Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ զանգահարեց քաղաքացիների պատահական քաղաքային հեռախոսահամարներով՝ ճշտելու, թե ոնց են, կամ տնավարի ասած՝ «ինչ կա-չկա»:
Քաղաքացիները անակնկալի էին գալիս Նիկոլ Փաշինյանի զանգից, երբ ասում էր՝ զանգահարել եմ իմանամ ինչպես եք, ինչպես եք դիմանում սահմանափակումներին: Մի տարեց կին ասաց, որ հիվանդ պառկած են, ամուսինն էլ 90 տարեկան է, տնից դուրս չեն գալիս: Վարչապետը հետաքրքրվեց՝ բա ձեր գնումներն ո՞վ է անում, որ դուք հիվանդ պառկած եք, տատիկը պատասխանեց, որ սոցիալական աշխատող կար, նա էր օգնում:
Փաշինյանը հետաքրքրվեց թոշակներից, պարզվեց՝ 55 հազար ինքն է ստանում, 60 հազար՝ ամուսինը: Վարչապետը, իմանալով, որ բավականին բարձր թոշակ են ստանում, հետաքրքրվեց, թե ինչ ստաժ ունեն: 90-ամյա պապիկը ժամանակին ինֆեկցիոնիստ է եղել: Կինն անկեղծացավ, որ հիմա այնքան վատ է, որ անգամ ճաշ չի կարողանում եփել, պապն է մակարոն խաշում. «Որոշ բաներ ունեմ, մակարոն է, բան է, լավ է, որ ես զապասով եմ»: Տատը Փաշինյանի երկրպագուներից էր, ասաց, որ ով մոտենում է, հարցնում է՝ «դու նիկոլակա՞ն ես, թե՞ ով ես»:
Հաջորդ զանգին պատասխանեց մի թոշակառու կին ու իմանալով, որ վարչապետն է զանգել, հարցրեց. «Ճիշտն ասած, այսօր ուզում էի գնալ շուկա, վախեցա, կարո՞ղ եմ գնալ»: Փաշինյանը բացատրեց, որ տեղաշարժի թերթիկ կա, կարող եք լրացնել, իհարկե, շուկայում զգույշ պետք է լինել, սոցիալական հեռավորություն պահպանել: Հետո հորդորեց՝ առեւտուր անելիս անպայման կպահանջեք ՀԴՄ խփեն: Այդ ընտանիքը ստանում էր թոշակ ՌԴ-ից, ասացին, որ ֆինանսապես դիմանում են արտակարգ դրությանը: Վարչապետը հետաքրքրվեց հարեւաններից, թե ինչ տեսակետներ կան կառավարության ձեռնարկած քայլերի մասին: Կինն ասաց, որ հիմա չեն շփվում, ամեն մեկը մեկուսացած է իր տանը:
Կարդացեք նաև
Հետո Փաշինյանը զանգեց Գյումրիի բնակարաններից մեկը: Զանգին պատասխանեց մի կին, ասաց, որ տանից դուրս գալիս է, բայց՝ երեկոյան. «Պոլիտեխնիկ ինստիտուտում գնում եմ աշխատանքի, պահակություն եմ անում»: Հարցին՝ ո՞նց է ձեր կյանքը փոխվել, ի՞նչ դժվարություն ունեք՝ կինը պատասխանեց, որ ոչ մի խնդիր չկա, ապրանքների գները չեն բարձրացել, ապրել կարողանում են: 5 հոգով են ապրում ընտանիքում, տղան հաշմանդամություն ունի, սայլակով է տեղաշարժվում, ընտանիքում միակ աշխատողը ինքն էր, գոյատեւում էին պահակի աշխատավարձով ու թոշակով:
Հաջորդ զանգին պատասխանեց մի կին, ասաց. «Ամուսինս «Իդեալում» է աշխատում, երկրորդ ամիսն է՝ իր հաշվին արձակուրդի են ուղարկել, աշխատավարձ չեն վճարում: Վարկ ենք վճարում, կոմունալ ենք վճարում: Ես չեմ աշխատում, մամաս հաշմանդամ է, ինսուլտ խփած: Մամաս 40 հազար թոշակ է ստանում, դրանով ենք ապրում»: «Երեքով 40 հազար դրամով ո՞նց եք ապրում»,- զարմացավ Փաշինյանը:
Հետո լսափողը վերցրեց ամուսինը: Նա ասաց, որ «Աշտարակ կաթում» էի աշխատում, ընկերությունը լուծարվեց, մի քանի ամսվա աշխատավարձը չտվեցին: Աչքներիս թոզ էին փչում, որ լավ կլինի, մենք աշխատում էինք: Չտվեցին աշխատավարձերը, մենք էլ վարկեր վերցրեցինք, որ գոյատեւենք: Կուտակվեց, հիմա իմ վարկը համարյա 4 մլն-ի հասնում է: Էլի չեմ բողոքում, սպասում եմ, որ սեզոնին գործը կբացվի, պռոստը էս կորոնավիրուսը վզներիս խփեց: Իմ գործը սեզոնային է, ջեռուցման համակարգում եմ աշխատում: Հունվարին սուտի-մուտի գործ եղավ, գնում ենք, ջեռուցում ենք, մոնտաժում: Բայց հիմա նստել ենք մեր հաշվին արձակուրդի: Գոնե այնպես ձեւակերպեին, որ մի ամիսը մեր հաշվին եղավ արձակուրդ, գոնե երկրորդ ամիսը վճարեին, ոչ թե էլի ինձ նստացնեին»:
Պարզվեց՝ մարդը գործի էր ընդունվել դեկտեմբերի 17-ին: Վարչապետը նկատեց՝ մի քանի ամսվա աշխատողին արձակուրդ չի հասնում: Քաղաքացին էլ ասաց, որ մենակ իր հարցը չի, ողջ աշխատակազմին կանչել են, ասել են:
Կառավարությունը ի՞նչ անի, որ ձեզ համար առավելագույն տանելի ձեւով այս իրավիճակը հաղթահարեք՝ քաղաքացին պատասխանեց. «Չեմ իմանում»: Նա ասաց, որ սոված էլ նստել է, ամեն ինչ արել է, որ վարկային պատմությունը չսեւանա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ