«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած եւ կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը ճանաչվել է անմեղսունակ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Թորոսյանի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդությունը, ինչով պայմանավորված էլ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու եւ անվտանգության միջոց ընտրելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն էլ, դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, վերացրել է խափանման միջոց կալանավորումը եւ կիրառել անվտանգության միջոց. Թորոսյանը դարձյալ տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիմնարկ:
Հարցին՝ տվյալ դեպքում նրա տված ցուցմունքները ճանաչվելո՞ւ են անարժանահավատ, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Եզրակացության մեջ նշված է, որ նա տառապել է եւ տառապում է նշված հոգեկան հիվանդությամբ, այսինքն՝ նրա ցուցմունքներին որեւէ իրավական գնահատական տրվել չի կարող, նաեւ նշված է, որ նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին»: Ըստ պաշտպանի՝ սա ենթադրում է, որ նախաքննության ավարտից հետո, երբ գործը ուղարկվի դատարան, սահմանված ընթացակարգի համաձայն՝ այն քննվելու է հատուկ կարգով. «Այսինքն՝ դատարանը որոշելու է անմեղսունակության վիճակով քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձի հարկադիր բուժման, այլ ոչ թե քրեական պատասխանատվության եւ պատժի հարցը»:
Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում