես հավատում եմ, որ լավ է լինելու»-ասում է մեր զրուցակիցը։

Լյուդվիգ Հարությունյանը միաժամանակ նշում է, որ թատրոնի համար բավական դժվար փուլ է սկսվել․ փետրվար ամսին թատրոնը ներկայացումներ չի խաղացել, քանի որ էկրանավորում էին «Հարսանիք թիկունքում» մեծ աղմուկ հանած ներկայացումը։ Ներկայացումները մարտ-ապրիլ ամիսներին էին։

«Մեր ամբողջ տոմսերը մարտ-ապրիլ ամիսներին սպառված էին, տոմսերը հանդիսատեսի ձեռքում են, բայց վստահեցնում եմ, որ դրանք չեն կորելու, մենք պարտադիր կխաղանք այդ ներկայացումներն այս դժվարին իրավիճակը հաղթահարելուց հետո։ Կարծում եմ, ապրիլի վերջին կամ մայիսին կսկսենք այդ ներկայացումները խաղալ։

Այս ընթացքում թատրոնը պատրաստվում էր երկու նոր առաջնախաղի, որից մեկը մանկական էր ու, ցավոք, առաջնախաղը չեղավ: Նոր ներկայացում ենք պատրաստում իսպանացի հեղինակ Անտոնիո Բուեյրո Վալեյխոյի պիեսի հիման վրա, երիտասարդական գործ է, աշխատանքները դադարեցված են։ Բնական է, թատրոնի բնականոն աշխատանքին շատ խանգարեց այս իրավիճակը: Բայց ես ահավոր ուրախանում եմ, որ այս դժվարին պահերին, երբ ամեն մեկը մտածում է իր առողջության մասին, չեն մոռանում նաև մեզ, զանգահարում են, գրում են թատրոնի էջին: Հետաքրքրվում են՝ ինչ նոր ներկայացում է լինելու, երբ է ներկայացումը լինելու։ Այսինքն` այս պահերին անգամ հիշում են թատրոնը, սա էլ ավելի է պարտավորեցնում մեզ։ Թատրոնն իր հերթին պիտի օգնի հասարակությանն այս իրավիճակից դուրս գալու ու բացի դռները»։

Թատրոնի անձնակազմի լուսանկարը՝ Տիգրան Վիրաբյանի ՖԲ էջից

Թատրոնը տոնն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է նաև Երևանի փոխքաղաքապետ, Գյումրու թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանը՝ հուզիչ գրառում անելով։

«Այսօր թատրոնի օրն է, բայց, ցավոք, այսօր երկրի բոլոր թատրոնների դռները փակ են, այդ թվում Գյումրու դրամատիկական թատրոնինը: Մեր թատրոնն իր դռները չփակեց անգամ ավերիչ երկրաշարժից հետո: Մեր արտիստները բեմ բարձրացան՝ իրենց հանդիսատեսին ուժ ու ժպիտ տալու համար այդ սարսափելի օրերին:

Գյումրու թատրոնը արդեն 12 տարի իմ տունն է՝ ոչ առաջին, ոչ էլ երկրորդ, սա իմ տունն է, որտեղ ապրել եմ :

Հիշում եմ ամենադժվար օրերը, երբ գրիմանոցում նստած՝ սրտատրոփ սպասում էինք տոմսավաճառը ներս գա ու ասի՝ վերջ, դահլիճում 10 հոգի կա, կարող եք բարձրանալ բեմ: Միասին՝ ուս ուսի տված հաղթահարեցինք բոլոր մարտահրավերները ու քայլեցինք առաջ՝ մեր նվիրական երազանքի հետևից:

Այսօր Գյումրու դրամատիկականի ողնաշարն ամուր է, ոգին՝ մարտական, ճակատն էլ պարզ:

Մենք կարողացանք ստեղծել մեր երազանքի թատրոնը:

Թատրոն, որն ամենապահանջվածներից է Հայաստանում:

Թատրոն, ուր հանդիսատեսը շատ ներկայացումների համար ամիսներ շարունակ տոմս է փնտրում:

Թատրոն, որը համալրվել է ֆանտաստիկ երիտասարդներով, որոնց թիկունքին՝ պրոֆեսիոնալ նվիրյալներն են:

Եվ վերջապես թատրոն, որի տերն արտիստներն են:

Ինձ համար հայրենիքը սկսվում է Գյումրիից և իմ թատրոնից: Շնորհավոր թատրոնով շնչող մարդիկ:

Վստահ եղեք, ամեն բան լավ է լինելու»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031