Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իշխանյանի գիտական խմբի նոր, նշանակալի հաջողությունը

Մարտ 27,2020 12:00

Այսօր մեր կյանքը չենք պատկերացնում առանց համակարգիչների, բջջային հեռախոսների, տարատեսակ սենսորային սարքերի: Լազերային ճառագայթմամբ ատամնաբուժական, վիրաբուժական, բժշկական բազմաթիվ ծառայություններն արդեն սովորական բան են դարձել: Այդ ամենը մեր կյանք է մտնում քվանտային երեւույթների ու դրանց հիման վրա ստեղծված սարքերի շնորհիվ: Ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը 2016-ին ՀՀ նախագահի մրցանակի արժանացավ «Քվանտային երկմակարդակ խնդրի անալիտիկ մոդելներ» գիտական հոդվածների շարքի համար:

«Ընդհանրապես, մրցանակները միայն օժանդակ դեր ունեն գիտական գործունեության կազմակերպման գործում: Դրանք ե՛ւ հաճելի են, ե՛ւ օգտակար: Եթե գիտական տարատեսակ մրցանակներ լինեն, դա լուրջ խթան կլինի: Մրցանակները կարեւոր դեր են խաղում, օրինակ, երիտասարդ գիտնականների կայացման գործում, նրանց համար դա նյութական շոշափելի օժանդակություն է եւ որոշակի մոտիվացիա՝ հետագա գործունեության համար: Բացի նախագահի մրցանակից, իհարկե, կարող էին նաեւ լինել ԱԺ նախագահի մրցանակ, քաղաքապետի, տարբեր նախարարությունների մրցանակներ: Այն երկրներում, որտեղ գիտությանը լուրջ ուշադրություն է դարձվում, այդօրինակ մրցանակները լայնորեն կիրառվում են որպես խթանիչ գործոն՝ գիտության նկատմամբ հետաքրքրությունն աճեցնելու: Մի պարզ դիտարկում՝ դուք այսօր ինձնից հարցազրույց եք վերցնում հենց նախագահի մրցանակի առիթով: Եթե լինեին հարյուրավոր մրցանակներ՝ կլինեին հարյուրավոր նման հարցազրույցներ, ինչը դպրոցականների ու երիտասարդների մեջ ավելի մեծ սեր ու ձգտում կառաջացներ գիտության հանդեպ»,- ասաց Արթուր Իշխանյանը:

Նախագահի մրցանակը նա ստացել է իր խմբի երկու երիտասարդ աշխատակիցների՝ Տիգրան Շահվերդյանի եւ Տիգրան Իշխանյանի հետ: Վերջինս ընդամենը մի քանի օր առաջ մի հաջողություն գրանցեց, որը նշանակալի իրադարձություն է ընդհանրապես Հայաստանի գիտական ոլորտի համար: Այդպիսի արդյունքները շատ հազվադեպ են: Աշխարհի ամենազարգացած մաթեմատիկական ծրագիրն առաջարկող կազմակերպությունը, խոսքն ԱՄՆ-ում գործող «Wolfram Research Inc.»-ի մասին է, օրերս Mathematica 12.1 արտադրանքը շուկա հանեց: Պատկերացում կազմելու համար նշենք, որ դա առավել զարգացած, համարյա անմրցակից, գիտնականների կողմից առավել օգտագործվող մաթեմատիկական գործիք է։ Ու այժմ այդ ծրագրում ավելացվել են նոր դասի հատուկ ֆունկցիաներ. դրանք Հոյնի ֆունկցիաներն են:

«Սա կարեւոր զարգացում է, որն իրականացրել է մեր խումբը, կոնկրետ՝ Տիգրան Իշխանյանը: Մենք դրանով զբաղվել ենք 30 տարի, եւ ահա 3 տարի առաջ «Walfram Research Inc.»-ը Տիգրան Իշխանյանի հետ կնքեց պայմանագիր՝ Հոյնի ֆունկցիաները Mathematica ծրագրում ներդնելու նպատակով։ Այսօր դա արդեն իրականացել է։ Այսպիսով, մեր խմբի արդյունքներն ստացել են կոնկրետ, առարկայական կիրառություն՝ հեղինակավոր մի կետում: Այս արդյունքին հասնելու համար մենք բազմաթիվ փուլեր ենք անցել, որոնցից մեկն այն աշխատանքների ցիկլն է, որն արժանացավ նախագահի մրցանակի»:

«Wօlfram Research»-ի վարձատրությունը, պարզ է, որ համեմատելի չէ մեր երկրում երիտասարդ գիտնականի աշխատավարձի հետ։ Բացի բարձր աշխատավարձից, Տիգրանին տրվել է նաեւ 10 տարվա ամերիկյան վիզա։ Ու հիմա հարց է առաջանում՝ որքանո՞վ է հավանական, որ նման պարագայում երիտասարդները կմնան մեր երկրում եւ գիտության մեջ: Գիտնականի կարծիքով, հավանականությունը փոքր է, «սա մեր իրավիճակի հայելին է»:
Արթուր Իշխանյանը «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության աջակից է: Ի՞նչ արդյունք է տվել այդ նախաձեռնությունը. «Օրինակ, դա նպաստեց Հայաստանի գիտական ոլորտում գիտաչափական մոտեցումների հաստատմանը: Սա այդ շարժման փոքրիկ դրական արդյունքներից մեկն էր: Ապա սկիզբ առավ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» (ԵԳԱԾ), որն էական դեր խաղաց երիտասարդների հավատի պահպանման համար ու ինչ-որ տեղ նաեւ արտագաղթի գործընթացը մեղմելու գործում: Բայց, մեծ հաշվով, բոլոր ճիգերի արդյունքը համարյա զրոյական է՝ գիտության ֆինանսավորումը շարունակում է մնալ ՀՆԱ-ի 0,25 տոկոսը»:

Հիշեցրինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «եթե որեւէ խոսակցություն սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի», գիտնականներից կիրառական արդյունք են ակնկալում, ասում են՝ մեծ մասը գործի է գալիս, սուրճ խմում ու գնում տուն.«Այդ մոտեցումը միակողմանի է: Եթե մենք ուզում ենք կրթել մեր երեխաներին, պիտի դպրոցներ կառուցենք, գրքեր տպագրեք, ուսուցիչների վարձատրենք, առանց այդ ներդրման երեխաները չեն կարող աճել: Վիճակը նույնն է մեր գիտության դեպքում: Մեզ մոտ գիտության ոլորտում աշխատողների տարիքային բաշխվածությունը երկգագաթ մի պատկեր է, որում մեծ գագաթը մեծահասակներն են. նրանք արդեն հատել են կենսաթոշակային տարիքի սահմանը, իսկ երիտասարդները դեռեւս չեն կայացել, ընդունակ չեն մեծ քայլեր ձեռնարկելու, նրանք ուղղակի արտահոսում են այլ ոլորտներ, կամ գնում արտասահման: Առանց ներդրման դա կանգնեցնել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է գիտության ոլորտի տված արդյունքին, միջազգային գիտաչափական վերլուծությունները ցույց են տալիս, որ մենք աշխատել եւ աշխատում ենք բավական արդյունավետ, հատկապես տրված ֆինանսավորման համեմատ: Իսկ կոնկրետ կիրառական արդյունք կոնկրետ մեր խումբն այսօր ներկայացնում է՝ Հոյնի ֆունկցիաների ներառումը Mathematica ծրագրում։ Սա փաստ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Մրցանակներն ավանդաբար ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը եւ Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։

«Առավոտ» օրաթերթ
26.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031