«Ընդունված որոշումները լավն են, վատը չեն: Որքանո՞վ դրանք կաշխատեն`պետք է տեսնել, թե կյանքն ինչպես կընթանա»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն` անդրադառնալով կառավարության երեկ կայացրած որոշումներին`գյուղատնտեսությանն ու բիզնեսին աջակցելու համար զրո տոկոսով վարկեր տրամադրելու մասին:
Արամ Սարգսյանն, առհասարակ, ուշացած է համարում կառավարության արձագանքը ստեղծված իրավիճակին, բայց այն, ինչ որ այսօր արվում է, ասում է` իրավիճակով թելադրված է:
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ է կարծում, որ «մի ահռելի» ժամանակ բաց ենք թողել: Նա կարծում է, որ այժմ հանրապետությունում ավելի պաշտպանված իրավիճակ կլիներ, եթե Իրանի եւ Իտալիայի սահմաններն ավելի վաղ փակեր ՀՀ կառավարությունը, եթե դպրոցներն ու մանկապարտեզներն ավելի վաղ փակվեին, եթե արտակարգ դրության միջոցառումներն ավելի վաղ իրականացվեին:
Ինչ վերաբերվում է օրավարձով աշխատող մարդկանց մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` խորհրդարանում արած հայտարարությանը, Վահան Բաբայանն ասում է. «Վարչապետը ուրացավ օրավարձով աշխատող մարդկանց: Նա մոռացավ այդ մարդկանց: Նա մոռացավ իր խոստումները`վարկերի, պարտքերի եւ այլ բաների մասին: Երբ նա հրապարակներում բարձրաձայն ասում էր, որ պարտքերը պետք է ջրվեն, տոկոսները վերացվի, չգիտեմ ինչեր արվեն, այսօր պատգամավորը իրեն հարց է տալիս՝ ասում է` ձեռ ե՞ք առնում, բռնենք 10 հազար դոլար բաժանե՞նք ժողովրդին»:
Կարդացեք նաև
Վահան Բաբայանը չգիտի`մենք ունե՞նք մենեջերների այնպիսի թիմ, որոնք կօգնեն վաղը Հայաստանին նվազագույն կորուստներով դուրս գալ վերահաս տնտեսական կոլապսից. «Այս դիլետանտների հետ միասին մենք չենք կարող կառավարել վիճակը»: Նա առհասարակ տարակուսած է`մի՞թե Հայաստանում չկար ռազմական իրավիճակներում կառավարելու փորձ եւ հմտություններ ունեցող մեկը, որը ղեկավարեր պարետատունը, որպեսզի պարետ Տիգրան Ավինյանը, որին ինքը խելացի մարդ է համարում, մի օր չորոշի, որ մարդիկ իրենց երկու երեխայի հետ չեն կարող նույն մեքենայում երթեւեկել, հաջորդ օրը`փոխի որոշումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ