Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ կապիտանը չի կարողանում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնել

Մարտ 27,2020 13:30

Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները եւ ժամկետը սահմանված է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակվում է պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով եւ ժամկետներով ծառայած անձին, դրանով իսկ զինծառայողների համար որպես կենսաթոշակի իրավունքից օգտվելու պայման հստակորեն սահմանելով՝ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում զինծառայողի ծառայած լինելու հանգամանքը:

Պաշտպանության նախարարության դեմ հայցով վարչական դատարան դիմած կապիտան Ռոբերտ Աբրահամյանի ներկայացուցիչ, փաստաբանների պալատի անդամ Գուրգեն Թորոսյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ իր վստահորդը ՀՀ զինված ուժերում ծառայության է անցել 1997թ. մայիսի 6-ից: Ըստ էության, հայցվորի ծառայությունը զինված ուժերում կազմել է 18 տարի 7 ամիս: Նախ, նա նշանակվել է ՀՀ ՊՆ Վարդենիսի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պահեստի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման եւ նախորոշման խմբի պետի պաշտոնին:
2013թ. դեկտեմբերի 9-ին իր զեկուցագրի համաձայն արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս. Օհանյանի՝ 2015 թ. հունիսի 22-ի N 1454 ա/վ հրամանով՝ պահեստազորի կապիտան Ռոբերտ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի համալրման բաժանմունքի սպա:

Ըստ փաստաբան-ներկայացուցիչ Գ. Թորոսյանի, 2015թ. հունիսի 22-ին կնքվել է պայմանագիր՝ զինվորական ծառայության անցնելու մասին կապիտան Ռ. Աբրահամյանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության՝ ի դեմս ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ՝ քհծ 1-ին դասի խորհրդական Մ. Շիրինյանի միջեւ: Պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել մինչեւ 2016թ. հուլիսի 19-ը, այսինքն՝ մինչ այդ ժամկետի լրանալը, հայցվորը կամավոր անցնում է զինվորական ծառայության ՀՀ ՊՆ զորամասում:

Սակայն 2016թ. նոյեմբերի 23-ի N 734 ա/վ միջնորդագրով ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարությունը միջնորդել է վերադաս հրամանատարությանը, կապիտանին արձակել ՀՀ ԶՈՒ պահեստազոր՝ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելիս) համաձայն:

Հայցվորը 2017թ. ապրիլի 20-ին եւ ապրիլի 24-ին գրավոր դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ: Սակայն ՊՆ-ն պատասխան գրություններով հայտնել է. «Հնարավոր չէ հայցվորի նկատմամբ նշանակել վերը նշված կենսաթոշակը, քանի որ վերջինիս հետ զորամասում ծառայության անցնելու պայմանագիրը կնքվել է օրենքի խախտմամբ»:
Փաստաբան Գ. Թորոսյանն «Առավոտին» ասաց. «Գործի փաստերից էլ հայտնի է, որ հայցվորը ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ զորամասի համալրման բաժանմունքի սպայի պաշտոնում: Տվյալ օրվա դրությամբ Ռ. Աբրահամյանի ծառայությունը զինված ուժերում կազմել է 18 տարի 7 ամիս 00 օր: Փաստել, որ նախարարի այդ հրամանը համարվում է իրավաչափ վարչական ակտ, ինչպես նաեւ՝ այն ուժը կորցրած չի ճանաչվել, հետեւաբար, անհիմն է ՀՀ պաշտպանության նախարարության պատճառաբանությունն այն մասին, որ զինվորական ծառայության անցնելու պայմանագիրը կնքվելու օրվա դրությամբ հայցվորի տարիքը եղել է 48 տարի 11 ամիս, այսինքն՝ պայմանագիրը կնքվել է նախատեսված սահմանային տարիքի խախտմամբ, որի հետեւանքով էլ անհնար է հայցվորի նկատմամբ նշանակել օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ»:

Իսկ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական Ս. Առուշանյանը պատասխան-գրությամբ հայտնել էր. «Նույն հարցի վերաբերյալ Ձեր կողմից նախկինում գրված դիմումներին ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության կողմից տրվել են գրավոր պատասխաններ: Ձեր հետ զինվորական ծառայության անցնելու վերջին պայմանագիրը կնքվել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված սահմանային տարիքի խախտմամբ, այն է՝ զինվորական ծառայության անցնելու վերջին պայմանագիրը կնքվելու օրվա դրությամբ Ձեր տարիքը եղել է 48 տարի 11 ամիս: Ելնելով վերը նշվածից՝ հայտնում եմ, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ Ձեզ նշանակել հնարավոր չէ»:

Հայցվոր կողմը նշում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 109-րդ հոդվածը, համաձայն որի. «Իրավաչափ վարչարարության հետեւանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված դեպքերում, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ անձը, սույն օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով, վստահության իրավունք ունի:
ՀՀ ՊՆ-ի կողմից հայցվորին վերը նշված հիմքով օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելը մերժելը անհիմն է եւ անօրինական, դրանով խախտվում է հայցվորի՝ համանուն իրավունքը»:

Հայցվոր կողմը խնդրում է պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանն ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ կապիտան Աբրահամյանի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու մասին: Ըստ հայցվորի, եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որեւէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետեւանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031