Ցավոք, չկա այնպիսի ժանր, երբ հնարավոր լինի ասել՝ խնդրում եմ՝ սա կարդան այս կամ այն շրջանակները և չկարդան մյուսները։
Ես կուզեի, օրինակ, որ իմ այս գրածը կարդային «Իմ քայլի» 88-ը, կառավարության անդամները, պետական համակարգի վերնախավը։
Վարչապետը վաղ առավոտից ավետում է. «Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել»։ Լարվում ես, պահի մթնոլորտի տակ ամեն բան մտքումդ հաշվարկում և, շարունակելով հետևել վարչապետ Փաշինյանի գրածին, իմանում ես, որ ընդամենը ոստիկանության համակարգում երկու կնոջ նշանակման մասին է խոսքը։
Իսկապես շատ կարևոր է, որ իմ նշած շրջանակներում սկսեն ինքնուրույն մտածել, թեկուզ լուռ, բայց սկսեն մտածել. իսկապես սա ա՞յն թեման է, որը այսօրվա աշխարհում ու այսօրվա Հայաստանում կարող է աննախադեպ համարվել ու դառնալ պետության առաջին դեմքի հայտարարության թեմա։
Կարդացեք նաև
Մենք աննախադեպ աղետի մեջ ենք, վաղը աննախադեպ տնտեսական փլուզումների շեմին կարող է լինենք, աննախադեպ ծավալների ռիսկեր կան գյուղատնտեսության մեջ, իսկ դա նշանակում է՝ աշնանը աննախադեպ վիճակ։ Մենք աննախադեպ պարտադրված իզոլյացիայի մեջ ենք, իսկ դա աննախադեպ իրողության առաջ է մեզ կանգնեցնելու։ Շատ կարևոր է, որ «Իմ քայլում», կառավարությունում, պետական համակարգում սկսեն մտածել այս ուղղությամբ։
Նախորդ օրն էլ մի այլ աննախադեպ բան էր տեղի ունեցել. Ճանապարհային ոստիկանությունը տուգանել էր ընտանիքի անդամին, ու դարձյալ երկրի առաջին դեմքը շտապել էր դա ձեռքբերում համարել։ Ստեղծվում է տպավորություն, որ պետական միտքը աշխատում է բացառապես մեկ անձի PR-ի վրա։ Շատ կարևոր է, որ ներսում սկսեն ավելի սառը նայել, որ ներսից սկսեն տեսնել ռիսկերը։ Պետք է անել առաջին, դժվար փորձերը՝ իրականությանը նայել սեփական աչքերով ու չվախենալ ինքնուրույն մտածել, որ երկու կնոջ նշանակումն ընդամենը երկու կնոջ նշանակում է, և ոչ մի աննախադեպ բան չկա։ Իսկ աննախադեպը այն ռիսկերն են, որ արդեն կան, ու որոնք այսօր շատ լուրջ քայլեր են պահանջում, որ վաղը բոլորս կոտրած տաշտակի առաջ չկանգնենք։
Շատ կարևոր է, որ իմ նշած իշխանական շրջանակների ներսում գտնվի լրջանալու ռեսուրսը։ Շատ կարևոր է, որ ներսում լրջության պոտենցիալ ունեցող դեմքերը չնախընտրեն ժամանակավոր կոմֆորտը, որովհետև այն մի կողմից իսկապես խիստ ժամանակավոր է լինելու, իսկ մյուս կողմից՝ պետության ռիսկերը շատ են մեծ, ու բոլորի, բոլոր շրջանակների կոնսոլիդացված ռեսուրսն է պետք լուծումներ գտնելու համար։ Իսկ եթե սա չարվի, ապա փլուզումների դեպքում պատասխան են տալու բոլորը, անկախ նրանից՝ չե՞ն հասկացել, թե՞ հասկացել ու լռել են։
Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»