Հեռավար ուսուցումը արդեն երկար ժամանակ է, ինչ դարձել է դպրոցականների առօրյայի մի մասը։ Չնայած դասապրոցեսը շարունակվում է, այնուամենայնիվ, ծրագրերը և հեռավար ուսուցման մեթոդը դեռևս նոր են հայ հասարակության շրջանում։ Aravot.am-ը զրուցել է ՀՀ դպրոցների դասվարների և ծնողների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես է իրականացվում հատկապես առաջին դասարանցիները ուսուցումը՝ հեռավար մեթոդով։
Հրազդանի Անանիա Շիրակացու անվան N 6 հիմնական դպրոցի դասվար Արմինե Գալստյանն ասաց, որ հեռավար ուսուցումը առաջին դասարանցիների հետ անցկացնում է zoom.us և viber ծրագրերի միջոցով։ Նաև նշեց, որ երեխաները սիրով և մեծ ոգևորությամբ մասնակցում են առցանց դասերին, սակայն ոչ բոլորն ունեն հնարավորություն՝ միանալու այդ ծրագրերին և օգտվելու դրանցից։ Իսկ այն հարցին, թե չե՞ն դժվարանում հեռավար տարբերակով աշխատելիս, ուսուցչուհին պատասխանում է. «Սկզբում թվում էր, թե հեշտ կլինի, սակայն ժամ առ ժամ համոզվում եմ, որ այսպես աշխատանքն ավելի ժամանակատար ու ավելի բարդ է: Ամեն դեպքում դասարանում դասը վարելը ավելի հաճելի է»։
Խոսել ենք դպրոցում սովորող երեխաների ծնողների հետ հասկանալու համար, թե որքանով են առաջին դասարանցիները կարողանում մասնակցել հեռավար դասապրոցեսին։
Խրիմյան Հայրիկի անվան N10 հիմնական դպրոցի աշակերտի ծնող Հասմիկ Ծառուկյանը նշեց, որ իրենք աշխատում են տեսազանգով , viber-ով։ Տնային առաջադրանքներն էլ վիդեո և ֆոտո տարբերակով ուղարկում են ուսուցչուհուն։ Նաև հավելեց, որ երգի դասերը շատ ուրախ են անցնում, իսկ երեխան շատ հաճույքով է աշխատում։ Իսկ այն հարցին, թե արդյոք երեխան հարմարվե՞լ է նոր տարբերակով դասերը սովորելուն, տիկին Հասմիկը պատասխանեց. «Այո, ոչ մի խոչընդոտ չի առաջացել: Հիանալի ուսուցչուհի ունենք: Շատ հետաքրքիր ու հաճելի է անցնում դասապրոցեսը»։
Կարդացեք նաև
Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի ծնողներից մեկը (անունը հայտնել չցանկացավ) նշեց, որ իր երեխան նոր տարբերակով դժվարանում է դասերին պատրաստվել, քանի որ դեռ փոքր է։ Տեսաուղերձ պետք է պատրաստեն և ուղարկեն ուսուցչուհուն։ Նա նշում է, որ երեխան կաշկանդվում է, ամաչում է, բայց հանձնարարությունները անում են և ուղարկում։ Նա նաև հավելում է. «Ուսուցչուհու մոտեցումը շատ կարևոր է։ Ես անձամբ մեր ուսուցչուհուց շատ գոհ եմ։ Հիանալի մասնագետ, որը տիրապետում է իր գործին թե՛ հեռավար ձեւաչափով, թե՛ ֆիզիկապես իր ներկայությամբ»։
Գայի անվան թիվ 129 դպրոցի աշակերտի ծնող Տաթևիկ Թովմասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Տանը կենտրոնանալը շատ դժվար է, հատկապես, որ փոքր երեխաներ էլ կան։ Երեխան դասապատրաստումը դպրոցում անում ու գալիս էր, իսկ հիմա խաղն ու դասը չի առանձնացնում։ Ու բացի դա, իմ բացատրածն ուրիշ է, ուսուցչինը՝ ուրիշ։ Ու վերջապես՝ կենդանի շփումը լրիվ այլ բան է»։
Նույն կարծիքն է արտահայտում նաև Կոտայքի մարզի Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 դպրոցի աշակերտի ծնող Վիկա Առաքելյանը. «3 երեխա ունեմ, 2-ը մեծ են և օնլայն դասերը շատ լավ են պարապում։ Աշխատում ենք zoom ծրագրով, տարիքով մեծ երեխաներս ավելի լավ են դաս անում, իսկ 1-ին դասարանի երեխաները չեն կենտրոնանում, ինչքան էլ ուսուցչուհին ջանում է։ Փոքրերի համար դա ուղղակի խաղ է։ Լավ կլինի մայրիկները իրենց հետ տանը աշխատեն, ինչ-որ վարժություններ գրեն, քան ժամանակ վատնեն` արդյունքում օգուտ վերցնելով միայն ծնողի հետ կատարված աշխատանքներից»։
Արշավիր Շավարշյանի անվան N 40 հիմնական դպրոցի աշակերտի ծնող Անի Սահակյանը նշեց, որ դժվար է և՛ իրենց, և՛ ուսուցչի համար, բայց աշխատում են։ Դասերն անում են viber ծրագրով։
Հրազդանի թիվ 11 դպրոցի աշակերտ Խաչատրյան Դավիթի մայրիկը` Գոհարը, մեր զրույցում ասաց. «Դասերը անում ենք viber-ի միջոցով: Ունենք ընդհանուր խումբ, որտեղ էլ ուսուցչուհին նշում է տնային աշխատանքները: Մենք դա կատարում ենք, այնուհետև ուղարկում ուսուցչուհուն: Այս տարբերակով նաև թելադրություն ենք գրում: Իսկ,երբ նոր տառ պետք է անցնենք, ուսուցչուհին դա բացատրում և մեզ է ուղարկում ձայնագրված տարբերակով, որից հետո, երբ երեխաները սովորում են՝ մենք նույնպես ձայնագրում ենք նրանց կարդալը, տեղադրում խմբում»:
Թալինի թիվ 2 դպրոցի աշակերտ Սարգիս Մնացականյանը ևս չի դժվարանում դասերը պատրաստելիս: «Հանձնարարությունները ուղարկում է դասվարը viber-ով, երեխաները կատարում են և հետ ուղարկում, դժվարություններ այդքան էլ չեն լինում, քանի որ եթե ինչ-որ բան չկարողանան անել ծնողները օգնում են»,- ասաց Մարինե Բոդոյանը:
Սևանի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտի ծնող Մերի Դավթյանն էլ նշեց. «Տղայիս մոտ հեշտ ստացվում է, քանի որ ուսուցիչը լավ բացատրում է, բայց նաև լինում են պահեր, երբ անհրաժեշտ է լինում ծնողների օգնությունը»:
Հրազդանի թիվ 12 դպրոցի աշակերտի ծնող Ազիզյան Գայանեն էլ հայտնեց, որ դժվարություններ չունեն. «Հեշտ ստացվում է երեխաների մոտ, նույնիսկ ծնողների միջամտության կարիքը չի լինում: Հեռավար դասերը երեխաները իրականացնում են zoom ծրագրով»:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Արեւիկ ՓԱՆՈՍՅԱՆ