ՀՀ ժողովրդական նկարիչ, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն ամեն առավոտ ֆեյսբուքի իր էջում մի նկար է հրապարակում ու գրում՝ «Ամեն օր մի լավ նկար՝ լավ տրամադրության համար»:
Aravot.am-ի հետ զրույցում նկարիչը նշեց, որ արտակարգ դրության պայմաններում շատ կարեւոր է լավատեսությունը չկորցնելը. «Այս դժվար օրերին ամեն ոք ցանկանում է մի լավ բանով ոգեւորել բոլորին: Իմ նկարչության մեջ էլ ծաղիկներ ու նման գեղեցիկ աշխատանքներ շատ կան, որոնցից օրական մեկը հրապարակում եմ ֆեյսբուքում:
Իմիջիայլոց, նկարիչների համար մի քիչ ավելի հեշտ է այսպես անցկացնելը, որովհետեւ մեկուսացումը մեզ համար սովորական վիճակ է, ամբողջ կյանքում արվեստանոցներում փակված ստեղծագործում ենք ու հիմնականում մենակ ենք լինում: Այս անսովորի մեջ մի լավ բան էլ կա՝ մարդիկ պետք է սովորեն ավելի շատ կյանքի մասին մտածել, արժեւորել ամեն վայրկյանը, տանը անցկացնելը նաեւ պետք է օգտակար լինի իրենց ինքնազարգացման համար, պետք է շատ կարդան, ստեղծագործեն, մի բան ստեղծեն:
Երբ ուրիշի արածը նայում ես ֆիլմերով, դա ուրիշ բան է, բայց երբ ինքդ ես մի ստեղծագործության մասնակից դառնում՝ միտքդ սկսում է աշխատել»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք Գեղարվեստի ակադեմիայում հեռավար մեթոդով դասեր են իրականացվում: Պարոն Իսաբեկյանը պատասխանեց, որ ով կարողանում է, իրականացնում է: «Օրինակ ես իմ ասիստենտի եւ ուսանողների, իմ կուրսի հետ հեռավար աշխատում եմ: Իրենց կատարած ամենօրյա աշխատանքը քննարկում ենք, խոսում: Բայց արվեստի բուհերի պարագայում դա այն չէ… Այս իրավիճակն ասես ֆանտաստիկայի է նման, ասես նման ֆիլմում հայտնված լինենք բոլորս»,-պատասխանեց արվեստագետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Արամ Իսաբեկյանի ֆեյսբուքյան էջից: