Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի հասկանում այն համառությունը, որ Արցախում մարտի 31-ին նախատեսված նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները անպայման ցանկանում են անցկացնել: «Եթե Հայաստանում հանրաքվեն հետաձգվեց, որը կենսական նշանակություն ուներ իշխանությունների համար, ապա ինչո՞ւ չի կարելի հետաձգել նաեւ նախագահական ընտրությունները Արցախում, առավել ևս, որ վտանգը, որ այնտեղ վարակը կտարածվի, միանշանակ է`պարզ պատճառով. անտեղ պետք է լինեն միջազգային դիտորդներ, որպեսզի ընտրությունների օրինականությունը հաստատվի: Եթե նրանք լինեն եւ Հայաստանից մեկնեն, որեւէ երաշխիք չկա, որ այնտեղ չի տարածվի կորոնավիրուսը: Առավել ևս, եթե երկրորդ փուլ անցնեն, իսկ դա արդեն անխուսափելի է, դա կնշանակի, որ ևս երկու շաբաթ այդ ամբողջ վտանգը կախված է լինելու Արցախի բնակչության վրա»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց Արամ Սարգսյանը` նկատելով, որ Արցախում ընտրությունների անպայման նշյալ ժամկետներում անցկացման հարցում չգիտես ինչու շահագրգիռ են ՀՀ եւ Արցախի իշխանությունները:
«Ես համոզված եմ արդեն, որ քաղաքական դրդապատճառ ունի, որ ընտրությունները չեն հետաձգվում»,- ասաց բանախոսը`հավելելով, որ ինքը եւ շատ փորձագետներ, այդ թվում նաեւ գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, որն ամբողջովին տիրապետում է տեղեկություններին, ընտրությունների հետաձգումը անհրաժեշտություն են համարում: Մանավանդ, որ Արցախում համապատասխան լաբորատորիաներ էլ չկան: Արամ Սարգսյանը հավելեց նաեւ, որ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հիմնավոր ներկայացրել էր արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը:
Կարդացեք նաև
Արամ Սարգսյանը չի պատկերացնում, թե իշխանությունն ի՞նչ պատասխան է տալու, եթե վարակը նաեւ Արցախում տարածվի, այն էլ այս պայմաններում, երբ Ադրբեջանը անընդհատ սպասում է, որ ինչ-որ ֆորս-մաժոր լինի, որ ինքը գործողություններ սկսի: Թե կենսական, թե ռազմական տեսանկյուններից, այս համավարակով պայմանավորված, ՀԴԿ նախագահի համոզմամբ Արցախի անվտանգության խնդիրն է դրված: Ուստի արտակարգ իրավիճակի հայտարարումը նա պարտադիր պայման է համարում, մինչդեռ որոշ մարդիկ «զբաղված են իրենց հերոսացնելով», թե ոչ մի բան չկա. «Պատասխան եք տալու: Սա կատակ բան չէ, եթե ամբողջ աշխարհն է այսպես մտահոգված, երբ բոլորը մեկուսանում են… գլուխ գովել, թե մեզ մոտ հիմա չկա…Գլոբալիզացիայի պատճառով երկրները բոլորը բացվել էին, հիմա միայն կորոնավիրուսի պատճառով բոլորը մեկուսացել են: Արցախին վտանգի տակ դնողը կլինի ամենամեծ հանցագործը»:
Առհասարակ, եթե «հայաստանյան մախինացիաները» չլինեն, Արամ Սարգսյանը վստահ է, որ Արցախում ընտրությունները երկու փուլով են լինելու: Դատելով իրականացված հարցումներից, նա կարծում է, որ երկրորդ փուլում կլինեն Վիտալի Բալասանյանը եւ Արայիկ Հարությունյանը: Նա միաժամանակ շատ հարգանքով է վերաբերվում նախագահի թեկնածուներ Աշոտ Ղուլյանին, Դավիթ Բաբայանին, որոնք նույնպես փորձված են եւ մեծ ներդրում են ունեցել ազգային ազատագրական պայքարի մեջ: Եթե Արցախում ընտրությունները այնուհանդերձ պետք է կայանան, Արամ Սարգսյանի կարծիքով՝ հիմա պետք է ձեւավորվի այն թիմը, որը միասնական է մի քանի հարցերի շուրջ: Օրինակ, որը պետք է լինի ներկայացվող բանակցային կոնցեպտը, որովհետեւ հիմա մենք շատ անորոշ վիճակում ենք: Մեր կոնցեպտները, ըստ բանախոսի, պետք է փոփոխությունների ենթարկենք`աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Այդ թիմերը, ըստ նրա, խորհրդարանական ընտրություններից հետո կձեւավորվեն, երբ կուսակցություններն իրենց տոկոսները կստանան: Բայց քննարկել այս ամենը չի ցանկանում, քանի որ կարծում է`ընտրությունները պետք է չեղարկվեն:
Արամ Սարգսյանը նաեւ զգուշացնում է`այս ընտրությունների լեգիտիմությունը մի քանի անգամ նվազելու է, քանի որ միջազգայի դիտորդների մասնակցությունն է խիստ հարցականի տակ: Բայց եթե գան էլ, ըստ նրա, մենք պետք է թույլ չտանք նրանց մուտքը Արցախ, քանի որ պոտենցիալ վարակակիրներ են:
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն, ընդհանուր առմամբ, համամիտ է Արամ Սարգսյանի հետ: «Այստեղ քաղաքական խնդիր չէ, Արցախի անվտանգության խնդիրն է: Արցախը փոքր պետություն է: Մի բան էլ, եթե Հայաստանին միջազգային կազմակերպություններից` ԱՀԿ եւ այլն, որոշակի պարտադրումներ կարող են անել`միջազգային չափանիշների տեսանկյունից, Արցախին չեն կարող: Արցախը չճանաչված պետություն է համարվում եւ Հայաստանն է պարտավոր, որպես անվտանգության երաշխավոր, Արցախի մասին հոգ տանել»,- ասաց նա` հավելելով, որ հունվար ամսից փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարած հանձնաժողովը գործում էր եւ կարելի էր պարգեւավճարներ բաժանելու փոխարեն, արագընթաց տեմպով Արցախում գոնե մեկ լաբորատորիա հավաքել: «Ոչինչ չարեցին, այսօր էլ չեն անում: Այս ամենը հաշվի առնելով`պետք է արտակարգ դրություն հայտարարվի: Ի՞նչ է եղել, թող ընտրությունները վեց ամիս հետո լինեն: Մարդիկ օլիմպիադա են չեղարկում»,- ասում է Վահան Բաբայանը:
Անդրադառնալով ընտրությունների ժամանակ հնարավոր լարումներին, Վահան Բաբայանն ասաց, որ Արցախում դեստաբիլիզացիա չի ստացվի, քանի որ արցախցիները չեն գնա սադրանքների: Իսկ Արամ Սարգսյանը կարծում է, որ Արցախում խժդժություններ մտցնել ցանկացողները ազգի դավաճաններ են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ