Աշխատաշուկայի ընդլայնումը պետության առաջնահերթ խնդիրներից է՝ հաշվի առնելով, որ առանց այն էլ Հայաստանում մենք ունենք բավականին բարձր գործազրկության մակարդակ։ Հենց անբավարար վարձատրության և աշխատատեղերի բացակայության արդյունքում է, որ շատ քաղաքացիներ բռնում են արտագաղթի ճանապարհը։
Եվ քանի որ նոր աշխատատեղերի ստեղծման հարցը հանրային հատուկ հետաքրքրության առարկա է, իշխանությունները տևական ժամանակ փորձում են աշխատատեղերի ստեղծման ցուցանիշներ ներկայացնել հասարակությանը, որն իբր իրենց աշխատանքի արդյունք է։ Եվ հիմնականում ստվերից դուրս եկած աշխատատեղերի թիվը ներկայացվում է որպես նոր աշխատատեղերի ստեղծում։ Այնինչ իրապես նոր ստեղծված աշխատատեղերի թիվը ներկայացված ցուցանիշների մասնաբաժնում շատ քիչ է։ Հիմա, եթե ոչ ճգնաժամային պայմաններում իշխանությունները ի վիճակի չէին հասնել խոշոր ներդրումների ներգրավմանը և աշխատատեղերի ստեղծմանը, ապա ինչպե՞ս պետք է աշխատաշուկայի խնդիրները լուծեն համաճարակի տարածման արդյունքում ներկայիս ճգնաժամային ու նաև հետճգնաժամային փուլում։
Բարձր ռիսկայնության գոտում են հայտնվել հատկապես այն մարդիկ, ում եկամուտը ձևավորվում է ըստ օրվա աշխատանքի։ Օրինակ՝ տաքսիստները, վարսավիրները, հավաքարարները, սննդի կետերում աշխատողները և այլն, և այլն։ Եթե կառավարությունը որոշել է որոշակի փաթեթների միջոցով աջակցություն տրամադրել տնտեսվարողներին կամ սոցիալապես անապահով խավին, ապա այդ դեպքում կառավարության ուշադրությունից չպետք է վրիպեն նաև օրավարձի հույսին մնացած քաղաքացիները։
Բայց ահա վարչապետը հայտարարում է, թե Հայաստանում օրավարձով աշխատող մարդ գոյություն չունի, այլ կա գրանցված աշխատող, և կա չգրանցված աշխատող: Սրանով վարչապետը փորձում է ցույց տալ, թե պետության կողմից հատուկ ուշադրության չեն արժանանալու այն մարդիկ, որոնք ամենաշատն են տուժել արտակարգ դրության հայտարարումից, քանի որ նրանց եկամուտները ձևավորվում են ոչ թե ամսական կամ երկարաժամկետ կտրվածքով, այլ ըստ օրվա աշխատանքի։
Կարդացեք նաև
Նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հասարակության մի ստվար մասի պարզապես անտեսում: Չենք ուզում հավատալ, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը տեղյակ չէ, որ իրականում բավական մեծ թիվ են կազմում օրավարձով աշխատողները:
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: