Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե կանգնեցնել, այլ դանդաղեցնել

Մարտ 27,2020 10:00

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Միջուկային գիտությունների և ինժեներիայի ֆակուլտետի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը «ՍիվիլՆեթի» համար գրած իր վերլուծական հոդվածի մեջ բացատրում է, թե ինչով է նոր կորոնավիրուսով առաջացած գրիպը տարբերվում «սովորական» գրիպից: Ըստ նրա՝ համաճարակի պարագայում այլ գրիպների դեպքերը կրկնապատկվում են 10 օրում, եւ ժամանակակից բժշկությունը կարողանում է «տարածվող կրակը» հանգցնել, իսկ կորոնավիրուսի դեպքում վարակվածների թիվը կրկնապատկվում է երեք օրում, եւ առողջապահական համակարգը չի հասցնում դրա հետեւից: Իհարկե, վաղ թե ուշ կհասցնի՝ դա ժամանակի հարց է, պարզապես այդ ժամանակահատվածից մարդկությունը պետք է դուրս գա հնարավորինս քիչ կորուստներով՝ թե՛ մարդկային, թե՛ տնտեսական:

Եթե Դանագուլյանի՝ մի շարք երկրների փորձի վրա հիմնված տեսությունը ճիշտ է, ապա մարտի 29-ին Հայաստանում կլինի մոտ 580 վարակված, քանի որ երեկ 290 էր: Դա, իհարկե, դժվար չի լինի ստուգել, եւ եթե այդպես լինի, խուճապի առիթ չպիտի դառնա: Բայց սկզբունքը ճիշտ է նշված, եւ դա հաստատում են այլ հետազոտողներ. խնդիրը ոչ այնքան հիվանդության ծանրությունն է (աշխարհում կան շատ ավելի վտանգավոր հիվանդություններ), այլ դրա արագ տարածումը: Հետեւաբար, շահում են նրանք, ովքեր կարողանում են

ա/ այդ տարածումը դանդաղեցնել (կանգնեցնել, կարծում եմ, հնարավոր չէ), որպեսզի բժիշկները հասցնեն իրենց գործն անել,

բ/ պատրաստել հիվանդանոցները, սարքավորումներ, դեղորայք՝ մեծ քանակով պացիենտների սպասարկելու համար: Երկրորդ խնդիրն ամբողջությամբ պետությունների, միջազգային կառույցների ուսերին է, եւ գուցե նաեւ՝ նրանց աջակցող մեծահարուստների:

Առաջին խնդրում մեր՝ քաղաքացիներիս եւ պետության պատասխանատվությունը 50/50 է: Կարծում եմ, այն, ինչ արվում է այս երեք օրվա ընթացքում, պետք էր սկսել մարտի 11-ին, իսկ տեղաշարժվելու սահմանափակումները պետք է լինեն ավելի խիստ եւ խախտումների դեմ պայքարը՝ ավելի հետեւողական, քան հիմա է: (Ի դեպ, խոսքի ազատության սահմանափակումները բացարձակապես անիմաստ են, եւ դրա վրա չարժե ծախսել պետական ռեսուրսը):

Բայց գործի կեսը պետք է անենք մենք՝ քաղաքացիներս: Խնդիրը զուտ այն չէ, որ երիտասարդ եւ առողջ մարդը կարող է վարակվել. նրան, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի լինի: Խնդիրն այն է, որ նա չփոխանցի վարակը, չնպաստի դրա տարածմանը, որպեսզի վարակը չհասնի մեր տարեց եւ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին: Դրա համար պետք է սերմանել այն գաղափարը, որ տանը նստող կամ սուպերմարկետում դիմակ կրող մարդը վախկոտ չէ, նա ոչ միայն իր առողջության մասին է մտածում, այլեւ չի ուզում դառնալ վարակը փոխանցող օղակներից մեկը:

Մոտակա ամիսներին բոլոր երկրների հասարակություններն ամեն օր պիտի հանձնեն հասունության քննությունները:

https://www.facebook.com/deemcommunications/videos/1572280622939783/

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Կարծում եմ, որ մարտի 29-ին վարակվածների քանակը կլինի շատ ավելի քիչ՝ պայմանավորված տեղաշարժի սահմանափակումներով:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031