ՀՀ Ազգային ժողովը 109 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հնարավորություն կտրվի վերահսկել ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները:
Բնապահպան Ինգա Զարաֆյանի խոսքով՝ այս օրինագիծը ամբողջությամբ ընդունվելուց հետո էլ ոչ մի լուրջ գործիքակազմ չի տա, քանի որ հատկապես Արարատյան դաշտավայրում գործող խոշոր ընկերությունները արդեն իսկ ունեն ջրթույլտվություններ, որոնցով իրենք ահռելի քանակությամբ ջուր են հորատում։
«Իհարկե, սա շատ լավ նախագիծ է, վերահսկողություն անհրաժեշտ է, բայց մեծ հարց է, թե դա կլուծի՞ հատկապես Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի գերշահագործման խնդիրը։ Ես վստահ եմ, որ չի լուծի, որովհետև մենք Արարատյան դաշտավայրում ունենք կոնկրետ 6 ձկնաբուծարան, որոնք ամենախոշորն են և որոնք գերշահագործում են ստորգետնյա ջրերը։ Նրանք ունեն այսպես կոչված՝ կեղծ թույլտվություններ, որոնք ոչ մի նորմալ չափանիշների չեն համապատասխանում։ Այդ 6 խոշոր ձկնաբուծարանները օգտագործում են ամբողջ ձկնաբուծարանների շահագործած ջրի մոտ 40 տոկոսը։ Արարատյան ստորգետնյա ջրերի վերականգնվող քանակը տարեկան միլիարդ խորհանարդ մետր է, իսկ մեզ մոտ տարեկան շահագործվում է 1.8 միլիարդ խմ ջուր։ Եվ այդ ամբողջ ծավալը շահագործվում է հենց ձկնաբուծարանների կողմից»,- «Ժամանկ»-ի հետ զրույցում ասաց Զարաֆյանը:
Բնապահպանի խոսքով՝ այդ ջրային թույլտվությունները պետք է վերանայվեն, ինչու չէ դառնան իրավապահների ուսումնասիրության առարկան, քանի որ դրանք ոչ մի պարագայում չեն կարող որևէ նորմալ չափանիշի համապատասխանել։
Կարդացեք նաև
«Մենք տարիներ շարունակ բարձրաձայնում ենք այս խնդրի մասին։ Դրա պատճառով Արմավիրի մարզում ունենում ենք շատ սուր սոցիալական կոնֆլիկտներ, որովհետև մոտ 400 հազար ֆերմերներ մնում են առանց ջուր, և ոռոգման սեզոնին պարզապես ջրային պատերազմներ են սկսվում։ Այդ խնդրի պատճառով հավելյալ ջրառ է իրականացվում Սևանա լճից, և լիճը գցում ենք բարդ վիճակի մեջ։ Այդ բոլորը պատճառներ են, բայց որքան մենք բարձրաձայնում ենք, այդպես էլ ջրային թույլտվությունները չեն փոփոխվում։ Պարզապես պետք է քաղաքական կամք դրսևորվի և համարվի, որ նախկինում կատարվածը, այդ թույլտվությունները պարզապես ջրային ռեսուրսների զավթում է եղել, կատաստրոֆիկ վիճակ է եղել։ Այդ ընկերությունները, այսպես ասած, կեղծ օրինական թույլտվություններ ունեն։ Նման թույլտվությունների տրամադրումը ես համարում եմ հանցագործություն, իսկ հանցագործությունը պետք է համապատասխան իրավական գնահատականի արժանանա ու վերացվի։ Այսինքն՝ այդ թույլտվությունները պետք է վերանայվեն։ Միայն այդ պարագայում հնարավոր կլինի վերահսկելի դարձնել ստորգետնյա ջրերի շահագործումը»,- եզրափակեց Զարաֆյանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: