Հարցազրույց խորեոգրաֆ, միջազգային կարգի մրցավար, «Հիփ-հոփ կոնգրես Արմենիա» կազմակերպության փոխնախագահ, «Արմա» պարային ակադեմիայի հիմնադիր Արշավիր Մուրադյանի հետ:
– Շուրջ 25 տարի ժամանակակից պարարվեստի ոլորտում եք: Այսօր, երբ խոսքը վերաբերում է ժամանակակից պարին, լայն հանրությունը դա ընկալում է իբրեւ լատինաամերիկյան պարեր, որոնք, ի դեպ, գալիս են 18-19-րդ դարերից: Ի՞նչ է, այսօր պարեր չե՞ն ծնվում կամ ստեղծվում:
– Ձեր խոսքերով՝ լայն հանրությանը նախ տեղեկացնենք, թե ինչ է ժամանակակից պարը: Իսկապես, դրանք ծնունդ են 18-19-րդ դարերի եւ համարվում են, այո, ժամանակակից: Բայց չի բացառվում այն, որ բալետարվեստի օրինակով, այդ պարերը ունեն իրենց հիմքը, ոճն ու փիլիսոփայությունը: Ժամանակակից պարերը կարող ենք բաժանել մի քանի խմբերի, օրինակ՝ լատինաամերիկյան, սպորտային եւ սոցիալական: Մյուս խումբը street (փողոցային) պարախումբն է (բրեյք- դանս, հիփ-հոփ, փոփինգ եւ այլն): Հետո ջազային ոճի պարերն են, որից առաջացել են մոդեռն ջազը, աֆրոջազը, բրոդվեյ ոճը, դիսկոն, ֆանկը եւ մյուսները: Թվարկածս ժամանակակից ոճերը հիմքային ուղղություններ են, որոնք հիմնականում սերում են աֆրիկյան տարրերից: Ինչ վերաբերում է, թե այսօր ինչու չեն ստեղծվում նոր ոճերը, ուղիղ ասեմ, որ դրանց ծննդյան համար հարկավոր են նոր փիլիսոփայություն, հոգեբանություն, կարճ ասած՝ նոր դար:
– Բայց մենք արդեն 20 տարի նոր դարում ենք:
– Նոր դար ասվածը չի վերաբերում թվին: Վերաբերում է ազգի հոգեբանությանը, փիլիսոփայությանն ու մտածելակերպին:
– Մեր ազգը չունի՞ դրանք…
– Հավանաբար մեր ապրելակերպի փիլիսոփայությունը թույլ չի տալիս: Հաճախ ենք լսում, որ արագացված դարում ենք ապրում, շատերը այդ պատճառով մակերեսորեն են նայում ամեն բանի: Մինչդեռ արվեստում դա անթույլատրելի է: Ինչպես հայտնի է՝ յուրաքանչյուր նոր բան սերում է հնից:
– Այ այդ հնից սերող մեր ժողովրդի պարարվեստից (քոչարի, վերվերի, շիրխանի, լորկե, յարխուշտա եւ այլն) որոշ էլեմենտներ հնարավոր չէ՞ ներմուծել, սինթեզել ժամանակակից պարարվեստ:
– Բնականաբար, կարելի է: Ասեմ ավելին՝ ոչ միայն մեկ-երկու շարժում, մեր ազգային պարերի փիլիսոփայությունը, գույնը եւ, ինչու ոչ՝ որոշ շարժումներ հնարավոր է ընդգրկել ժամանակակից պարարվեստում: Օրինակ՝ երաժշտարվեստում այսօր, սկսած Կոմիտասից մինչեւ մեր ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործություններ, մատուցվում են նորովի, ինչը, կրկնում եմ՝ կարելի է իրականացնել նաեւ ժամանակակից պարարվեստում:
– Մեզ հետ զրույցում բալետարվեստի անվանի խորեոգրաֆները փաստել են, որ ժամանակակից պարը հիմնված է եւ դասական բալետի, եւ մոդեռն պարերի վրա, չնայած, ասենք՝ պոստմոդեռն պարը ուղիղ եւ հակառակ պատասխանն է մոդեռն պարի: Նշել են, որ ժամանակակից պարը ուղղություն է, որը զարգացել է 20-րդ դարի կեսերին, այնուհետեւ դարձել գերիշխող ժանր պրոֆեսիոնալ պարողների համար: Թեեւ այս ժանրն իր մեջ ներառում է բալետը, մոդեռն ու ջազային ոճերը, ժամանակի ընթացքում այն ձեռք է բերել տարրեր այլ թատերական պարային ուղղություններից եւս: Ասել են, որ ժամանակակից պարի դեպքում կարեւոր է, բալետարվեստից առավել՝ ոտքերի հստակ աշխատանքը, մոդեռն պարերից առավել՝ մեջքի ձգվածությունը եւ այլն…
– Կան ժամանակակից պարեր, որոնց նախահայրը բալետարվեստն է, բայց, օրինակ, լեհական Պոլոնեզը բալետային եւ պարահանդեսային պարերի նախահայրերից է: Ի դեպ, հենց Պոլոնեզից է ծնունդ առել son զուգապարը, որը նույնպես ժամանակակից salsa զուգապարի նախահայրերից մեկն է: Salsa-ն էլ իր հերթին բրեյք-դանսի եւ հիփ-հոփի նախահայրերից է…
– Ի դեպ, 2024թ. բրեյք-դանսը ընդգրկված է օլիմպիական խաղերի ցանկում: Դուք եւ ձեր գործընկերները ի՞նչ եք մտածում այդ մասին:
– Այդ հարցը դեռ քննարկում ենք եւ պետք է նկատել, որ վերջին խոսքը օլիմպիական կոմիտեինն է, օրինակ՝ հենց թեկուզ ինչպես պետք է ընտրվի խաղերի մասնակիցը եւ այլն:
– Որպես միջազգային կարգի մրցավար, ունե՞նք աշխարհին ներկայանալի անհատներ կամ կոլեկտիվներ:
– Միանշանակ՝ այո: Հիշեցնեմ, որ 2000-ականներից մեզ մոտ անցկացվել են բազմաթիվ սպորտային եւ ժամանակակից պարաոճերի մրցաշարեր ու փառատոներ: Մենք էլ մասնակցել ենք արտասահմանյան նման միջոցառումների եւ փայլել… Պատրաստվում էինք ապրիլի 12-ին Վրաստանում կայանալիք ժամանակակից պարերի միջազգային օլիմպիադային, բայց հասկանալի պատճառով այն չի կայանալու…
– Չե՞ք կարծում, որ Հայաստանում սնկի պես աճել են ժամանակակից պարերի ստուդիաները: Ի վերջո, սա այն դեպքը չէ, որ քանակն է բերում որակ: Հավանաբար ձեր դաշտն էլ պետք է ինչ-որ ձեւով կանոնակարգվի, մանավանդ որ հաճախակի են դարձել ծնողների բողոքները ուսուցման որակից:
– Իրավացի եք, չկա որեւէ կառույց, որն այսօր կանոնակարգի պարարվեստի ոլորտը: Ասվածիս առիթով մի պարզ օրինակ բերեմ. եթե ցանկություն կա զբաղվել որեւէ գործունեությամբ, օրինակ՝ ստոմատոլոգիայով, պետք է նախ ունենալ համապատասխան կրթություն եւ իհարկե՝ թույլտվություն: Իսկ մեր դեպքում էական չէ՝ ունես, թե չունես կրթություն, նույնիսկ թույլտվություն, հանգիստ կարող ես բացել պարային ստուդիա, դասավանդել ու վճարել հարկեր: Մինչդեռ տեսնում ենք պարուսույցներ, խոսքս ոչ մասնագետների մասին է, որոնց շնորհիվ երեխաները ձեռք են բերում անդառնալի ֆիզիկական, հոգեբանական եւ այլ խնդիրներ:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
«Առավոտ» օրաթերթ
26.03.2020