Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ներկայացրեց իրավիճակի մասին թարմացումը։
Նա անդրադարձավ երեկ կորոնավիրուսով հիվանդի մահվան դեպքին. «Նրա անամնեզը բարդացած էր այլ հարակից քրոնիկ հիվանդություններով, սրտի ռիթմի խանգարումներով, ճնշման բարձրացումներով։ Մեր վերակենդանացման բաժանմունքի թիմը, ցավոք սրտի, չկարողացավ նրա կյանքը փրկել։ Ինչի համար շատ ցավում եմ և ցավակցում եմ նրա հարազատներին։ Նաև այդ դեպքն էլ ցույց տվեց մեզ, որ հիմնականում բարդություններն առաջանում են մեր տարեց և քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների մոտ։ Եվ շատ կարևոր է հատկապես նրանց պաշտպանությունը վարակի տարածումից, որպեսզի նրանք զերծ մնան վարակվելուց, ինչքան հնարավոր է»։
Արսեն Թորոսյանը հայտնեց, որ հինգշաբթի 41 քաղաքացի դուրս են գրվել մեկուսացումից. «Այսօր 10 կրկնակի բացասական թեստ ունեցող անձինք դուրս են գրվելու հիվանդանոցից, և փաստացի կարող ենք ասել, որ ունենք ևս 10 բուժված քաղաքացի։ Եվ գումարելով նախկին 18 թվին, կարող ենք ասել, որ այս պահին ունենք 28 բուժված քաղաքացի»։
Նա նաև ասաց, որ ունենք 1 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, որոնց վիճակը ոչ լավանում և ոչ վատթարանում է։ Եվս 1 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում. «Մնացածի կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում։ Ինչպես նաև ունենք առանց ախտանշանների, թեթև ընթացքով կամ առանց ընթացքի բազմաթիվ պացիենտներ, որոնք պարզապես մեկուսացման մեջ են հիվանդանոցներում կամ հյուրանոցներում»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ