Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համաճարակի եւ նրա առաջացրած անվերահսկելի ճգնաժամի ցանկացած քաղաքական շահարկում համարելու ենք դավաճանություն. «Կամք»

Մարտ 27,2020 14:39

Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ հաստատված է արտակարգ իրավիճակ, մեր երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 329 է (մարտի 27-ի ժամը 10-ի դրությամբ), որից 6-ը կրիտիկական վիճակում են գտնվում եւ ունենք մեկ մահացության դեպք։

Վիճակագրական իրողությունները բոլոր պայմաններում երկրորդական են, որովհետեւ համաղետի հետեւանքները ամբողջ աշխարհում եւ մեր երկրում պետք է հաշվել մարդկային տառապանքի պրիզմայից ելնելով եւ ոչ՝ թվերով:

Այնուամենայնիվ, վիճակագրական թվերը, եթե դրանք ճշմարիտ են, եւ եթե մեզ հաջողվի երկրում հիմա արդեն կանգնեցնել վարակի տարածումը, համեմատական մոտեցումով այդքան էլ ծանր չեն:

Եթե մեր մոտ լիներ Ֆրանսիայի իրավիճակը, ապա մենք պետք է ունենայինք 1100 վարակված եւ 63 զոհ: Էլ չենք խոսում Իտալիայի կամ Իսպանիայի օրինակներից:

Մենք վարակի բացահայտման առաջին իսկ օրից կոչով դիմեցինք ՀՀ Վարչապետ Ն․ Փաշինյանին չեղարկել հանրաքվեն եւ զբաղվել համաճարակի վերահսկման գործընթացով: Պարոն Փաշինյանը չլսեց մեր խնդրանքը, նույնիսկ հարմար չհամարեց արձագանքել դրան, փոխարենը՝ ճակատագրական այդ պահին նախընտրեց արձակուրդ վերցնել եւ անձամբ ղեկավարել անհեռանկար եւ անօրինական հանրաքվեի քարոզարշավը՝ հանդիպելով մի խումբ քաղաքացիների հետ:

Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը դադարեցրել է իր գործողությունները ոչ միայն «Բոյկոտի ու համերաշխության շտաբի», այլ նաեւ մասնաճյուղերի եւ նույնիսկ 243 օր անընդմեջ տեւած չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ անցկացվող ստորագրահավաքը:

Մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսի համաճարակին հետեւելու են տնտեսական, սոցիալական, քաղաքական ճգնաժամեր, եւ կոչ ենք ուղղում բոլոր ուժերին՝ լինել զգոն, զուսպ, համերաշխ և միասնական եւ ամեն դեպքում առաջնորդվել բացառապես պետության եւ նրա քաղաքացիների շահերից:

Համաճարակի եւ նրա առաջացրած անվերահսկելի ճգնաժամի ցանկացած քաղաքական շահարկում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Արցախում, թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների ճամբարներից նայելու ենք որպես դավաճանություն մեր երկրի եւ մեր ժողովրդի անվտանգության նկատմամբ:

Կրկին կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ժամանակավորապես դադարեցնել բոլոր տեսակի նեղ քաղաքական շահերից բխող կռիվները և մի կողմ դնելով տարաձայնությունները, համախմբված պայքարել մեր պետականության և քաղաքացիների առջև ծառացած այս լրջագույն մարտահրավերի հաղթահարման համար։

Հայկական Արժեքների Պաշտպանության
«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031