Լրահոս
Օրվա լրահոսը

Միջմարզային տրանսպորտն ընդհանրապես չի սպասարկի. Պարետի որոշման մեջ փոփոխություն է եղել

Մարտ 27,2020 15:23

Այսօր պարետի որոշմամբ ավելի կխստացվի միջմարզային ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով ուղեւորափոխադրումներ իրականացնող տնտեսվարողների գործունեությունը: Այսօրվա որոշմամբ կարգելվեն նաեւ ներմարզային ուղեւորափոխադրումները, որոնք մի քանի մարզում դեռեւս գործում էին: Ինչպես կառավարության մամուլի սրահում այսօր ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, եթե մինչ այս ներմարզային երթուղիներ գործում էին Շիրակի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում, ապա դրանք էլ չեն գործի:

Փոխնախարարից հետաքրքրվեցին՝ մարզերում բնակվող, բայց Երեւանում սննդի ոլորտում, խանութներում աշխատող քաղաքացիներն ինչպե՞ս պետք է հասնեն աշխատավայր: Լրագրողների այն դիտարկմանը, եթե նախկինում կարողանում էին գոնե մի քանի հոգով տաքսի վարձել եւ տեղափոխվել, ապա հիմա դա էլ է արգելված, ի՞նչ լուծում կա այդ մարդկանց համար, Արմեն Սիմոնյանը պատասխանեց. «Սահմանափակումները նրա համար են, որպեսզի մարդիկ կորոնավիրուսով եւ արտակարգ իրավիճակով պայմանավորված քիչ շփվեն, որպեսզի համաճարակաբանական նկատառումներից ելնելով մենք կանխարգելենք վիրուսի տարածումը: Մենք որեւէ դիմում չենք ստացել քաղաքացիներից կամ տնտեսվարողներից: Եթե կա որեւէ օբյեկտ, սննդի հետ կապված ընկերություն, որը խնդիրներ ունի մարդկանց տեղաշարժի հետ կապված, թող դիմեն կառավարություն եւ մենք կփորձենք լուծում գտնել»:

Հարցին՝ ինչքանո՞վ է տրամաբանական միեւնույն վայրում մեկուսացած անձանց արգելել նույն տաքսին նստելուց, փոխնախարարը պատասխանեց. «Ողջ իմաստը կայանում է նրանում, երբ վարորդն է նստած եւ հետեւում ուղեւոր է նստած, ապա այդ հեռավորությունը մոտ մեկ մետրից ավել է կազմում, դա Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն է եւ այդ հեռավորությունը համարվում է անվտանգ: Այս պարագայում վարակելու հավանականությունը ցածր է»:

Այն հարցին էլ՝ եթե երթուղագծերը չեն սպասարկվում, այդ ծառայությունը մատուցող տնտեսվարողներն ինչպե՞ս են կատարելու իրենց հարկային պարտավորությունները, Արմեն Սիմոնյանն ասաց, որ մինչեւ պարետի կողմից միջմարզային տրանսպորտի արգելք սահմանելն, ուղեւորահոսքն արդեն 80 տոկոսով ընկել էր. «Այդ երթուղիները սպասարկող կազմակերպությունների որոշ սեփականատերեր զանգում եւ ասում էին՝ երբ ասեք՝ մենք սպասարկումը կկանգնեցնենք, որովհետեւ ուղեւորահոսք արդեն չկա: Դրանից հետո եղավ պարետի որոշումը»:

Իսկ խնդիրների առաջ կանգնած գծատերերի հարկային պարտավորությունների եւ այլ խնդիրների պարագայում, ըստ փոխնախարարի, կառավարության երեկվա նիստում ընդունվել է բիզնեսին աջակցելու հինգ փաթեթ, որում ձեռնարկատիրական ընկերություններին աջակցող մի քանի տարբերակներ կան. «Կարծում եմ այս ոլորտում աշխատող ընկերությունները նույնպես կարող են դիմել»,-ասաց Արմեն Սիմոնյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031