Հայաստանի ավիացիայի ոլորտում ներկայումս գործում են 4 ռուսական եւ 1 բելառուսական ավիաընկերություններ: Բելառուսական ավիաընկերությունը կատարում է Մինսկ-Երեւան չվերթը: Այսօր այս մասին կառավարության մամուլի սրահում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Նրա խոսքով, ավիացիայի ոլորտում ուղեւորահոսքը բավականին ընկել է: Եթե մարտի 8-ի դրությամբ ունեինք օրական 6 հազար ուղեւոր, այսօր արդեն մոտ 800 ուղեւոր է մնացել:
Ըստ փոխնախարարի, երկաթուղային ոլորտում բոլոր ընկերությունները աշխատում են նույն ռեժիմով՝ բացառությամբ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերը: Պարոն Սիմոնյանն ասաց, որ այսօրվանից սկսած՝ Երեւան-Գյումրի արագընթաց գնացքի աշխատանքը դադարեցվել է, քանի որ ուղեւորահոսք ընդհանրապես չկա:
Հարցին՝ մետրոյում, երկաթուղային գնացքում պահպանվո՞ւմ է սոցիալական հեռավորությունը, արդյոք վերահսկվո՞ւմ է, որ պահպանվի, փոխնախարարն ասաց՝ «Երկաթուղուն համապատասխան ցուցումներ են տրվել, որպեսզի վագոններում մեկ մետր եւ ավելի հեռավորությունը պահպանվի: Վերահսկողություն իրականացվում է թե՛ նախարարության, թե՛ «Հարավ կովկասյան երկաթուղու» եւ թե՛ տեսչական մարմնի կողմից: Եթե որեւէ դեպքեր ունենք , որ այդ ամենը չի ապահովում, թող դիմեն եւ մենք կզբաղվենք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ